Լրատու․ ամառային թողարկում, 2024
Հայաստան է այցելել Միխայիլ Զիբերթը՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրենը
Հունիսի 4-5, 2024
2024 թվականի հունիսի 4-ին և 5-ին Հայաստան էր այցելել Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը: Այցի ընթացքում պարոն Զիբերթին ընդունեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նա նաև ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ մեկնարկեց ԵՄ-ՀՀ Նոր գործընկերության օրակարգի շուրջ բանակցությունները։ Պարոն Զիբերթը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և այցելել է Հայաստանում ԵՄ առաքելության կենտրոնակայան, որը գտնվում է Եղեգնաձորում։
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունների ամրապնդման գործընթացի հետագա քայլերը, տարածաշրջանային իրավիճակը, խաղաղության և կարգավորման գործընթացը և ԵՄ աջակցությունը Հայաստանի կայունությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարական բարեփոխումներին։
Մեկնարկել է «Վերականգնում, դիմակայունություն, զարգացում Սյունիքի համար» ծրագիրը
Հունիսի 6, 2024
Հունիսի 6-ին մեկնարկել է «Վերականգնում, դիմակայունություն, զարգացում Սյունիքի համար» ծրագիրը։
R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին (ՄՓՄՁ) բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգման համար։ Իրականացման 5 տարիների ընթացքում և 11 միլիոն եվրո բյուջեով մենք կենտրոնանալու ենք հետևյալի վրա՝ ՄՓՄՁ աջակցություն, փոքր ենթակառուցվածքներ, Թիմ Եվրոպա նախաձեռնություն։
«Սա ԵՄ-Հայաստան ամուր և հուսալի համագործակցության վկայությունն է։ Միասնական ուժերով հնարավոր է զորեղացնել տեղական ձեռնարկատիրությունները, նպաստել կայուն զարգացմանը և խթանել ներառականությունը։ Միասին հնարավոր է դիմակայուն ու կենսունակ ապագա կառուցել Սյունիքի համար»,- նշել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։
Թիմ Եվրոպա նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը՝ համակարգված գործողություններ ձեռնարկելով Հայաստանի և Եվրոպական միության առաջատար նախաձեռնության զարգացման առաջնահերթությունների համաձայն, որոնք կենտրոնացած են տվյալ տարածքի վրա: Նախաձեռնությունը ճկուն մեխանիզմ է, որը հնարավոր է հետագայում ընդլայնել, և բաց է անդամ պետությունների համար՝ նոր նախաձեռնություններով միանալու և Սյունիքի մարզի զարգացմանը նպաստելու նպատակով:
Երկխոսություն, որը նշանակալից իրադարձություն է․ կայացել է Արևելյան Գործընկերության 2024 համայնքային երկխոսությունը
Հունիսի 6-7, 2024
Հունիսի 6-ին և 7-ին կայացած Արևելյան Գործընկերության 2024 համայնքային երկխոսությունն իրականացվում է «Բաց կառավարման գործընկերության» կողմից և համատեղ կազմակերպված է ՀՀ Վարչապետի գրասենյակի և «Counterpart International»/ԱՄՆ ՄԶԳ-ի հետ։ Այս բացառիկ քառակողմ ֆորումը (Հայաստան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) միավորում է ազգային ու տեղական իշխանություններին և քաղաքացիական հասարակությանը՝ որպես «ԵՄ-ն հանուն բարեվարքության» ծրագրի մաս։
