Skip to main content

«ԿԱՆԱՅՔ ԳԻՏԵՆ ԻՆՉՊԵՍ» ԱՐՇԱՎ

«ԿԱՆԱՅՔ ԳԻՏԵՆ ԻՆՉՊԵՍ» արշավի նպատակն է ներկայացնել կանանց հզորացմանն ուղղված Եվրոպական միության ծրագրերից մեկը։ Տեսանյութերում ներառված կանայք կիսվում են բիզնեսի զարգացման սեփական փորձով և պատմում իրենց բիզնեսի ստեղծման պատմությունը։

ԵՄ աջակցությամբ իրականացվող «Գործարար կանայք» ծրագիրը օգնում է զարգացնել կանանց ղեկավարած փոքր և միջին ձեռնարկությունները՝ նպաստելով Հայաստանում կանանց զորեղացմանն ու տնտեսության աճին: Ծրագիրը նաև առաջարկում է ուսուցում, խորհրդատվություն և այլ աջակցություն, որը հնարավորություն է տալիս կին ձեռներեցներին կիսվել փորձառությամբ և սովորել միմյանցից:  

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում գործարար կանանց՝ խթանելով գենդերային ներառական քաղաքականությունը, տրամադրելով ֆինանսական աջակցություն և վերապատրաստման ծրագրեր՝ հզորացնելով կին ձեռներեցներին և ընդլայնելով նրանց մասնակցությունը տնտեսական զարգացման գործում։

«Գործարար կանայք» ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից։


«Գործարար կանայք» ծրագրի կանայք կիսվում են բիզնեսի զարգացման սեփական խորհուրդներով


«Գործարար կանայք» ծրագրի կանանց հաջողության պատմությունները

Լիլիթ Ղարիբյանը «ԷԿՈ ֆերմա» ՍՊԸ տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է ջայլամաբուծությամբ, ջայլամի մսամթերքի արտադրությամբ, էկո տուրիզմով և ջայլամի յուղի հիմքով պատրաստված բնական կոսմետիկ խնամքի միջոցների արտադրությամբ։ 
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործարար կանայք» ծրագրի շնորհիվ կոսմետիկ խնամքի միջոցները վերաբրենդավորվել են՝ համապատասխան միջազգային ստանդարներին ու պահանջներին, իսկ Լիլիթը նոր հմտություններ է ձեռք բերել բիզնեսի կառավարման ոլորտում, ինչը դրական ազդեցություն է ունեցել ընտանեկան բիզնեսի վրա։ 


Մանե Գալստյանը «KidsHouse» մանկապարտեզի հիմնադիր-տնօրենն է։ Մանկապարտեզը գործում է Երևանում արդեն 9 տարի և ունի մի քանի մասնաճյուղ։ Նվիրված լինելով երեխաների հետ աշխատանքին՝ Մանեն կրթարանի զարգացման և մարքեթինգի գործում աջակցության կարիք է ունեցել։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործարար կանայք» ծրագրի շնորհիվ ստեղծվել է մանկապարտեզի նոր բրենդավորման փաթեթը, թարմացվել է կայքը, ուսումասիրվել և կազմվել է հետագա գործողությունների փաթեթը։


Ռիտա Մարտիրոսյանը «Ռիթի» ընկերության տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է թեյերի ու չրերի արտադրությամբ։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործարար կանայք» ծրագրի շնորհիվ ընկերությունն այսօր ստացել է հատուկ սերտիֆիկացում, որի շնորհիվ կարող է ներկայացվել եվրոպական շուկայում։


Լուսինե Հակոբյանը «Wow Effect» ՍՊԸ տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է տրանսֆորմեր կահույքի արտադրմամբ։ Աշխատանքի ընդլայնմանը զուգահեռ ընկերությունը ադմինիստրատիվ աշխատանքի կառավարման խնդիր է ունեցել։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործարար կանայք» ծրագրի շնորհիվ «Wow Effect»-ը ստացել է կազմակերպչական աշխատանքները կառավարող ավտոմատ ծրագիր։ Ավտոմատացման շնորհիվ այսօր ընկերությունը կարողանում է ավելի շատ ժամանակ տրամադրել ստեղծագործական և ընկերության զարգացման աշխատանքին։