Skip to main content

Քաղաքացիական հասարակությունից դեպի տարածաշրջանային առաջնորդություն․ ինչպես EU4Youth կրթաթոշակը Նատոլինում նոր հնարավորություններ բացեց Նենսի Մկրտչյանի համար

07/08/2026

Նենսի Մկրտչյանի մասնագիտական ուղին բազմաշերտ և հետաքրքիր զարգացում է ունեցել՝ նրան բերելով դեպի այն աշխատանքը, որն այսօր իրականացնում է։

Մասնագիտական գործունեության տարբեր փուլերում Նենսին ներգրավված է եղել մարքեթինգի, համալսարանական կառավարման, խորհրդարանական աշխատանքի և քաղաքացիական հասարակության ոլորտներում։ Հետագայում Եվրոպայի քոլեջի Նատոլինի կամպուսում իրականացվող EU4Youth կրթաթոշակային ծրագիրը կարևոր դեր է ունեցել նրա մասնագիտական զարգացման գործում՝ օգնելով ամրապնդել գիտելիքները և նոր տեսանկյունից արժևորել կուտակած փորձը։

Նա Հայաստանի ֆրանսիական համալսարանում ստացել է մարքեթինգի բակալավրի աստիճան, ինչպես նաև ավարտել է Քաղաքագիտություն կրթական ծրագիրը Պրահայի Չարլզի համալսարանում։ Վերջին տասնամյակի ընթացքում Նենսին իր մասնագիտական փորձը ձևավորել է քաղաքացիական հասարակության, ԵՄ-Հայաստան հարաբերությունների և միջազգային համագործակցության ոլորտներում՝ համագործակցելով Եվրոպական միության հետ գործընկերության և քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություններում ներգրավված կազմակերպությունների հետ։

Այսօր նա համակարգում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի աշխատանքները Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակային ծրագրի (Eastern Partnership Civil Society Fellowship) շրջանակում։ Այս պատասխանատու առաքելությունը հիմնված է այն գիտելիքների, փորձի և մասնագիտական կապերի վրա, որոնք նա ձեռք է բերել որպես EU4Youth ծրագրի շահառու՝ 2022-2023 թվականներին Եվրոպայի քոլեջի Նատոլինի կամպուսում ուսանելիս։

Տասը տարի՝ քաղաքացիական հասարակության ոլորտում

Մինչ Նատոլինում ուսանելը, Նենսին արդեն շուրջ տասը տարվա մասնագիտական փորձ ուներ քաղաքացիական հասարակության ոլորտում։ Նա աշխատել է Հայաստանի Ազգային ժողովում և Հայաստանի ֆրանսիական համալսարանում՝ մասնակցելով ծրագրերի իրականացմանը, որոնք խթանում էին համագործակցությունը պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների միջև։ Այս ամբողջ ընթացքում Եվրոպական միությունը մշտապես ներկա է եղել նրա մասնագիտական գործունեության մեջ՝ թե՛ իր կողմից աջակցվող նախաձեռնությունների, թե՛ այն մասնագիտական ցանցերի միջոցով, որոնց անդամակցել է։

Հենց այդ ցանցերի՝ Երիտասարդ եվրոպական դեսպանների նախաձեռնության և EU4Youth ծրագրի շրջանավարտների ցանցի միջոցով (Young European Ambassadors Initiative-ի և EU4Youth Alumni) համայնքի միջոցով էլ Նենսին առաջին անգամ տեղեկացել է Նատոլինի կրթաթոշակային ծրագրի մասին։ Ծրագրի առանձնահատկությունը նրա համար ակնհայտ էր հենց սկզբից.

«Եվրոպայի քոլեջի Նատոլինի կամպուսը առանձնանում էր որպես եզակի ակադեմիական և մասնագիտական միջավայր, որը կենտրոնացած է ԵՄ քաղաքականությունների, Արևելյան գործընկերության և տարածաշրջանային համագործակցության վրա։ Հաշվի առնելով քաղաքացիական հասարակության և ԵՄ-ին առնչվող ծրագրերում իմ փորձը՝ ես այս ծրագիրը դիտարկեցի որպես հնարավորություն՝ խորացնելու գիտելիքներս, ընդլայնելու տարածաշրջանային տեսլականս և շարունակելու մասնագիտական զարգացումս ԵՄ համագործակցության ոլորտում»։

Հետազոտություն՝ հիմնված մասնագիտական փորձի վրա

Նատոլինում ուսանելու ընթացքում Նենսին կենտրոնացել է ԵՄ արտաքին քաղաքականության և Արևելյան գործընկերության տարածաշրջանում քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի վրա։ Նրա ավարտական աշխատանքը նվիրված էր Հայաստանի և Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրվող ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության վերլուծությանը։ Այս թեմային նա մոտեցել է ոչ թե որպես արտաքին դիտորդ, այլ որպես մասնագետ, որը շուրջ տասը տարի աշխատել է այդ ոլորտում։

Հետազոտությունը նրան հնարավորություն է տվել համադրել ակադեմիական մոտեցումներն ու իր մասնագիտական փորձը՝ վերլուծելով, թե ինչպես են ԵՄ ֆինանսական աջակցությունն ու ինստիտուցիոնալ մեխանիզմները ազդում Հայաստանի և Վրաստանի քաղաքացիական հասարակության զարգացման վրա, ինչպես նաև բացահայտելով ոլորտի առկա մարտահրավերներն ու հնարավորությունները։

Նատոլինում անցկացրած ժամանակը Նենսին նկարագրում է երեք բառով՝ գործընկերային կապերի ձևավորում, միջազգային միջավայր և եվրոպական արժեքներ։

«Նատոլինի ամենաարժեքավոր առանձնահատկություններից մեկը բազմազան համայնքն էր։ Տարբեր տարածաշրջաններից ժամանած մասնագետների հետ սովորելը ընդլայնեց իմ տեսլականը և ավելի ամրապնդեց տարածաշրջանային համագործակցության նկատմամբ իմ հանձնառությունը։ Այս փորձառությունն այսօր էլ շարունակում է ձևավորել համակարգման և գործընկերային հարաբերությունների կառուցման իմ մոտեցումները»,- նշում է Նենսին։

Ուսումնական այցեր և ԵՄ ինտեգրման գործընթացների գործնական ընկալում

Նենսիի վրա առանձնահատուկ տպավորություն են թողել ուսումնական այցերը Լեհաստանի Գալիցիայի տարածաշրջան, Չեռնոգորիա և Բոսնիա և Հերցեգովինա։

«Ուսումնական այցերը հատկապես արժեքավոր էին։ Դրանք հնարավորություն տվեցին գործնական տեսանկյունից ծանոթանալու ԵՄ ինտեգրման գործընթացներին, տարածաշրջանային համագործակցության տարբեր մոդելներին և փոխակերպումների գործընթացներում քաղաքացիական հասարակության դերակատարությանը։ Այս փորձառություններն օգնեցին ինձ ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարելի է տարբեր տարածաշրջանների փորձից քաղված դասերը կիրառել Արևելյան գործընկերության համատեքստում»,- նշում է Նենսին։

ԵՄ-Հայաստան հարաբերությունների և Արևելյան գործընկերության տարածաշրջանային հարցերով զբաղվող մասնագետի համար հատկապես արժեքավոր էր ինտեգրման գործընթացները տեղում դիտարկելու հնարավորությունը՝ թե՛ այն երկրներում, որոնք արդեն անդամակցել են Եվրոպական միությանը, և թե՛ այն երկրներում, որոնք դեռ շարունակում են այդ ճանապարհը։ Այս փորձառությունը նրան հնարավորություն տվեց ձևավորել ավելի լայն և համեմատական պատկերացում, որը դժվար է ձեռք բերել միայն ակադեմիական ուսումնառության միջոցով։

Տարածաշրջանային համագործակցության ամրապնդում

Նատոլինից վերադառնալուց հետո Նենսին իր աշխատանքում սկսել է կիրառել ավելի համակարգված և տարածաշրջանային մոտեցում։ Նրա խոսքով՝ նա մեծ ուշադրություն է դարձնում տարբեր երկրների միջև համագործակցության արդյունավետ համակարգմանը, Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև փորձի և գիտելիքների փոխանակման խթանմանը, ինչպես նաև ծրագրերի մշակման և հաղորդակցման ռազմավարություններում ԵՄ քաղաքականությունների տեսանկյունների առավել նպատակային ներառմանը։

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակային ծրագրի շրջանակում՝ որպես Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածաշրջանային համակարգող, Նենսիի ներկայիս գործունեությունը բնական շարունակությունն է Նատոլինում անցկացրած ուսումնական տարվա ընթացքում ձևավորված փորձի և գիտելիքների։ Նրա աշխատանքը ներառում է ԵՄ ֆինանսավորմամբ նախաձեռնությունների համակարգում տարբեր երկրների միջև, քաղաքացիական հասարակության ցանցերի ամրապնդում և տեղական կազմակերպությունների ու եվրոպական հաստատությունների միջև երկխոսության խթանում։

Նատոլինի երկարատև ազդեցությունը նրա կարիերայի և հայացքների վրա

Ավելի անձնական մակարդակում Նենսին նշում է, որ Նատոլինի փորձառությունը ամրապնդել է մի գաղափար, որը նա նախկինում զգում էր, բայց դեռ լիովին չէր ձևակերպել․

«Այս փորձը ամրապնդեց իմ նվիրվածությունը միջազգային և տարածաշրջանային միջավայրերում աշխատելու նկատմամբ։ Այն նաև ցույց տվեց, թե որքան կարևոր է տեղական քաղաքացիական հասարակության փորձագիտությունը եվրոպական քաղաքական շրջանակների հետ կամրջելը՝ նշանակալի և կայուն ազդեցություն ստեղծելու համար»։

Երիտասարդ մասնագետներին, որոնք մտածում են նման ուղի ընտրելու մասին, նա խորհուրդ է տալիս․

«Հետաքրքրված եղեք տարածաշրջանային զարգացումներով, վաղ փուլերից ներգրավվեք քաղաքացիական հասարակության աշխատանքներում և ակտիվորեն փնտրեք միջազգային հնարավորություններ։ Ցանցերի ձևավորումը, գործնական ծրագրային փորձի ձեռքբերումը և ԵՄ քաղաքականությունների ըմբռնումը կարող են զգալիորեն աջակցել այս ոլորտում կարիերայի զարգացմանը։ Ամենակարևորը՝ մնացեք բաց համագործակցության և շարունակական ուսուցման համար»։

Նենսի Մկրտչյանի ճանապարհը ցույց է տալիս, որ ԵՄ համագործակցության ոլորտում կարիերաները հազվադեպ են լինում ուղիղ գծային, սակայն դրանք ուժեղանում են փորձի, գիտելիքի և տարբեր համատեքստերում ձևավորված տեսլականի կապակցման շնորհիվ։ Եվրոպայի քոլեջի Նատոլինի (Վարշավա) EU4Youth Scholarship Programme-ը նրա ուղին չի ձևավորել զրոյից, սակայն հստակեցրել և ուղղորդել է այն՝ տալով կառուցվածք, միջազգային բացահայտում և տարածաշրջանային խորքային դիտանկյուն՝ ազգային ներգրավվածությունից դեպի համակարգված տարածաշրջանային աշխատանք անցնելու համար։ Այսօր նրա գործունեությունը հենց այդ զարգացման արտացոլումն է՝ քաղաքացիական հասարակության դերակատարների միավորում, տեղական իրականությունների համադրում եվրոպական շրջանակների հետ և Արևելյան գործընկերության ավելի կապակցված ու դիմակայուն տարածաշրջանի ձևավորմանը նպաստում։

Քաղաքացիական հասարակությունից դեպի տարածաշրջանային առաջնորդություն․ ինչպես EU4Youth կրթաթոշակը Նատոլինում նոր հնարավորություններ բացեց Նենսի Մկրտչյանի համար նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։