Այս առիթով ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է․ «Այս երկխոսությունը կարևոր իրադարձություն է, քանի որ այն առաջին առանձին միջոցառումն է, որը նվիրված է Արևելյան գործընկերության բաց կառավարման համայնքում գաղափարների շուկայի զարգացմանը, որը հնարավոր է դարձել «ԵՄ-ն հանուն բարեվարքության» ծրագրի հաստատակամ աջակցության շնորհիվ: Այս ֆորումը մեզ աննախադեպ հնարավորություն է ընձեռում փոխանակելու լավ փորձը, քննարկելու մեր մարտահրավերները և, ամենակարևորը, ոգեշնչելու միմյանց՝ հնարավորինս ընդարձակելու սահմանները բաց կառավարման մեջ։ Այս ամենն անհրաժեշտ է՝ միմյանց աջակցելու, միմյանցից սովորելու և միասին ավելի ուժեղ ու ավելի ընդգրկուն ապագա կառուցելու համար: Միասին մենք կարող ենք կառուցել ապագա, որտեղ բաց կառավարումը ոչ միայն ձգտում է, այլև իրականություն մեր բոլոր քաղաքացիների համար»:
«ԵՄ-ն հանուն բարեվարքության» ծրագրի մասին ավելին իմանալու համար այցելե՛ք կայքէջ։
Հայաստանը խնդրել է ակտիվացնել ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը
Հունիսի 6, 2024
Հայաստանը խնդրել է ակտիվացնել ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը՝ երկրի հյուսիսային շրջաններում հեղեղումների պատճառով առաջացած խոշոր վնասների հաղթահարման նպատակով։ ԵՄ-ն և գաղափարակից գործընկերները փնտրել են տարբերակներ՝ օգնելու Հայաստանին հաղթահարել այս աղետի հետևանքով առաջացած դժվարությունները։ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության մարմինն ու Շվեյցարիան առաջինն են մեկնել աղետի վայր՝ օգնություն ցուցաբերելու համար։
Միջոցներ են հատկացվել` արձագանքելու Լոռու և Տավուշի մարզերում հեղեղների հետևանքով տուժած բնակչության հրատապ կարիքներին
Հունիսի 12, 2024
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում միջոցներ են հատկացվել՝ արձագանքելու Լոռու և Տավուշի մարզերում հեղեղների հետևանքով տուժած բնակչության հրատապ կարիքներին։ Անասնակերի և սերմացուի ձեռք բերման, ինչպես նաև գյուղատնտեսական և կենցաղային տեխնիկայի տրամադրման տեսքով աջակցությունը հասանելի կդարձվի «Տաշիր պլյուս», «Լոռվա ձոր», «ԳանՁոր» և «Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) կողմից վեր հանված կարիքների հիման վրա։
ՏԱԽ-երը Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում տեղայնացված՝ տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համախմբող, ներառական, կայուն զարգացմանը և գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ԵՄ ԼԻԴԵՐ մեթոդաբանության հիմնական դերակատարներն են։
ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել` օգնելու ՀՀ կառավարությանը
Հունիսի 18, 2024
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել՝ օգնելու ՀՀ կառավարությանը գնահատելու Լոռիում և Տավուշում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասները։
Փորձագետների թիմը հանդիպել է տեղական իշխանությունների հետ՝ ավելի լավ հասկանալու կառավարության կարիքներն ու առաջնահերթությունները։ Տաշիրում և Ալավերդիում վնասված կառույցների գնահատման աշխատանքներն արդեն սկսվել են։ Թիմը կենտրոնացել է ենթակառուցվածքի վրա (փոքր կամուրջներ), որոնք հնարավորություն են տալիս մուտք գործել գյուղատնտեսական հողեր, բայց նաև ուսումնասիրել է տները:
ԵՄ–Հայաստան. Գործընկերության կոմիտեի 5-րդ հանդիպում
Հունիսի 11-12, 2024
Երևանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ԵՄ-Հայաստան Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը՝ քննարկելու ՀԸԳՀ իրականացումը և ԵՄ-Հայաստան երկկողմ համագործակցությունը։
