Skip to main content

EU4Innovation East. Արեւելյան գործընկերության ստարտափները՝ Փարիզում կայացած VivaTech 2026 ցուցահանդեսի կենտրոնում

24/06/2026

Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից ինը նորարարական ստարտափներ ցուցադրել են իրենց լուծումները հունիսի կեսերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած VivaTech 2026-ի շրջանակներում անցկացված EU4Innovation East Pitch մրցույթում։ VivaTech-ը Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական եւ ստարտափ միջոցառումներից մեկն է։

EU4Innovation East ծրագրի կողմից կազմակերպված մրցույթն ընդգծեց Արեւելյան գործընկերության տարածաշրջանի աճող նորարարական ներուժը եւ դրա անընդհատ մեծացող ինտեգրումը եվրոպական նորարարական էկոհամակարգին: Մրցույթը միավորել էր ընկերությունների հիմնադիրներին, նորարարության ոլորտի փորձագետներին եւ էկոհամակարգի առաջնորդներին՝ բացահայտելու արհեստական ​​բանականության, առողջապահության, կիբերանվտանգության, կլիմայական տեխնոլոգիաների, արդյունաբերական ավտոմատացման, կրթական տեխնոլոգիաների եւ շրջանաձեւ տնտեսության գլոբալ մարտահրավերների արձագանքմանն ուղղված հեռանկարային տեխնոլոգիաները:

Ազգային մրցույթների եւ էկոհամակարգային գործընկերությունների միջոցով ընտրված ինը ստարտափներն էին՝ Հայաստանից՝ Denovo Sciences, MedPair եւ TACTUN, Մոլդովայից՝ SELFTALK, LyricFluent եւ Oto, իսկ Ուկրաինայից՝ SEC-TA, Z1RO եւ Hydratico ընկերությունները։

Ժյուրին առաջին տեղը շնորհեց կլիմայական տեխնոլոգիաների ոլորտի Hydratico ստարտափին (Ուկրաինա), որը զբաղվում է էներգաարդյունավետ աղազրկման եւ արդյունաբերական կեղտաջրերի մաքրման համար առաջանցիկ գերկավիտացիոն տեխնոլոգիայի մշակմամբ: Երկրորդ տեղը գրավեց MedPair առողջապահական տեխնոլոգիական հարթակը (Հայաստան), որը բարելավում է հիվանդ-բժիշկ հաղորդակցությունը եւ կլինիկական աշխատանքային հոսքերը: Երրորդ տեղը գրավեց Oto թվային լուծումը (Մոլդովա), որն օգնում է հյուրընկալության ոլորտում գործող բիզնեսներին բարելավել հաճախորդների փորձը՝ QR կոդի վրա հիմնված պատվերների եւ բազմալեզու թվային ճաշացանկերի միջոցով:

Վերոնշյալից բացի, բնական մանրաթելերից էկոլոգիապես մաքուր ձուլածո փաթեթավորում արտադրող Z1RO ստարտափը (Ուկրաինա) հանրային քվեարկության արդյունքում արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։

Մրցույթն անկացվեց EU4Innovation East-ի՝ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ստարտափ էկոհամակարգերն ամրապնդելու ավելի լայն ջանքերի շրջանակում՝ միջազգային ցանցերին, փորձագիտական շրջանակներին, ներդրողներին եւ շուկաներին հասանելիությունը հեշտացնելու միջոցով: VivaTech-ի ընթացքում մասնակից ստարտափները նաեւ օգտվեցին նեթվորքինգի հնարավորություններից, ներդրողների եւ էկոհամակարգի շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներից, ինչպես նաեւ եվրոպական քաղաքականության մշակողների եւ նորարարության առաջնորդների հետ փոխանակումներից:

EU4Innovation East ծրագիրն իրականացվում է Expertise France-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ Ֆրանսիայի կառավարության համաֆինանսավորմամբ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

EU4Innovation East. Արեւելյան գործընկերության ստարտափները՝ Փարիզում կայացած VivaTech 2026 ցուցահանդեսի կենտրոնում նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։