Skip to main content

Բաց մի թողեք. 20 անվճար հնարավորություն Հայաստանի երիտասարդների համար

Ուսանողների համար

ԷՐԱԶՄՈՒՍ+

ԵՄ-ն ուսման լայն հնարավորություններ է առաջարկում «ԷՐԱԶՄՈՒՍ+» ծրագրի միջոցով, այդ թվում՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի ուսանողների փոխանակումներ եվրոպական համալսարաններում։ Փոխանակումները կազմում են ձեր օգտված ծրագրի մաս են կազմում և կարող են տևել մեկ կիսամյակից մինչև մեկ տարի: Ձեր կրած ծախսերը ևս ծածկվում են: Դուք կարող եք նաև դիմել «ԷՐԱԶՄՈՒՍ+» կրթաթոշակի՝ եվրոպական լավագույն համալսարաններում մագիստրոսի կոչում ստանալու համար:

Փոխանակումների համար այցելեք ձեր համալսարանի միջազգային հարաբերությունների բաժին. այնտեղ ձեզ կպատմեն, թե ձեր առարկայի հետ կապված ինչ հնարավորություններ կան և կօգնեն դիմել:

Մագիստրատուրայի համար անհրաժեշտ է ծանոթանալ «ԷՐԱԶՄՈՒՍ ՄՈՒՆԴՈՒՍ» համատեղ մագիստրոսական ծրագրերի կատալոգին, որտեղ թվարկված են գալիք ուսումնական տարում «ԷՐԱԶՄՈՒՍ» կրթաթոշակներ առաջարկող դասընթացները (ներկայումս նշված է 206 դասընթաց), այնուհետև կապ հաստատեք համալսարանի հետ՝ դասընթացի և կրթաթոշակի համար դիմելու նպատակով։

Հայաստանում «ԷՐԱԶՄՈՒՍ+» ծրագրի ազգային գրասենյակը պատրաստ է օգնել ձեզ ցանկացած տեղեկատվության հարցում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել նրանց վեբկայք, հետևել նրանց ֆեյսբուքյան էջին, գրել նրանց info@erasmusplus.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 91 216258 հեռախոսահամարով։

Եվրոպայի քոլեջի կրթաթոշակներ

Եվրոպայի քոլեջը մեծ թվով հետբուհական կրթության կրթաթոշակներ է առաջարկում Հայաստանի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության այլ երկրների բուհերի շրջանավարտներին: Արեւելյան գործընկերության երկրների ուսանողների համար էլ հասանելի են կրթաթոշակներ, որոնք ֆինանսավորվում են «EU4Youth» ծրագրի կողմից: 2025-2026 ուսումնական տարվա համար հայտերի ընդունումը կմեկնարկի 2024 թվականի հոկտեմբերին: Դիմելու գործընթացի հետ կապված բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ coleuropenatolin.eu վեբկայքում։

Երիտասարդ եվրոպական դեսպաններ

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների ու Միացյալ Թագավորության երիտասարդներին եւ բարեկամության կամուրջներ է կառուցում նրանց միջեւ։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արեւելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ներկայացնել այդ համագործակցության շոշափելի արդյունքները եւ նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը։ Ներկայումս ակտիվ գործունեություն ծավալող դեսպանների թիվը 1,140 է, որոնք ներկայացնում են ավելի քան 30 տարբեր ազգություն։ Նրանցից 142-ը ներկայացնում են Հայաստանը (սեղմեք այստեղ՝ նրանց ծանոթանալու համար):

Ցանցը բաց է 16-ից 26 տարեկան երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են հանրային դիվանագիտությամբ եւ իրազեկման աշխատանքներով: Ընդունելությունը կատարվում է ամեն տարի, սովորաբար՝ աշնանը:


