Skip to main content

«ՀամԲույր». Ինչպես Իջևանում վերականգնվեց «պիշկիի» մոռացված մշակույթը

17/08/2026

Իջևանի քաղաքային զբոսայգու հարևանությամբ գտնվող փոքրիկ տաղավարից այսօր տարածվում է թարմ պիշկիների ու սուրճի բույրը։ Այստեղ է գործում Տիգրան Սարգսյանի և նրա կնոջ՝ Աննա Եղոյանի հիմնած «ՀամԲույր» սրճարանը, որը կարճ ժամանակում դարձել է քաղաքի երիտասարդների և զբոսնողների սիրելի վայրերից մեկը։ 

Սրճարանը բացվել է անցած տարի և նոր շունչ բերել Իջևանի քաղաքային կյանքին։ Երբ Տիգրանը որոշել է սկսել սեփական բիզնեսը, ընտրությունը կանգ է առել պիշկիների վրա։ Այն ժամանակ, երբ շուկան լի էր ամերիկյան դոնաթներով և արագ սննդի ժամանակակից տարբերակներով, նա որոշել է վերադառնալ ավելի հարազատ ու հիշվող համի՝ սովետական տարիներին այդքան հայտնի ու սիրված պիշկիին։ «Երևանում կան հայտնի բրենդներ, որոնք հենց պիշկիից են սկսել ու մեծ հաջողություն ունեցել։ Մենք մտածեցինք՝ ինչո՞ւ այդ «մոդան» ու հետաքրքրությունը չբերել Իջևան», — ներկայացնում է հիմնադիրը։ Սրճարանի անվանումը ևս պատահական չէ ընտրված։ «ՀամԲույր»-ը բառախաղ է, որը միավորում է ուտելիքի «համն» ու «բույրը», բայց միաժամանակ ջերմ ու մտերմիկ հնչողություն ունի։ 

Սրճարանի կայացման գործում կարևոր դեր է ունեցել նաև «ՍՔԱՅ ՆԵԹ՝ Հմտություններ և գիտելիքներ երիտասարդների զորեղացման համար» ծրագիրը, որի ենթադրամաշնորհ ստացած մասնակիցներից մեկն էլ եղել է Տիգրանը։ 

«ՍՔԱՅ ՆԵԹ՝ Հմտություններ և գիտելիքներ երիտասարդների զորեղացման համար» ծրագիրը իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրիս բիզնես ինկուբատոր»-ի, «Վորլդ Վիժն Վրաստան»-ի և «Միլենիում ուսուցման և զարգացման ինստիտուտ»-ի հետ համագործակցությամբ։

Մեկնարկը և նպատակը

Տիգրանը անկեղծանում է, որ մինչ սրճարանը բացելը բիզնես կառավարման կամ ֆինանսների ոլորտում փորձ չի ունեցել։ «Ամեն ինչ սկսել եմ զրոյից»,- անկեղծանում է։ 2025 թվականի գարնանը մեկնարկել են տարածքի վերանորոգման աշխատանքները, և արդեն մայիսին սրճարանն իր դռները բացել է առաջին հաճախորդների առաջ։ Այսօր «ՀամԲույր»-ը գործում է արդեն մեկ տարի։ 

«Օրինակ՝ մինչև դասընթացները ես չէի պատկերացնում, թե ինչպես պետք է անել ֆինանսական հաշվարկներ, ինչպես ճիշտ դիմել դրամաշնորհի կամ գտնել պիտանի տեղեկատվություն», — նշում է Տիգրանը։

Որպեսզի «ՀամԲույր»-ը չմնա պարզապես հերթական սննդի կետ, հիմնադիրները ուշադրություն են դարձրել նաևբրենդի  թվային տիրույթում ներկայությանն ու շուկայի ուսումնասիրությանը։

Մինչ մեկնարկը նրանք մանրակրկիտ ուսումնասիրել են տեղական շուկան՝ հասկանալու համար, թե ինչն է պակասում Իջևանին։ Հստակեցվել է նաև թիրախային լսարանը՝ երիտասարդներ, որոնք գնահատում են ոչ միայն որակը, այլև էսթետիկան։

Այսօր «ՀամԲույր»-ը չի սահմանափակվում արդեն ունեցածով։ Տիգրանն ու նրա կինը՝ Աննան, շարունակաբար փորձում են նոր առաջարկներ՝ ավելացնելով ծառայություններ և պարբերաբար թարմացնելով ճաշացանկը, որ մշտապես հետաքրքիր լինեն հաճախորդների համար։ 

Իջևանյան բիզնեսի առանձնահատկությունները. Սեզոնայնություն

Սրճարանը գտնվում է քաղաքային զբոսայգու հարևանությամբ։ Տարածքը փոքր է․ ներսում կարող են տեղավորվել ընդամենը 3-4 հոգի, ուստի հիմնական աշխատանքն իրականացվում է take away («վերցնել և գնալ») ձևաչափով, որը Իջևանում դեռևս համեմատաբար նոր մշակույթ է։ «Մեր տարբերությունը քաղաքի այլ սրչարաններից այն է, որ պիշկի միայն մենք ունենք։ «Բացի դրանից՝ մեր քաղցրավենիքը հարմար է զբոսանքի ընթացքում օգտվելու համար․ մարդիկ վերցնում են պատվերը և շարունակում քայլել զբոսայգում», — ասում է Տիգրանը։ 

«ՀամԲույր»-ն առանձնանում է նաև իր թիրախային լսարանով։ Սրճարանի հիմնական շեշտադրումը երիտասարդների, հատկապես աղջիկների և երեխաների համար հաճելի ու հարմարավետ միջավայր ստեղծելն է։

Սրճարանը մրցակցային առավելություն ունի նաև գնային քաղաքականության շնորհիվ։ Երևանի համեմատ այստեղ գները միջինում 25–30%-ով ավելի մատչելի են, իսկ մեկ հաճախորդի միջին ծախսը կազմում է մոտ 1000 դրամ։ Սա հնարավորություն է տալիս հաճախորդներին մատչելի գնով ձեռք բերել սուրճ, թարմ հյութեր, քաղցրավենիք կամ թեթև խորտիկներ։ 

Մեկ տարվա աշխատանքային փորձը ցույց է տվել, որ Իջևանում նման բիզնես վարելը մեծապես կախված է սեզոնից և եղանակից։ Նախորդ ամռանը կանխատեսումները լիովին արդարացել են․ սրճարան են այցելել ինչպես քաղաքի և հարակից գյուղերի բնակիչները, այնպես էլ զբոսաշրջիկներ։ «Ամռանը շատ զբոսաշրջիկներ ունեինք՝ Ռուսաստանից, Ամերիկայից և այլ երկրներից։ Շատերը պարզապես անցնելիս էին նկատում, հետաքրքրվում, մտնում ներս», —պատմում է Տիգրանը։

Սակայն ձմռանը գործը դանդաղել է։ «Եթե վատ եղանակ է, մարդիկ պարզապես դուրս չեն գալիս տնից՝ անկախ նրանից, թե որքան համեղ է առաջարկը», — ասում է Տիգրանը։

Այդուհանդերձ, նա սա դիտարկում է որպես մարտահրավեր՝ ավելի շատ աշխատելու և նոր առաջարկներով հանդես գալու հնարավորություն։

«Մեր բացվելուց հետո նկատելի ազդեցություն եղավ նաև տեղական շուկայում․ մեզնից հետո մեր շրջակայքում բացվեցին մի քանի նոր ֆրեշ-կետեր։ Սա ցույց տվեց, որ նման ձևաչափն իսկապես պահանջված էր։ «Եվ այս ամենը զգալի ազդեցություն կունենա քաղաքի տնտեսության վրա»։ », — ասում է սրճարանի հիմնադիրը։

Սոցիալական պատասխանատվություն․ ավելին, քան սրճարան

«ՀամԲույր»-ի հիմքում ոչ միայն համեղ պիշկիներն են, այլև համայնքին օգտակար լինելու հստակ տեսլականը։

Ծրագրի կարևոր պահանջներից մեկը սոցիալական բաղադրիչի առկայությունն էր, ինչը Տիգրանն ու Աննան սիրով ներառել են իրենց բիզնես մոդելում։

Այսօր սրճարանը տեղացի երիտասարդների համար դարձել է աշխատանքի հնարավորություն՝ թույլ տալով նրանց փորձ ձեռք բերել սպասարկման և բիզնեսի ոլորտներում։

Սակայն սոցիալական ազդեցությունը դրանով չի սահմանափակվում։

Սրճարանի եկամտի մի մասը նախատեսվում է ուղղել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված նախաձեռնություններին։

«Պլանավորում ենք աջակցել սկրինինգների, մամոգրաֆիկ հետազոտությունների ֆինանսավորմանը, ինչպես նաև կազմակերպել տեղեկատվական միջոցառումներ ու սեմինարներ», — ասում է Տիգրանը։

Նրա խոսքով՝ ֆինանսական սահմանափակումների և բիզնեսի սեզոնայնության պատճառով ծրագիրը դեռ ամբողջությամբ չի իրականացվել, սակայն նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու։

Հաջողության բանաձևը․ փորձել, սովորել և ձգտել

Զրույցի ավարտին Տիգրանը կիսվում է իր փորձով նրանց համար, ովքեր դեռ տատանվում են սեփական գործ սկսելու հարցում։

«Պետք է անպայման փորձել։ Արդյունք ունենում է նա, ով գործում է։ Չփորձողի մոտ ոչինչ չի ստացվում՝ ոչ լավ, ոչ վատ իմաստով։ Բայց միայն փորձելը բավարար չէ․ պետք է անընդհատ սովորել, շփվել մարդկանց հետ, մտքեր ու գաղափարներ փոխանակել»։

Նրա խոսքով՝ առանց ձգտման շարժում չկա։

«Եթե կանգ ես առնում ու չես զարգանում, նշանակում է՝ նույն տեղում ես դոփում»։

Հենց այդ շարունակական շարժման, սովորելու պատրաստակամության և նոր գաղափարներ փորձարկելու շնորհիվ «ՀամԲույր»-ը Իջևանում դարձել է ոչ միայն սրճարան, այլև փոքր բիզնեսի հաջողված օրինակ։

Այս պատմությունը ևս մեկ անգամ ընդգծում է EU4Youth ծրագրի դերը՝ երիտասարդներին հզորացնելու և նրանց գաղափարները կյանքի կոչելու գործում։

«ՀամԲույր». Ինչպես Իջևանում վերականգնվեց «պիշկիի» մոռացված մշակույթը նյութն առաջինը հրապարակվել է  EU NEIGHBOURS east կայքում։