ԵՄ-ն և Հայաստանն ընդգծել են գործընկերության զարգացման դինամիկ ընթացքը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀԸԳՀ-ի իրականացման և սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը և բացահայտել ամբողջ ներուժը: ԵՄ-ն ողջունել է համընդհանուր արժեքներին համահունչ Հայաստանի ձեռքբերումները և բարեփոխումների իրականացման շարունակական հանձնառությունը:
Կողմերն անդրադարձել են ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգի շուրջ ընթացող բանակցություններին՝ համագործակցության բոլոր ոլորտներում սահմանելով հավակնոտ նպատակներ, որոնց ֆինանսական հենքը կապահովվի «Դիմակայունություն և աճ» ծրագրի միջոցներով՝ 2024-2027 թթ. համար նախատեսվող 270 մլն եվրո գումարի չափով։ Ծրագիրը նախատեսում է տրամադրել աջակցություն ռազմավարական նշանակության ներդրումներին, մասնավորապես՝ տրանսպորտային, թվային և էներգետիկ փոխկապակցվածության ենթակառուցվածնքերին՝ ներդրումներ ապահովելով գործարար ոլորտի զարգացմանը, աշխատատեղերի քանակի ավելացման ու տնտեսական աճի համար: Կողմերը ողջունել են Տնտեսական և ներդրումային պլանի իրականացման դրական ընթացքը, որի շրջանակում արդեն հավաքագրվել են 600 մլն եվրո ծավալի ներդրումային միջոցներ։
Գործընկերության կոմիտեն վերանայել է օրենքի գերակայության, արդարադատության ոլորտի բարեփոխումների, իրավապահ համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում զարգացումները: ԵՄ-ն բարձր է գնահատել ձեռք բերված առաջընթացը, ներառյալ «Եվրոջասթ» գործակալության հետ համագործակցության մասին միջազգային համաձայնագրի ստորագրումը և միգրացիայի ոլորտում կառավարման կարողությունների ամրապնդումը՝ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հնարավոր մեկնարկի նախապատրաստման նպատակով:
Կարդացե՛ք ավելին՝ https://europa.eu/!qM7jrR
ԵՄ-ն աջակցում է Հայաստանին Խաղաղության Եվրոպական գործիքակազմի միջոցով և մեկնարկում վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը
Հուլիսի 23, 2024
ԵՄ-ն 2 կարևոր որոշում է կայացրել՝ հաստատելով Խաղաղության Եվրոպական գործիքակազմի միջոցով առաջին աջակցությունը՝ ԵՄ-ն կօգնի ամրապնդել ՀՀ զինված ուժերում լոգիստիկ կարողությունները՝ քաղաքացիական բնակչությանը ճգնաժամային իրավիճակներում պաշտպանելու համար։
Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկելով՝ Եվրոպական միությունը և Հայաստանը կաշխատեն միասին՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի ապագայում ՀՀ քաղաքացիները կարողանան ԵՄ երկրներ ճամփորդել առանց մուտքի արտոնագրի պահանջի՝ մինչև 90 օր կեցության համար։
ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներրի գործընթացին՝ օգնելով Հայաստանին և Հարավային Կովկասին լինել ավելի խաղաղ, կայուն և բարգավաճ։
Առաջին անգամ Խաղաղության եվրապական գործիքակազմի միջոցով աջակցելով և վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հաստատմամբ, մենք շարունակում ենք հզորացնել մեր գործընկերությունը՝ հանուն ավելի խաղաղ և բարգավաճ Հայաստանի։
Իմացե՛ք ավելին՝ bit.ly/4e0FUiv
ԵՄ-ն տարիներ շարունակ աջակցում է Հայաստանին արդարադատության բարեփոխումների ճանապարհին
Հունիսի 14, 2024
«Դատական գործունեություն և վիճակագրության համակարգերի գնահատում» թեմայով բարձր մակարդակի «պետություն-մասնավոր» երկխոսության համաժողով է տեղի ունեցել «Բազմակողմանի #ԲԿԳ գործողություն. բաց արդարադատություն և հակակոռուպցիոն պարտավորություններ» ծրագրի շրջանակում։ ԵՄ-ն տարիներ շարունակ աջակցում է Հայաստանին արդարադատության բարեփոխումների ճանապարհին՝ ՀԸԳՀ և ԵՄ լավագույն փորձի հիման վրա։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն անդրադառնալով համաժողովին ընդգծել է, որ վիճակագրության և վիճակագրական վերլուծության կիրառումը չափազանց կարևոր է արդարադատության և հակակոռուպցիոն համակարգերի արդյունավետության համար՝ ՀԸԳՀ և ԲԿԳ-ի հետ համատեղ։
Տեղի ունեցավ ևս մեկ մանկապարտեզի բացման արարողություն՝ Երևանի Գրիբոյեդով 2/2 հասցեում
Հունիսի 3, 2024
Արևելյան Եվրոպայի Էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի (E5P) ծրագրի միջոցով ԵՄ-ն և մյուս դոնորները Հայաստանին և այլ պետություններին ապահովում են միջոցներով, որպեսզի դրանք կարողանան բարելավել շրջակա միջավայրը և նվազեցնել էներգիայի սպառումը՝ այդպիսով կրճատելով ածխաթթու գազի արտանետումները։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, դիմելով N22 մանկապարտեզի սաներին, ովքեր օգտվելու են վերանորոգումից, նշել է․ «Հուսով ենք, որ սիրում եք ձեր պարտեզը և շատ եք խաղում այստեղ։ Հիշե՛ք օգնել մեզ՝ միասին պահպանելու մոլորակը՝ սենյակից դուրս գալիս անջատելով լույսերը և փակ պահելով դռները, երբ ջեռուցումը միացված է, որպեսզի տաքությունը մնա ներսում»։
«Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունը» (E5P) 243 միլիոն եվրո գումարի չափով բազմադոնոր հիմնադրամ է, աշխատում է տարատեսակ գործակալությունների հետ, նախաձեռնել են 2009 թ.-ին Եվրամիությունում Շվեդիայի նախագահության ընթացքում`Արևելյան գործընկերության տարածաշրջանում էներգաարդյունավետ և բնապահպանական ծրագրերում մունիցիպալ ներդրումների խրախուսման նպատակով:
ԵՄ-ն աջակցում է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի» բացմանը
Հունիսի 3, 2024
ԵՄ-ն հպարտ է աջակցել «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի» բացմանը, որը «պետություն-մասնավոր գործընկերության» արդյունք է (ներառյալ` ՀՀ Կառավարությունը, Համաշխարհային բանկը, ՀՀ Գիտությունների ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Թուլուզի համակարգչային գիտությունների հետազոտությունների ինստիտուտը, Պաուլ Սեբատիերի համալսարանը, Atos ֆրանսիական կազմակերպությունը և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը) ` «Հետազոտական և կրթական համայնքների միացում» ծրագրի կողմից հզոր աջակցությամբ։
Ազգային մակարդակով մեկնարկել է 2024 թ․–ի Էրազմուս+ ծրագիրը
Հունիսի 20, 2024
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել է Էրազմուս+ ծրագրի 2024 թ․-ի ազգային մակարդակով մեկնարկին։ Նա ընդգծել է կրթական և երիտասարդական ծրագրերով փոխանակումների/շարժունության կարևորությունը՝ նշելով, որ սկսած 2022 թ․-ից շուրջ 30 հայկական համալսարաններ և հետազոտական ինստիտուտներ ԵՄ համալսարանների հետ մոտ 616 համագործակցության ծրագրեր են իրականացրել։ Էրազմուս+ ծրագրի 2024 թ․-ի ազգային մակարդակով մեկնարկի մասնակիցներին դեսպանը մաղթել է արդյունավետ քննարկումներ և խրախուսել բուհերին և մասնագիտական կրթական հաստատություններին լայնորեն կիրառել Էրազմուս+ ծրագրի ներուժը։
Մարդու իրավունքների պաշտպանությունը ԵՄ-Հայաստան հարաբերությունների առանցքում է
Հուլիսի 18, 2024
