Կարծրատիպերի հաղթահարում և բռնության կանխարգելում․ մեկնարկել է ծրագրի 3-րդ փուլը

Օրեր առաջ Երևանում մեկնարկեց «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և գենդերային բռնության» ծրագրի երրորդ փուլը։ Երրորդ փուլի նպատակն է կողմնապահ սոցիալական նորմերի փոխակերպման միջոցով նվազեցնել գենդերային խտրականությունը, ընդլայնել կանանց տնտեսական հնարավորությունները և կանխարգելել գենդերային բռնությունը։
Ինչպես Ֆեյսբուքյան հրապարակման մեջ ընդգծել է ծրագիրն իրականացնող գործընկերը, նոր փուլը հիմնվելու է I և II փուլերի արդյունքների, քաղված դասերի և արդյունավետությունն ապացուցած մոտեցումների վրա։ Անցած վեց տարիների ընթացքում ծրագիրն օգնել է փոխել խորապես արմատավորված կարծրատիպերը՝ հասնելով տարածաշրջանի միլիոնավոր մարդկանց։ Հայաստանում հիմնական ձեռքբերումները ներառում են հոգևոր առաջնորդների հետ համագործակցությունը և նորարարական «Հայրիկների ակումբների» հիմնումը։ Կիրառելով « In her Shoes» և «Voices Against Violence» ազդեցիկ մեթոդաբանությունները՝ ծրագիրն մարդկանց օգնել է կանանց տեսանկյունից դիտարկել իրավիճակը, տարբերել խտրականությունը և համատեղ աշխատել բռնությունը կանխարգելելու ուղղությամբ։ Ծրագիրն աջակցել է նաև երիտասարդությանը և տեղական կազմակերպություններին՝ զորացնելով նրանց կարողությունները դառնալու իրենց համայնքներում դրական փոփոխությունների շարժիչ ուժը։
III փուլը հատուկ շեշտադրում է կատարում ձեռքբերումների կայունության և ընդլայնման վրա՝ միջամտությունների ինստիտուցիոնալացման, կրկնօրինակելի գործիքների ու մեթոդաբանությունների մշակման և ազգային պատասխանատվության ստանձնման ուժեղացման միջոցով։ Ծրագիրն կոչված է արձագանքելու ի հայտ եկող մարտահրավերներին՝ ընդլայնելով աշխատանքը խնամքի համակարգերի, թվային փոխակերպման և արհեստական բանականության ոլորտներում։ Միևնույն ժամանակ, ռազմավարական հաղորդակցության, կոալիցիաների ձևավորման և քաղաքացիական հասարակության աջակցության միջոցով նպատակադրված է ամրապնդել դիմակայունությունը գենդերային հավասարության դեմ ուղղված հակազդեցություններին։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում է «ՄԱԿ-Կանայք» (UN Women) կազմակերպության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) կողմից Արևելյան գործընկերության չորս երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։
Իմացիր ավելին




