Skip to main content

Ինչպե՞ս և ե՞րբ հայկական արտադրանքը կհասնի ԵՄ մեծածախ շուկա

13/10/2026

«Չրերի ամենահին նմուշներն այստեղ են գտել»․ Երվանդունիների վերջին մայրաքաղաքի՝ Երվանդաշատի մասին պատմությունն Արկադի Խաչիկյանն այսպես է սկսում։

Կարմրավուն ժայռերի մեջ՝ Արաքս գետի ափին փռված Երվանդաշատ գյուղն Արմավիրի մարզում է։ Այն հիմա էլ հայտնի է իր փարթամ այգիներով ու արևահամ մրգերով։

Գյուղի բնակիչները զբաղվում են այգեգործությամբ ու չրարտադրությամբ․ Երվանդաշատում ամեն տարի միայն թարմ մրգի՝ ծիրանի, սալորի ու դեղձի ծավալը հասնում է շուրջ 1000 տոննայի։

«Մինչև տնկին դառնում է բերքատու ծառ, տարիներ են անցնում, նույնիսկ մարդու կյանքի մի մեծ մասն է անցնում»,– ասում է Արկադի Խաչիկյանը։

Տարիների աշխատանքի արդյունքում ձևավորված այգում յուրաքանչյուր ծառ իր նշանակությունն ունի։ Կան մրգի տեսակներ, որոնք նախատեսված են չրի համար, մի մասն էլ՝ թարմ վիճակում վաճառքի։

«Սաթենի» ընկերությունն իր գործունեությունը սկսել է արտադրանքի փոքր ծավալներից, աշխատել են սուպերմարկետների ցանցերի, վերամշակող գործարանների, հրուշակարանների ու խանութների հետ։ Արդեն մի քանի տարի է՝ փորձում են ավելացնել արտադրանքի ծավալներն ու ապրանքատեսականին և նոր հաճախորդներ գտնել արտերկրում։ Այս հարցում նրանց մեծապես օգնում է տարբեր տարիների Եվրոպական միությունից ստացած աջակցությունը։

«Մոտ 5 տարի առաջ մասնակցեցինք «Առևտրի համար պատրաստ» ծրագրին, որի շրջանակում ստեղծվեցին մեր ընկերության նոր ապրանքատեսականու բրենդինգն ու փաթեթավորումը․ արտադրանքի որակին զուգահեռ սա ևս կարևոր գործոն է նոր գործընկերություններ հաստատելիս։ Ծրագիրը նաև հնարավորություն է տվել մեկնել Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ ծանոթանալու այնտեղ գործող չրարտադրություններում կիրառվող տեխնոլոգիաներին ու մեզ համար նախընտրելի մոտեցումներն օգտագործել Հայաստանում»,– պատմում է «Սաթենի» ընկերության տնօրենը։

Ծրագիրն իրականացրել է Միջազգային առևտրի կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում` 2017-2021 թթ․–ին։

Բիզնեսի զարգացմանը նպաստում են նաև նոր գործընկերություններն ու միջազգային ցուցադրությունները։ 2024 թ․–ին «Սաթենի»–ն մասնակցել է SIAL Paris-ին, որն աշխարհում սննդի նորարարական խոշորագույն ցուցահանդեսն է, և արժեքավոր կապեր է ստեղծել։ Ընկերությունը մասնակցելու է ցուցահանդեսին նաև 2026թ․–ի աշնանը։

«Ցուցահանդեսի ժամանակ ունեցած ամենահաջող փորձերից մեկն այն էր, որ «Coop Trading»–ը՝ Սկանդինավյան երկրների խոշորագույն սուպերմարկետների միասնական գնումների կենտրոնացված ընկերությունը, հավանել էր մեր արտադրանքի որակը և ուզում էր համագործակցել, սակայն նրանց ակնկալած ծավալներն այդ փուլում շատ մեծ էին մեզ համար։ Գուցե մի քանի տարուց ծավալների իմաստով ևս համապատասխանենք այդ շուկային և կարողանանք արտահանել»,– ասում է Խաչիկյանը։

