Skip to main content

Ավելի մոտ, քան՝ երբևէ․ Եվրոպայի օր 2026 տոնակատարությունները Հայաստանում


Եվրոպական միությունն ու Հայաստանն այժմ ավելի մոտ են, քան՝ երբևէ։ Հենց այս գաղափարի շուրջ համախմբվելով էլ այս տարի՝ մայիսի 7-ից Հայաստանում մեկնարկեցին Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունները։

Միջոցառումները սկսվեցին Եվրոպական միության և Հայաստանի միջև մշակութային երկխոսությամբ։ Կոմիտասի թանգարան–ինստիտուտում կայացած միջոցառման նպատակն էր ցույց տալ, որ մշակութային երկխոսությունը պարզապես ավանդույթների փոխանակում չէ, այն նշանավորում է մեր ընդհանուր արժեքները՝ ազատությունը, ժողովրդավարությունը, ներառականությունը, բազմազանությունը և նորարարությունը։

Եվրոպայի օրը նշանավորող ամենամասշտաբային միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 10-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։

Տոնակատարության մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։  

Այս տարի միջոցառմանը մասնակցել են ԵՄ անդամ երկրների 16 դեսպանություններ և ԵՄ ֆինանսավորում ստացած 39 ծրագրերի թիմեր։ Տեղեկատվական ցուցահանդեսն ու համերգային յուրօրինակ ծրագիրն Ազատության հրապարակ էին բերել շուրջ 6000 այցելուի։

Մայիսի 14-ին Տավուշի մարզում Եվրոպայի օրը նշանավորվեց Հայկական տեքստիլի թանգարան կատարած այցով և Երիտասարդական համաժողովի կայացմամբ։

Նույն օրն, Ալավերդիում տեղի ունեցավ համերգային ծրագիր, ելույթ ունեցան Հայաստանի հունական համայնքների միության «Կալլիոպե» հունական երգչախումբը և Լազուր ժողովրդական գործիքների համույթը` ներկաների համար ստեղծելով յուրօրինակ մշակութային երեկո։

Մայիսի 16–ին Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ մեծ համերգ, որին մասնակցում էին տարբեր տարիների Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրած արտիստները՝ PARG–ը, Սրբուկը և Արամ MP3-ն։

Արվեստը մարդկանց միավորող և մշակութային նմանություններն ընդգծող կարևոր ու հզոր գործոն է։ Մայիսի 21–27-ը Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում Երևանում անցկացվեց Եվրոպական ֆիլմերի փառատոնը։ Նույն օրերին փառատոնի համար ընտրված տարբեր ֆիլմեր ցուցադրվեցին նաև մարզերում։

Ընդհանուր առմամբ, ողջ մայիսը լի էր Եվրոպայի օրվան նվիրված բազմաբովանդակ միջոցառումներով, հանդիպումներով ու քննարկումներով, որոնք ՀՀ տարբեր համայքներին  ևս մեկ անգամ միավորեցին համընդհանուր գաղափարների շուրջ։

1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է, որը նպաստում է Եվրոպայի հասանելիությանը ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար: