Skip to main content

ԵՄ «Գործընկերություն հանուն Սյունիքի» ծրագիրն ամփոփում է իր արդյունքները

01/07/2026

Հունիսի 30-ին Երևանում կայացած ավարտական միջոցառման ժամանակ իր արդյունքներն ամփոփեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը, որն իրականացվել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում:

Ծրագիրն աջակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ոլորտային բարեփոխումների իրականացման գործում՝ Սյունիքում սոցիալական ծառայությունների կայուն համակարգ զարգացնելու նպատակով, և մեծացրել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը:

Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում համայնքային սոցիալական ծառայությունների ինը տեսակներ են փորձարկվել և մատուցվել Սյունիքի 12 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև Սիսիան, Գորիս, Կապան և Մեղրի համայնքների կողմից՝ ուղղակիորեն օգուտ բերելով ավելի քան 850 մարդու:

«Սոցիալական տաքսի ծառայություններից, տարեցների խնամքից մինչև երեխաների ցերեկային խնամք, վերականգնողական և վերաինտեգրման ծառայություններ՝ նախաձեռնությունը ցույց տվեց, թե ինչպես տեղական մակարդակում կատարված պլանավորումը և ամուր գործընկերությունը կարող են սոցիալական ծառայությունները դարձնել ավելի հասանելի, ներառական և կայուն»,— ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրությունում:

«Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից և իրականացվել է չեխական «Մարդը կարիքի մեջ» (People in Need) հասարակական կազմակերպության, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ «Գործընկերություն հանուն Սյունիքի» ծրագիրն ամփոփում է իր արդյունքները նյութն առաջինը հրապարակվել է  EU NEIGHBOURS east կայքում։