DigiTec 2026. ԵՄ աջակցությամբ Հայաստանում մեկնարկում են ստարտափների հարթակ և կիբեռանվտանգության կենտրոն

Եվրոպական միությունը Երևանում մեկնարկել է երկու խոշոր նախաձեռնություն՝ Հայաստանի թվային էկոհամակարգն ու համաշխարհային տեխնոլոգիական մրցունակությունն արագացնելու նպատակով, որոնք ներկայացվել են DigiTec 2026 միջազգային տեխնոլոգիական համաժողովի և ցուցահանդեսի 21-րդ թողարկման ընթացքում։
EU4Innovation East ծրագրի շրջանակում իրականացվող այս երկու նախաձեռնությունները, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության և համաֆինանսավորվում Ֆրանսիայի կողմից, ներկայացնում են ստարտափների վերաբերյալ տվյալների անվճար ազգային հարթակ և դնում են Հայաստանում կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծման ինստիտուցիոնալ հիմքերը։
Ուրբաթ՝ նոյեմբերի 20-ին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը պաշտոնապես ազդարարեց Հայաստանի էկոհամակարգի հարթակի մեկնարկը։ Անվճար հասանելի լինելով armenia.dealroom.app հասցեում՝ նոր հարթակը կոչված է կամրջելու հայկական տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրներին և միջազգային ներդրողներին՝ մեկ կենտրոնացված հարթակում քարտեզագրելով տեղական ստարտափները, արագ աճող ընկերությունները, վենչուրային կապիտալի ակտիվությունը և էկոհամակարգի տվյալները։
Մեկ օր անց՝ շաբաթ՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց ֆրանսիական Campus Cyber-ի և Expertise France-ի հետ՝ Հայաստանում կիբեռանվտանգության մասնագիտացված կենտրոն ստեղծելու նպատակով։
Ֆրանսիայի կիբեռանվտանգության ազգային կենտրոնի մոդելով նախագծված նոր կենտրոնը կդառնա Հայաստանի կիբեռանվտանգության համայնքի առանցքային կենտրոնը՝ միավորելով պետական մարմիններին, մասնավոր ընկերություններին, ստարտափներին և ակադեմիական հաստատություններին։ Համաձայնագրի շրջանակում գործընկերները կհամագործակցեն մի քանի հիմնական ուղղություններով՝ ոլորտն ամրապնդելու համար։ Այդ ջանքերը ներառում են կիբեռանվտանգության մասնագետների վերապատրաստումը՝ մասնագիտացված կրթական և կարողությունների զարգացման ծրագրերի միջոցով, համատեղ հետազոտությունների և գործնական վարժանքների անցկացումը՝ էկոհամակարգի նորարարությունը խթանելու համար, ինչպես նաև ռազմավարական խորհրդատվության տրամադրումը՝ Հայաստանի և Եվրոպայի կիբեռանվտանգության կառույցների միջև գիտելիքների փոխանակումն ու երկարաժամկետ գործընկերությունը դյուրացնելու նպատակով։
Դեսպան Մարագոսն ընդգծել է, որ վստահությունը թվային փոխակերպման հիմքն է, և մարդիկ ու բիզնեսները պետք է վստահեն իրենց կողմից օգտագործվող համակարգերին ու ծառայություններին։ «EU4Innovation East-ի միջոցով Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի կիբեռանվտանգության էկոհամակարգի զարգացմանը՝ հենվելով հայկական կարողությունների և եվրոպական փորձի վրա», — նշել է նա ստորագրման արարողության ժամանակ։
Երկու նախաձեռնություններն էլ իրականացվում են EU4Innovation East տարածաշրջանային ծրագրի ներքո, որն իրականացվում է Expertise France-ի կողմից Արևելյան գործընկերության հինգ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)։ Ծրագրի նպատակն է ամրապնդել մասնավոր նորարարական հատվածի մրցունակությունն ու զարգացման մակարդակը՝ միաժամանակ խթանելով ավելի խորը և արդյունքահեն համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ։
Իմացիր ավելին