Քաղաքացիական ակտիվիստների, երիտասարդ առաջնորդների և կամավորների համար

«ԷՐԱԶՄՈՒՍ+» երիտասարդական փոխանակումներ

«ԷՐԱԶՄՈՒՍ+»-ը միայն ուսանողների համար չէ: Վերջին տարիներին Հայաստանից հազարավոր երիտասարդներ և երիտասարդական աշխատողներ են մասնակցել «ԷՐԱԶՄՈՒՍ+»-ի համատեղ երիտասարդական նախագծերին (փոխանակումներ, դասընթացներ, քաղաքականության շուրջ բանավեճեր, կամավորություն): «ԷՐԱԶՄՈՒՍ+» երիտասարդական փոխանակումները բաց են 13-ից 30 տարեկան բոլոր ցանկացողների համար և տևում են 5-ից 21 օր: Այս փոխանակումները տեղի են ունենում երիտասարդական կազմակերպությունների միջոցով, իսկ դրանց ուղղակիորեն որպես անհատ դիմելն անհնար է: Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք Հայաստանում «ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն» ծրագրի տեղեկատվական կենտրոնի հետ՝ այցելելով նրանց վեբկայք կամ ֆեյսբուքյան էջ, զանգահարելով +374 94 525254 հեռախոսահամարով, կամ գրելով info.armenia@salto-youth.net էլ. փոստի հասցեին։

 Եվրոպական կամավորական կորպուս

Արտերկրում փորձ ձեռք բերելու եղանակներից մեկը Եվրոպական համերաշխության կորպուսի միջոցով կամավորական աշխատանքն է: Սա տարբեր մշակույթներ ճանաչելու և նոր ընկերներ ձեռք բերելու յուրօրինակ միջոց է, որը միաժամանակ հնարավորություն է տալիս օգնել ուրիշներին և ձեռք բերել նոր հմտություններ: Դուք պետք է լինեք 17-ից 30 տարեկան և պատրաստ լինեք արտերկրում անցկացնել երկու շաբաթից մինչև 12 ամիս: Կամավորական ծրագրերը կարող են իրականացվել Եվրամիության կամ նրա գործընկեր երկրներից ցանկացածում, ինչպես նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, երիտասարդությունը, սպորտը, երեխաները, մշակութային ժառանգությունը, արվեստը, կենդանիների պաշտպանությունը կամ շրջակա միջավայրը: Դիմելու ընթացակարգին և կամավորության հարյուրավոր հնարավորություններին ծանոթացե՛ք Եվրոպական համերաշխության կորպուսի պորտալում:

Քաղաքացիական հասարակության կրթաթոշակներ

ԵՄ-ը Հայաստանի և Արևելյան գործընկերության մյուս երկրների քաղաքացիական հասարակության երիտասարդ առաջնորդներին ու ակտիվիստներին աջակցում է «ԱլԳ քաղաքացիական հասարակության կրթաթոշակներ» ծրագրի միջոցով: Ամեն տարի ծրագիրն օգնում է քաղաքացիական հասարակության 20 ակտիվիստների՝ իրենց համայնքներում դրական սոցիալական փոփոխությունների հասնելու ջանքերին՝ առաջարկելով հարմարեցված ուսուցում, 5000 եվրո դրամաշնորհներ և գործնական կապերի ընդլայնման հնարավորությունների հասանելիություն: 2017 թվականին ծրագրի մեկնարկից ի վեր ընտրված մասնակիցների և նրանց հետաքրքրության ոլորտների մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հայտերի ընդունումը, որը ներկայումս բաց է մինչև հոկտեմբերի 15-ը, սովորաբար տեղի է ունենում ամեն տարի աշնանը: Թարմացումներին հետևեք այստեղ:

ԱլԳ Քաղաքացիական հասարակության հիմնադրամի առցանց ուսուցման հարթակ

Եվրոպական միության ԱլԳ Քաղաքացիական հասարակության հիմնադրամն առաջարկում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար նախատեսված առցանց դասընթացներ եւ նյութեր, որոնք հարմարեցված են վերջիններիս կարիքներին եւ այն իրավիճակներին, որոնց նրանք բախվում են իրենց ամենօրյա աշխատանքում: Ծրագրի առցանց ուսուցման հարթակում դուք կգտնեք մի շարք առցանց դասընթացներ, վեբինարներ եւ տեսադասախոսություններ, որոնք ձեզ կտրամադրեն գործիքներ եւ հմտություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականության վերլուծությունը եւ մոնիտորինգը, նախագծերի կառավարումը, թվային կոմպետենցիաները եւ վեբ դիզայնը: Ծրագիրը նաեւ առաջարկում է մի շարք խառը դասընթացներ, որոնք առցանց տարրերը համատեղում են դեմ առ դեմ դասընթացների հետ՝ ավելի մեծ ազդեցություն ունենալու համար: Իմանալ ավելին։