Եվրոպական միության աջակցությամբ աշնանը «Սաթենի»–ի աշխատակիցներից մեկը մեկնելու է Նիդերլանդներ և Բելգիա, որտեղ եվրոպացի գործընկերներն օգնելու են հայկական ընկերությանը դեմ առ դեմ հանդիպել պոտենցիալ մեծածախ գնորդների հետ։

«Հանդիպումների համար ուղարկելու ենք մեր ապրանքատեսականու նմուշներից՝ ոչ միայն չիր․ եվրոպացիների առօրյա սովորությունների ու շուկայի տենդենցների ուսումնասիրությունը թույլ է տալիս մտածել, որ հատկապես երիտասարդներին ավելի հետաքրքիր կարող են լինել մեր էներջի բոլերը (energy balls), որոնք քաղցրի հարմար տարբերակ են առողջ կենսակերպը նախընտրողների համար»։

Եվրոպական միությունից ստացվող աջակցությունը նման է բիզնեսի ստեղծման ու զարգացման ճանապարհին, այն մեկանգամյա ու մեկօրյա ջանք չէ, հակառակը՝ քայլ առ քայլ և ըստ բիզնեսի կարիքների տրամադրվող աջակցություն է, որը տարիներ անց դրական արդյունքներ է ստեղծելու։

Արտահանումն այն է, ինչին այժմ ձգտում են շատերը, սակայն կարևոր է նախ հասկանալ եվրոպական շուկայի պահանջները, այդ շուկա մուտք գործելու ռազմավարությունն ու բացահայտել սեփական բիզնեսի ներուժը, ինչի հնարավորությունն էլ տալիս են խոշոր ցուցահանդեսներն ու գործանական այցերը։

«Մեր արտադրանքն, իհարկե, շատ համեղ է, բայց հիմնական առավելությունը բարձր որակն է։ Եվ կարևոր է հասկանալ, որ գնային քաղաքականությամբ ևս ոչ թե մրցում ենք շուկայի մեծ խաղացողների հետ, այլ բոլորովին նոր որակի արտադրանք ենք առաջարկում և ցանկանում համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք հենց դրանով են հետաքրքրված և հասկանում են շուկայի նրբությունները։ Այս տարիներին արտահանման հաջող փորձեր ենք ունեցել դեպի Լեհաստան և ԱՄՆ»,– նշում է Արկադի Խաչիկյանը։

Խաչիկյանը հիշեցնում է՝ այս արդյունքները մեկ գիշերում չեն գրանցվել։ Նա միասնական ջանքերի հետևում է տեսնում իրական ուժը։ Եվ հիմա, աշխատելով միջազգային գործընկերների հետ, ցանկանում է չրարտադրությամբ զբաղվողներին միավորել մեկ ասոցիացիայում, որի շնորհիվ էլ մեծածախ շուկայի հետ առանձին–առանձին աշխատելու փոխարեն կարող են ջանքերը միավորել ու ավելի արագ առաջ շարժվել՝ իրենց արտադրանքը հասցնելով ավելի շատ հաճախորդների։  

«Մեր աշխատանքը շարունակվում է և, եթե հենց այս պահին արտահանում չկա, դա դեռ չի նշանակում, որ պետք է կանգ առնենք, կյանքը ցույց է տալիս, որ բազմաթիվ փորձերն են բերում հաջողություն։ Պետք է նոր գործընկերներ գտնել, գտնելուց հետո էլ հաջող հարաբերություններ ու կապեր ստեղծել: Հասել ենք այն կետին, որ մեր արտադրանքը որակյալ է, ճիշտ է փաթեթավորված, պահման ժամկետները համապատասխանում են շուկայի պահանջներին։ Բնականաբար, միանգամից չենք գրանցել այս արդյունքները, այլ՝ հետևողական աջակցության ու մեր ջանքերի շնորհիվ»։

Գյուղատնտեսությունը շատ ջանք ու նվիրում պահանջող ոլորտ է։ Խաչիկյանը հավատացած է՝ անընդմեջ աշխատանքի ու թիրախավորված աջակցության շնորհիվ հայրենի Երվանդաշատի հյութեղ ու քաղցր համն իր ուրույն տեղը կգտնի նաև եվրոպացիների սեղաններին։