Հուլիսի 18-ին ԵՄ ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը և ինստիտուցիոնալ մեխանիզմների խթանմանն ուղղված եռամյա ծրագիր։ Այն իրականացնելու են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը։
Առաջիկա երեք տարիների ընթացքում միասին աշխատելու ենք և նախորդ տարիներին գրանցած տպավորիչ արդյունքների հիմքի վրա շարունակելու ենք զորեղացնել հաշվետու ինստիտուտները և ստեղծել հնարավորություններ քաղաքացիների համար։
Իմացե՛ք ավելին՝ https://bit.ly/4eJavkS
Քննարկում հանրային տրանսպորտի և Երևանի մետրոյի վերականգնման վերաբերյալ
Հուլիսի 19, 2024
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը արդյունավետ հանդիպում է ունեցել Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանի հետ՝ քննարկելու Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի առաջընթացն ու արդյունքները։
Ծրագրի նպատակն է արդիականացնել մետրոպոլիտենը և բարելավել երևանցիների կյանքի որակը՝ խրախուսելով հասարակական տրանսպորտի ավելի լայն օգտագործումը և նվազեցնելով մեքենաների արտանետումների ծավալը: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ հարևանության ներդրումային հարթակի կողմից։
Նախագիծը կապահովի Երևանի մետրոպոլիտենի համակարգի հիմնանորոգում։ Այն կբարելավի հանրային առողջությանը և անվտանգությանը վերաբերող խնդիրները, որոնք նույնականցվել են I փուլի տեխնիկական աուդիտի ժամանակ, ներառյալ ջրի ներթափանցումը մետրոյի թունելներ, հակահրդեհային սարքավորումներ և աշխատանքի անվտանգություն (վագոնների լվացման սարքավորումներ և մեքենավարների վարժասարք)։
Ծրագիրը կբարելավի Երևանի բնակիչների առօրյա կյանքը՝ ավելի լավ ենթակառուցվածքների ապահովման միջոցով,սովորական մարդկանց բարեկեցության վրա անմիջական ազդեցությամբ: Այն նաև կհամապատասխանի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Բնապահպանական և սոցիալական քաղաքականության պահանջներին և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) Բնապահպանական և սոցիալական սկզբունքներին և ստանդարտներին։ Մասնավորապես, կնվազեցնի հրդեհային ռիսկի ներկա մակարդակը և լրացուցիչ անվտանգությունը, որը կբարելավի մետրոյի աշխատակիցների և ուղևորների պաշտպանությունը երկրորդ փուլի շրջանակներում ֆինանսավորվելիք միջոցառումների շնորհիվ։
Ուղիղ վարկային պայմանագրեր հայկական առևտրային բանկերի՝ Ակբա բանկի և Էվոկաբանկի հետ
Օգոստոսի 1, 2024
Եվրոպական ներդրումային բանկի համաշխարհային ստորաբաժանումը՝ EIB Global-ը, առաջին անգամ միավորեց ուժերը հայկական առևտրային բանկերի հետ։
EIB Global-ը տրամադրել է 55 միլիոն եվրո Ակբա բանկին և 12 միլիոն եվրո Էվոկաբանկին՝ Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև միջին կապիտալի ընկերությունների ֆինանսավորումը ընդլայնելու համար։ ԵՄ վարկը հնարավորություն կտա այս բանկերին ավելացնել բիզնեսների ֆինանսավորումը ամբողջ Հայաստանում, որպեսզի նրանք կարողանան ընդլայնել գործունեությունը, ստեղծել աշխատատեղեր և օգտագործել նոր շուկայի հնարավորությունները։
«Մենք հաստատակամ ենք վստահեցնելու բանկերին, որ վարկի պայմանները, ԵՄ դրամաշնորհով ամրապնդված տեղական արժույթի արժևորմամբ, կլինեն շատ գրավիչ: ՀՆՀ դրամաշնորհի վերջնականացման հետ մեկտեղ, այս նախաձեռնությունը կլրացնի ԵՆԲ-ի սեփական ռիսկային գործողությունները՝ բարձրացնելով ֆինանսական մատչելիությունը և աջակցությունը տեղական բիզնեսներին», – ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերը։