ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամները ԵՄ և ՄԱԶԾ աջակցությամբ մասնակցել են Կանադայում անցկացված գլոբալ համաժողովին

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամները Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ARTEMIS» ծրագրի շրջանակում մասնակցել են «Պատասխանատու արհեստական բանականություն եւ ընտրություններ» գլոբալ համաժողովին, որը 2026թ. սեպտեմբերի 9–11-ը անցկացվել է Կանադայի Օտտավա քաղաքում։
Համաժողովը համախմբել էր ընտրությունների կառավարման մարմինների եւ միջազգային գործընկերների՝ ընտրական գործընթացներում արհեստական բանականության հնարավորությունները, ռիսկերն ու գործնական կիրառությունները քննարկելու, ինչպես նաեւ դրա պատասխանատու եւ թափանցիկ կիրառումն ապահովելու նպատակով։
Հայաստանը համաժողովին ներկայացնում էր ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ով որպես բանախոս մասնակցել է «Արհեստական բանականությունը եւ կանանց քաղաքական մասնակցությունը» թեմայով պանելային քննարկմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես կանանց քաղաքական մասնակցության ընդլայնման համար ԱԲ-ի ընձեռած հնարավորություններին, այնպես էլ ի հայտ եկող ռիսկերին՝ գենդերային ապատեղեկատվությանը, անձի նմանակմանը, սինթետիկ մեդիային եւ ալգորիթմական կողմնակալությանը՝ կարեւորելով ընտրական մարմինների եւ այլ շահագրգիռ կողմերի գործնական քայլերը՝ անվտանգ, ներառական եւ բովանդակալից մասնակցությունն ապահովելու համար։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ եւ ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի կառավարության (GIZ), Նորվեգիայի կառավարության (Norad), Շվեդիայի կառավարության (Sida), Կանադայի կառավարության (ParlDeliver), Նիդերլանդների կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ՀՀ ԿԸՀ) եւ ՄԱԿ-ի DPPA/EAD-ի կողմից։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) հետ գործընկերությամբ՝ ՀՀ ԿԸՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։
Իմացիր ավելին
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամները ԵՄ եւ ՄԱԶԾ աջակցությամբ մասնակցել են Կանադայում անցկացված գլոբալ համաժողովին նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։