EU4Youth-ի շրջանավարտների ցանց

«EU4Youth»-ի շրջանավարտների ցանցը միավորում է «ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի, EU4Youth-ի դրամաշնորհային նախագծերի, «Երիատասարդ եվրոպական դեսպաններ» ցանցի, ինչպես նաև Արևելյան գործընկերության երիտասարդներին ուղղված այլ տարածաշրջանային ծրագրերի երիտասարդ (18-30 տարեկան) շահառուներին: Ցանցը շրջանավարտներին հնարավորություն է ընձեռում կապ հաստատել Հայաստանի անապահով երիտասարդների հետ ու աջակցել նրանց իրենց համայնքներում ավելի ակտիվ դառնալու և ԵՄ շարժունակության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու հարցերում: Դիմումների ընդունումը տեղի է ունենում տարին մեկ անգամ, սովորաբար՝ աշնանը, յուրաքանչյուր երկրից ընտրվում է մինչև 15 շրջանավարտ՝ 10 ամսով ծրագրին մասնակցելու համար:

Երիտասարդները գործելիս

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանում» ծրագրի նպատակն է զորեղացնել երիտասարդներին եւ երիտասարդական ՀԿ-ներին՝ խրախուսելու նրանց ակտիվ մասնակցությունը քաղաքացիական եւ հասարակական կյանքում։ Ծրագիրն ուղղված է երիտասարդական ՔՀԿ-ներին, երիտասարդական նախաձեռնություններին, երիտասարդական ոլորտում աշխատողներին, ինչպես նաեւ երիտասարդ առաջնորդներին եւ մենթորներին, երիտասարդ քաղաքական գործիչներին, երիտասարդ ինֆլուենսերներին, վիդեոբլոգերներին, փոդքասթերներին, տեղական եւ ազգային մակարդակներում որոշում կայացնողներին: Ծանոթացեք ծրագրի գործունեությանը եւ վերջին հնարավորություններին դրա ֆեյսբուքյան էջում:


Դեռևս դպրոցում սովորողների համար

«ԷՐԱԶՄՈՒՍ+» երիտասարդական փոխանակումներ

«ԷՐԱԶՄՈՒՍ+»-ը միայն ուսանողների համար չէ: Ծրագիրը նաև առաջարկում է երիտասարդական փոխանակումներ, որոնք բաց են բոլոր 13-ից 30 տարեկանների համար: Գործողությունները կարող են ներառել սեմինարներ, վարժանքներ, բանավեճեր, դերախաղեր, բացօթյա գործողություններ և այլն: Այս փոխանակումները կազմակերպվում են երիտասարդական կազմակերպությունների միջոցով, իսկ դրանց ուղղակիորեն՝ որպես անհատ դիմելն անհնար է: Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք Հայաստանում «ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն» ծրագրի տեղեկատվական կենտրոնի հետ՝ այցելելով նրանց վեբկայք կամ ֆեյսբուքյան էջ, զանգահարելով +374 94 525254 հեռախոսահամարով, կամ գրելով info.armenia@salto-youth.net էլ. փոստի հասցեին։

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց

Թբիլիսիում գտնվող Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցն Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրների, այդ թվում՝ Հայաստանի աշակերտներին առաջարկում է երկամյա միջազգային բակալավրիատի ծրագիր՝ Եվրոպական միության կողմից վճարվող ամբողջական կրթաթոշակներով, ներառյալ վճարների, կեցության և արձակուրդներին տուն ճանապարհորդելու հետ կապված ծախսերը: Տեղերը սահմանափակ են՝ տարեկան ընդամենը 35-ը, ուստի դիմելու համար պետք է բավարարեք որոշակի պայմանների և անցնեք մրցութային գործընթացով: 2018 թվականին ծրագրի մեկնարկից ի վեր դպրոցում ուսանելու համար կրթաթոշակ է ստացել 145 աշակերտ, ովքեր այն ավարտել ու ստացել են ՄԲ դիպլոմ և շարունակել իրենց ուսումն աշխարհի լավագույն համալսարաններում: Ուսանողների հաջորդ խումբը կհավաքագրվի 2023-2025 թթ. ՄԲ ծրագրին միանալու նպատակով:

Երիտասարդ եվրոպական դեսպաններ

«Երիտասարդ եվրոպացի դեսպաններ» նախաձեռնությունը բաց է 16 տարեկանից բարձր երիտասարդների համար, այնպես որ, եթե դուք հետաքրքրված եք Եվրոպայով և նրա արժեքներով, ցանկանում եք ձեռք բերել նոր հմտություններ և ընկերներ, ապա կարող եք դիմել և միանալ այս ցանցին, որը համախմբում է ավելի քան 500 երիտասարդների Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և ԵՄ անդամ երկրներից ու Միացյալ Թագավորությունից: Նկատի ունեցեք, որ 16-17 տարեկան թեկնածուները կարող են մասնակցել նախաձեռնության առցանց գործունեությանը և իրենց երկրներում տեղական գործողություններին, բայց ոչ միջազգային ճանապարհորդություններին: Հայտերի ընդունումը տեղի է ունենում ամեն տարի, սովորաբար՝ աշնանը:


Պրակտիկայի հնարավորություններ և դասընթացներ

ԷՐԱԶՄՈՒՍ+ պրակտիկայի հնարավորություններ

«ԷՐԱԶՄՈՒՍ+»-ն աջակցում է բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի ուսանողների, ինչպես նաև նորաթուխ շրջանավարտների (ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում) աշխատանքի տեղավորմանը և պրակտիկային արտերկրում: Բայց ձեր պրակտիկան պետք է համապատասխանի ձեր կրթական աստիճանին և, հնարավորության դեպքում, ինտեգրված լինի ձեր ուսումնական ծրագրի հետ, ուստի եղած հնարավորությունները ստուգեք ձեր համալսարանի հետ: Պրակտիկան կարող է տևել 2 ամսից մինչև 12 ամիս, իսկ ձեր ծախսերը հոգալու համար հասանելի են «ԷՐԱԶՄՈՒՍ+» դրամաշնորհներ։

Արտերկրում պրակտիկան կամ ուսումը նաև հասանելի են, եթե դուք ներկայումս ընդգրկված եք մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում: Արտերկրում ձեզ կտեղավորեն կա՛մ աշխատավայրում, կա՛մ մեկ այլ ՄԿՈՒ հաստատությունում՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման ժամանակաշրջաններով՝ որպես ձեր ուսման մաս: Պարզելու համար, թե արդյոք այդ հնարավորությունները հասանելի են ձեզ, կապվեք ՄԿՈՒ հաստատության հետ։

«Blue Book» պրակտիկայի ծրագիր

Տարին երկու անգամ ԵՄ-ն առաջարկում է հնգամսյա վճարովի պրակտիկա Եվրոպական հանձնաժողովում, նրա ծառայություններում և գործակալություններում, որոնք հիմնականում տեղակայված են Բրյուսելում, բայց նաև՝ Լյուքսեմբուրգում և Եվրոպական միության այլ քաղաքներում: Այս հնարավորությունը գործում է հիմնականում ԵՄ քաղաքացիների համար, սակայն սահմանափակ թվով տեղեր են հատկացված նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին: Դուք կարող եք դիմել, եթե ցանկացած մասնագիտության շրջանավարտ եք, չունեք ԵՄ հաստատությունում, մարմնում, գործակալությունում կամ պատվիրակությունում աշխատելու ավելի քան վեց շաբաթվա աշխատանքային փորձ և վարժ տիրապետում եք անգլերենին, գերմաներենին կամ ֆրանսերենին: Իմացեք ավելին։

Շումանի անվան պրակտիկայի հնարավորություն Եվրոպական խորհրդարանում

Տարին երկու անգամ Եվրոպական խորհրդարանն իր քարտուղարության շրջանակում առաջարկում է պրակտիկայի տարբեր հնարավորություններ, այդ թվում՝ Եվրոպական միության անդամ չհանդիսացող երկրներից դիմորդների համար: Պրակտիկայի տևողությունը հինգ ամիս է, որին կարող է մասնակցել 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք, ով ունի համալսարանական կրթություն և դիպլոմ: Շումանի անվան պրակտիկայի նպատակն է նպաստել մասնակիցների եվրոպական կրթությանն ու մասնագիտական ուսուցմանը, ինչպես նաև պատկերացում փոխանցել Եվրոպական խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ: Դիմելու վերջնաժամկետներն են ամեն տարի մայիսի վերջին և հոկտեմբերին: Անցե՛ք այս հղումով՝ ավելին իմանալու համար:


Երիտասարդ մասնագետների համար

ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

Բուհերի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար նախատեսված հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց համարվող ԵՄ ԹՈՒՄՈ համալիրը կմիավորի գործընկերներին՝ հաղթահարելու Հայաստանի բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև անջրպետը՝ միմյանց կապելով ուսանողներին, հետազոտողներին ու մասնագետներին՝ միաժամանակ խթանելով նորարարությունը և ձեռներեցությունը։ Դուք արդեն կարող եք դիմել ԹՈՒՄՈ լաբորատորիաներ, որը 18 տարեկանից բարձր երիտասարդ մասնագետների և համալսարանականների համար անվճար կրթական ծրագիր է և աջակցում է նոր թվային դարաշրջանը ձևավորող տեխնոլոգիաներն ու թեմաներն ուսումնասիրող համագործակցային նախագծերին, ինչպես նաև ապագա ծրագրավողորղներ պատրաստող «42 Երևան» ծրագրավորման անվճար դպրոց:

EU4Business (ԵՄ-ը՝ բիզնեսի համար)

Եթե դուք հիմնում եք կամ ունեք փոքր բիզնես, «EU4Business» նախաձեռնությունը ձեզ առաջարկում է վարկերի և դրամաշնորհների լայն ընտրանի՝ կախված ձեր բիզնեսի տեսակից և չափից, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ, որոնք կօգնեն ձեր բիզնեսը տեղափոխել զարգացման հաջորդ մակարդակ։ Այցելեք EU4Business-ի կայքէջ և ամբողջական տեղեկատվություն ստացեք գործընկեր բանկերի ու այն ծրագրերի մասին, որոնց կարող եք դիմել, ինչպես նաև ծանոթացեք հաջողակ շահառուների օրինակներին։

Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման

 ԵՄ-ն աջակցում է հմտությունների զարգացմանը և ձեռնարկատիրությանը Կապան, Դիլիջան և Իջևան համայնքներում, որոնք ընտրվել են «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում երեք պիլոտային ծրագրեր իրականացնելու համար.

  • Կապան. քաղաքի պատմական երկաթուղային կայարանում ստեղծվում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ 12-18 տարեկան երեխաների համար նախատեսված անվճար կրթական համալիր, որը մասնագիտացած է մշակումների և տեխնոլոգիաների ոլորտում: Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին, բայց մինչ այդ դասընթացները հասանելի են Կապանի Թումո տուփում։
  • Դիլիջան. խորհրդային շրջանի լքված կարի ֆաբրիկան կվերածվի ձեռնարկությունների և անհատների համար ժամանակակից բազմաֆունկցիոնալ տարածքի՝ Դիլիջանի քաղաքապետարանի, IDeA հիմնադրամի, Զբոսաշրջության և քաղաքաշինության հիմնադրամի և Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ:
  • Իջևան. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ՝ UATE-ի և COWO-ի հետ համագործակցությամբ ստեղծվել է «ԻննոԻջևան» հարթակը, որտեղ տեղակայվել են նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, «Իրական դպրոց»-ը, որը մասնագիտական հնարավորություններ է առաջարկում վերապատրաստումների, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և «կոշտ» ու «փափուկ» հմտությունների զարգացման միջոցով, ինչպես նաև բիզնեսի և անհատների համար համատեղ համատեղ աշխատանքային տարածք։

ՀՀՏԶ ծրագրի նախորդ փուլի շրջանակներում Սեւանն անցել է ընտրության փուլը եւ իրականացնում է առաջնակարգ ծրագիր, որի շրջանակներում ստեղծվել է Սեւանի բիզնես կենտրոնը։ Այն առաջարկում է պատրաստի լուծումներ եւ աջակցություն է ցուցաբերում կին ձեռներեցներին (հատկապես նրանց, ովքեր գտնվում են իրենց գործունեության ամենավաղ փուլում)՝ օգնելով նրանց կառուցել ուժեղ եւ կայուն բիզնեսներ: Աջակցության շրջանակում մշակվում են մանրամասն բիզնես պլաններ, ինչպես նաեւ կազմակերպվում են տարբեր կրթական եւ ցանցային միջոցառումներ:

Իմփաքթ Հաբ Երեւան

Իմփաքթ Հաբ Երեւանն աջակցում է սոցիալական ազդեցության նախագծերին եւ ձեռնարկություններին՝ ձեռներեցներին ու նորարարներին առաջարկելով գործնական կապերի հնարավորություններ ու ռեսուրսներ, ինչպես նաեւ անցկացնելով նրանց համար կրթական ծրագրեր եւ միջոցառումներ: 2016 թվականին իր դռները բացելուց ի վեր Իմփաքթ Հաբը, որն աջակցվում է ԵՄ-ի կողմից, նախագծել եւ իրականացրել է ավելի քան 20 ծրագիր, անցկացրել է ավելի քան 400 կրթական սեմինարներ եւ միջոցառումներ եւ այժմ հյուրընկալում է ավելի քան 220 անդամների՝ Հայաստանում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ավելի քան 100 նախագծերով/ կազմակերպություններով։ Առկա ծրագրերին կարող ես ծանոթանալ այստեղ։

2022 թվականին ստեղծվել է Իմփաքթ Հաբ Սյունիքը` մարզում ձեռնարկատիրական հնարավորություններին աջակցելու նպատակով՝ խոցելի եւ տեղահանված անձանց վերաորակավորելու եւ նրանց կարիքները բավարարելու միջոցով: Նրանց ծրագրերից շատերը կենտրոնացած են կանանց վրա:

Իմփաքթ Հաբ ընտանիքի վերջին համալրումը Իմփաքթ Հաբ Գյումրին է: Մանրամասներին ծանոթացիր այստեղ:

Հետեւիր Իմփաքթ Հաբի ֆեյսբուքյան էջին՝ երկրում վերջին նորությունների եւ հնարավորությունների մասին տեղեկանալու համար:

Երիտասարդ արվեստագետներ և մշակութային գործիչներ

Երիտասարդ հայ արվեստագետները և մշակութային գործիչները կարող են «Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) ծրագրի ներքո իրականացվող նոր «Culture Moves Europe» նոր նախագծի շրջանակներում դիմել և ստանալ դրամաշնորհներ՝ արտերկիր (ինչպես ԵՄ, այնպես էլ նրա սահմաններից դուրս) մեկնելու, ինչպես նաև այնտեղ ապրելու և մշակութային գործունեություն ծավալելու համար: Անհատական շարժունակության դրամաշնորհների առաջին մրցույթն ուղղված է ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի, նորաձևության, գրական թարգմանության, երաժշտության, վիզուալ արվեստի և կատարողական արվեստի ոլորտներում աշխատող արվեստագետներին և մշակութային գործիչներին: Անհատական շարժունակության դրամաշնորհային մրցույթներն անցկացվելու են աշնանից մինչև գարուն՝ ամսական գնահատումներով: Դրամաշնորհը ներառում է ստանդարտ ճանապարհորդածախսի և օրապահիկի ու կեցության ծախսերի ապահովում: Այցելեք ծրագրի կայքէջ՝ ավելին իմանալու համար։

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU4Culture» ծրագիրը նաև առաջարկում է շարժունակության դրամաշնորհներ՝ աջակցելու Հայաստանի և Արևելյան գործընկերության այլ երկրների արվեստագետներին և մշակութային գործիչներին: Հետևեք «EU4Culture» ծրագրի վեբկայքի թարմացումներին՝ առաջիկա հնարավորությունների մասին տեղեկանալու համար:

EU4Youth (ԵՄ-ը՝ երիտասարդների համար)

«EU4Youth» ծրագիրը սկսել է իրականացնել մի շարք նախագծեր, որոնք ուղղված են սոցիալական ձեռներեցության եւ կարիերայի կառավարման հմտությունների զարգացմանը՝ կապված կանաչ եւ թվային տնտեսություններում երիտասարդական ձեռներեցության խթանման հետ: Հայաստանում իրականացվող նոր ծրագրերի թվում են՝ «Երիտասարդների կողմից սոցիալական ձեռնարկատիրության եւ կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում» ծրագիրը, «Ամրապնդելով միջոլորտային համագործակցություն երիտասարդների ձեռներկատիրական կրթության համար Հարավային Կովկասում» ծրագիրը եւ «ՍՔԱՅ ՆԵԹ՝ Հմտություններ եւ գիտելիքներ երիտասարդների զորեղացման համար» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում ստեղծել երիտասարդների զորեղացման 10 ՍՔԱՅ ակումբ եւ նպաստել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։ Թվային հմտությունների ոլորտում էլ «Վրաստանում, Հայաստանում եւ Մոլդովայում անապահով երիտասարդների թվային կոմպետենցիաների եւ կարիերայի կառավարման հմտությունների կատարելագործում» ծրագրի նպատակն անապահով երիտասարդներին օգնելն է։

«EU4Youth»-ի նախագծերի նախորդ ալիքի շրջանակներում միայն 2021 թվականին Հայաստանում իրականացվել է հմտությունների զարգացման շուրջ 300 միջոցառում, երիտասարդները ստացել են աշխատանքային փորձ աշկերտության և պրակտիկայի միջոցով, մյուսները ստացել են դրամաշնորհներ իրենց բիզնես գաղափարների իրականացման համար, մինչդեռ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում հիմնվել է գյուղական նորարարությունների գիտելիքի երեք կենտրոն, որոնք մինչ օրս երիտասարդներին ապահովում են ինտերնետ հասանելիությամբ, ուսուցմամբ և հմտությունների զարգացմամբ։ Համայնքային ծրագրերն աջակցում են նաև անապահով երիտասարդներին, ինչպիսին Արագածոտնի մարզի եզդի փոքրամասնությունը: Հետևեք EU4Youth-ի կայքէջին՝ առաջիկա հնարավորությունների մասին տեղեկանալու համար:


Որպես ոգեշնչում

Հարյուրավոր հայ երիտասարդներ պատրաստ են ձեզ ոգեշնչել և նոր գաղափարներ տալ։

Դավիթը «ԷՐԱԶՄՈՒՍ+»-ի երկու փոխանակումների է մասնակցել Իտալիայում՝ որպես սննդի անվտանգության գծով դոկտոր, գիտաշխատող: Այժմ նա ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարն է։

Ռազմիկը եղել է երիտասարդ եվրոպական դեսպան։ Այժմ նա՝ որպես EU4Youth-ի շրջանավարտ, Արագածոտնի լեռնային գոտիներում գտնվող իր գյուղի երիտասարդներին օգնում է օգտվել այն հնարավորություններից, որոնցից նա այդքան օգուտ է քաղել:

Լիլիթը շահել է Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի կրթաթոշակ և այժմ Ֆրանսիայում ավիատիեզերական ճարտարագիտություն է ուսանում:

Սամվելը վերապատրաստվել է «EU4Youth» ծրագրի շրջանակներում, որպեսզի զարգացնի Տավուշի մարզում բնական և էկոլոգիապես մաքուր արտադրանք արտադրող իր սոցիալական ձեռնարկությունը, և այժմ հայկական մեղր է վաճառում Դուբայում:

Իջևանից Արմանը EU4Youth-ի տրամադրած ֆինանսավորման և վերապատրաստման շնորհիվ նորարարական բիզնես է մշակել լեռնային զբոսաշրջության ոլորտում։

Զոյան մարքեթինգ և սոցիալական մեդիայի կառավարում է սովորել «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում ստեղծված Սևանի նորարարական բիզնես կենտրոնում: