Skip to main content

Սոցիալական ձեռներեցություն Սյունիքում․ ինչպես Քրիստինե Աղաբեկյանը Գորիսում ստեղծեց արտ-թերապևտիկ կենտրոնը

14/08/2026

Քրիստինե Աղաբեկյանը մասնագիտությամբ հոգեբան է։ Երկար տարիներ նա աշխատել է տարբեր զարգացման կենտրոններում՝ աջակցելով 3-16 տարեկան երեխաների զարգացմանը։

Քրիստինեի գործունեության կարևոր ուղղություններից մեկը հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատանքն է եղել։ Որպես հոգեբան՝ նա աջակցել է նրանց կենսական և սոցիալական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը։

Մասնագիտական հարուստ փորձն ու իր աշխատանքի նկատմամբ սերը Քրիստինեի մոտ վաղուց ձևավորել էին սեփական զարգացման կենտրոն հիմնելու գաղափարը։ Նա ցանկանում էր այդ նախաձեռնությունն իրականացնել Գորիսում՝ Սյունիքում։ «ՍՔԱՅ ՆԵԹ՝ Հմտություններ և գիտելիքներ երիտասարդների զորեղացման համար» ծրագրի նոր հայտերի մասին տեղեկանալուց հետո Քրիստինեն որոշում է չհետաձգել իր գաղափարի իրականացումը և անմիջապես դիմում է ծրագրին։

Մինչ ծրագրին մասնակցելը Քրիստինեն բիզնեսի կառավարման փորձ չի ունեցել և ամեն ինչ սկսել է զրոյից։

«Այս ճանապարհը միայն ֆինանսական աջակցություն չէր, այլ նաև մասնագիտական և գործարար մեծ դպրոց։ Ծրագիրն ինձ հնարավորություն տվեց բիզնեսի ոլորտում անել առաջին քայլերս, ինչպես նաև ձեռք բերել փորձ դրամաշնորհային հայտեր գրելու և ֆոնդահայթայթման գործընթացներում։ Ծրագրի շրջանակում անցկացվող դասընթացները՝ բիզնես պլանի մշակման, գաղափարի գեներացման և այլ թեմաներով, ինձ համար շատ արժեքավոր էին։ Ես իսկապես մեծ փորձառություն ձեռք բերեցի այս ծրագրի ընթացքում և, ինչու չէ, նաև նոր մասնագիտական կապեր հաստատեցի»,- պատմում է Քրիստինեն։

ART Therapy երեխաների զարգացման կենտրոնի ծնունդը

Շահած դրամաշնորհի չափը կազմել է 1.5 միլիոն դրամ (≈ 3,504.3 եվրո)։ Կենտրոնը հիմնադրելու նպատակով Քրիստինեն վարձակալել է տարածք, որը գտնվում է Գորիսի կենտրոնական հատվածում։ Ստացված դրամաշնորհային աջակցությամբ թիմը ձեռք է բերել կենտրոնի գործունեության համար առաջնային նշանակություն ունեցող գույքն ու անհրաժեշտ նյութերը։

«Հիմնականում ձեռք ենք բերել թերապիայի համար անհրաժեշտ նյութեր և կահույք՝ արտ-թերապիայի ու ավազաթերապիայի սեղաններ, կավի հետ աշխատանքի գործիքներ, կավ, ավազ, ինչպես նաև այլ անհրաժեշտ պարագաներ՝ մատիտներ, գրիչներ, թղթեր։ Բացի այդ, կենտրոնի հիմնադրման համար անհրաժեշտ էին նաև սեղաններ, աթոռներ և պահարաններ»,- պատմում է Քրիստինեն։

Թեև 1.5 միլիոն դրամը բիզնես սկսելու համար բավականին սահմանափակ գումար է, թիմը շարունակաբար հաշվարկներ է կատարել և մանրակրկիտ պլանավորել յուրաքանչյուր քայլը, որպեսզի կարողանա տեղավորվել նախատեսված բյուջեի շրջանակում։ Սակայն միայն դրամաշնորհային աջակցությամբ հնարավոր չէր ամբողջությամբ իրականացնել նախատեսվածը, և Քրիստինեն ներդրել է նաև սեփական ֆինանսական միջոցները։

Ինչո՞վ է յուրահատուկ «ART Therapy» կենտրոնը

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից է արտ-թերապիան՝ հոգեբանական աջակցության և զարգացման մեթոդ, որի ընթացքում արվեստի տարբեր ձևերի՝ նկարչության, կավագործության, ավազաթերապիայի, ստեղծագործական խաղերի և այլ արտահայտչական միջոցների օգնությամբ երեխաները հնարավորություն են ստանում արտահայտել իրենց հույզերը, զարգացնել հաղորդակցման, սոցիալական և հուզական հմտությունները, ինչպես նաև հաղթահարել տարբեր դժվարություններ։

Կենտրոնում իրականացվում են նաև անհատական և խմբային աշխատանքներ՝ ուղղված երեխաների զարգացմանն ու հոգեբանական աջակցությանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կարիքներն ու առանձնահատկությունները։

Կենտրոնը համագործակցում է նաև տեղական տարբեր կառույցների (Օրինակ՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ) և մասնագետների հետ՝ նպաստելով ներառական միջավայրի ձևավորմանը և ծնողների իրազեկվածության բարձրացմանը։ Միաժամանակ, նախաձեռնությունը հնարավորություն է ստեղծում ոլորտի մասնագետների համար ներգրավվելու աշխատանքներում և մասնագիտական փորձ ձեռք բերելու՝ նպաստելով համայնքում նման ծառայությունների զարգացմանը։

Թեև Գորիսում գործում են զարգացման տարբեր կենտրոններ և նմանատիպ նախաձեռնություններ, այս կենտրոնի առանձնահատկությունը արտ-թերապևտիկ մոտեցումների կիրառումն ու յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական ուշադրությունն է։

«Ստեղծագործական աշխատանքի միջոցով փորձում ենք երեխաների մոտ ձևավորել կարևոր հմտություններ, նպաստել հոգեբանական կայունության և ինքնուրույնության զարգացմանը։ Մեր նպատակը միայն երեխաներին զբաղեցնելը չէ, այլ նրանց կրթելն ու զարգացնելը՝ ստեղծելով անվտանգ և աջակցող միջավայր»,- նշում է Քրիստինեն։

Կենտրոնի առօրյա գործունեության հիմքում ավազաթերապիան և կավագործությունն են։ Երեխաները կենտրոն են հաճախում նախապես կազմված դասացուցակով՝ շաբաթական մի քանի անգամ մասնակցելով տարբեր պարապմունքների։ Միևնույն ժամանակ, որպեսզի ծրագիրը չսահմանափակվի միայն թերապևտիկ աշխատանքով, թիմը երեխաների հետ իրականացնում է նաև ընդհանուր զարգացման և կրթական ակտիվություններ՝ խաղերի ու ստեղծագործական մեթոդների միջոցով ապահովելով հետաքրքիր և բովանդակալից միջավայր։

Թիմը, հաճախելիությունը և ծրագրերը

Կենտրոնի թիմը փոքր է, աշխատում են երեք մասնագետ՝ Քրիստինեն՝ որպես հոգեբան, մեկ դաստիարակ՝ Քրիստինե Գրիգորյանը և մեկ դայակ։ Դայակի հաստիքի անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ կենտրոնը բաց է նաև ամենափոքր տարիքի երեխաների համար՝ սկսած 1,5 տարեկանից։

Կենտրոն հաճախելու համար պարտադիր չէ, որ երեխան ունենա հոգեբանական կամ զարգացման որևէ խնդիր։ Կենտրոնի առաջարկած ծրագրերին կարող են մասնակցել բոլոր երեխաները։ Սակայն այն դեպքերում, երբ երեխան ունի որոշակի զարգացման կամ հոգեբանական առանձնահատկություններ, թիմն աշխատանքը կազմակերպում է անհատական մոտեցմամբ։

Պարապմունքները հիմնականում անցկացվում են խմբային ձևաչափով։ Միևնույն ժամանակ, Քրիստինեն, որպես հոգեբան, կարևորում է ներառական միջավայրի ապահովումը՝ փորձելով այնպես կազմակերպել աշխատանքը, որպեսզի զարգացման դժվարություններ ունեցող երեխաները լիարժեք ներգրավված լինեն խմբային գործընթացներում և իրենց մեկուսացված չզգան։

Կենտրոնում իրականացվում են տարբեր խմբային ծրագրեր և նախաձեռնություններ։ Բացման պահից հաջողությամբ գործել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որին մասնակցել է շուրջ 35 երեխա։

Մյուս կարևոր նախաձեռնություններից է «Դեպի դպրոց» ծրագիրը, որն իրականացվել է 5-6 տարեկան երեխաների համար։ Ծրագրի նպատակն է եղել երեխաներին նախապատրաստել կրթական նոր փուլին, զարգացնել անհրաժեշտ սոցիալական, հաղորդակցման և ինքնուրույնության հմտությունները՝ հատկապես աջակցելով այն երեխաներին, ովքեր ունեցել են դրա հատուկ կարիքը։

Կենտրոնը կարևոր հնարավորություն է հատկապես Սյունիքի մարզի ընտանիքների համար, քանի որ նմանատիպ մասնագիտացված ծառայությունները հիմնականում կենտրոնացած են Երևանում և հաճախ ֆինանսապես ոչ բոլոր ընտանիքների համար են հասանելի։ Կենտրոն հաճախող երեխաների մի մասը ծրագրերից օգտվում են անվճար՝ հաշվի առնելով ընտանիքի սոցիալական դրությունը։

Իր սոցիալական առաքելությունն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով կենտրոնն արդեն սկսել է համագործակցել պետական կառույցների հետ։

«Այցելել եմ Միասնական սոցիալական ծառայություն, ներկայացրել մեր կենտրոնն ու գործունեությունը։ Ներկայացրել ենք, որ գործում ենք որպես սոցիալական ձեռներեցություն և ցանկանում ենք աջակցել հատուկ կարիքներ ունեցող երեխաներին։ Այժմ արդեն համագործակցության գործընթացը սկսվել է, և պլանավորում ենք առաջիկայում ավելի լայն աշխատանք իրականացնել երեխաների հետ»,- պատմում է Քրիստինեն։

Փոփոխություններ համայնքում և ծնող-երեխա կապը

Ծրագրի ազդեցության մասին խոսելիս՝ Քրիստինեն առանձնակի կարևորում է համայնքում տեղի ունեցող փոփոխությունները, հատկապես ծնող-երեխա հարաբերությունների ամրապնդումը։ Նրա խոսքով՝ կենտրոնը փորձում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ծնողն ու երեխան ավելի մոտ են դառնում միմյանց։ «Մենք կազմակերպում ենք հանդիպումներ, որտեղ ծնողները գալիս են երեխաների հետ միասին։ Այս ձևաչափը շատ են սիրում, որովհետև հնարավորություն է տալիս ծնողին անմիջապես ներգրավվել երեխայի գործունեության մեջ։ Սա իրականում մեծ ազդեցություն ունի ծնող-երեխա կապի ամրապնդման վրա»,- նշում է Քրիստինեն։

Կենտրոնում երեխաներին տրվում է ազատ ինքնաարտահայտման հնարավորություն, ինչը նպաստում է նրանց ինքնավստահության բարձրացմանը։ Այս հմտությունները երեխաները հետագայում կիրառում են թե՛ դպրոցում, թե՛ առօրյա հաղորդակցության մեջ։ Թիմը խիստ ուղղորդող մոտեցում չի ցուցաբերում․ երեխաներին հնարավորություն է տրվում ինքնուրույն ստեղծագործել, ինչն աստիճանաբար ձևավորում է ավելի ինքնուրույն և ինքնավստահ անհատներ։

Միևնույն ժամանակ, կենտրոնում իրականացվում է նաև վարքագծի փոփոխման շարունակական դիտարկում։ Եթե երեխայի զարգացման ընթացքում նկատվում են առանձնահատկություններ, որոնք նախկինում չեն արձանագրվել, հոգեբանը առանձին քննարկում է ունենում ծնողի հետ և անհրաժեշտության դեպքում ուղղորդում է համապատասխան մասնագետների մոտ՝ ապահովելով ժամանակին և նպատակային աջակցություն։

Քրիստինեն խոսում նաև իր փորձից ստացած դասերի և սկզբնական շրջանում թույլ տված սխալների մասին՝ ընդգծելով, որ ցանկացած նոր նախաձեռնություն ուղեկցվում է դժվարություններով։ Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում ինքը հասկացել է որոշ իրավիճակներում ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու կարևորությունը։ Բայց կարևորը՝ լինել համառ և հասնել նպատակին։

Ապագայի տեսլականը, ընդլայնման պլանները և ոգեշնչող խորհուրդը

Քրիստինեի նպատակները չեն սահմանափակվում միայն Գորիսում գործող կենտրոնի զարգացմամբ։ Նա արդեն ունի հստակ տեսլական՝ ինչպես ամրապնդել կենտրոնի տնտեսական կայունությունը, այնպես էլ ընդլայնել գործունեության շրջանակը։ Մոտակա ծրագրերի թվում է կավագործության ընթացքում երեխաների ստեղծած աշխատանքների ցուցահանդես-վաճառքի կազմակերպումը, որը կդառնա նաև լրացուցիչ ֆինանսական կայունության աղբյուր կենտրոնի համար։

Հեռահար նպատակներն ավելի լայն են և հավակնոտ․ Քրիստինեն ցանկանում է ստեղծել կենտրոնի մասնաճյուղեր Սյունիքի տարբեր քաղաքներում և Հայաստանի այլ մարզերում՝ ձևավորելով ավելի ընդարձակ ցանց։ Նրա պատկերացմամբ՝ ապագա կենտրոնները կունենան ավելի բազմազան ծառայություններ՝ մանկապարտեզային ձևաչափից մինչև վերականգնողական և թերապևտիկ ուղղություններ, այդ թվում՝ ֆիզիոթերապիայի բաղադրիչով։ Նրա նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ ավելի շատ երեխաներ կստանան որակյալ և հասանելի աջակցություն տարբեր մարզերում։

Միաժամանակ, Քրիստինեն ընդգծում է, որ գաղափարի ուժը երբեք չպետք է սահմանափակվի ֆինանսների բացակայությամբ։ Իր փորձից ելնելով՝ նա խորհուրդ է տալիս երիտասարդներին չկանգնել միայն գումարի խնդրի վրա, այլ նախևառաջ հավատալ գաղափարին և հետևողականորեն փնտրել դրա իրագործման ճանապարհները։

«Շատ հաճախ մարդիկ ունենում են գաղափարներ, բայց կանգ են առնում՝ մտածելով, որ միջոցներ չունեն։ Ես միշտ ասում եմ՝ պարտադիր չէ սկզբից ունենալ գումար։ Կարևորն այն է, որ գաղափարը ապրի քո մեջ և դառնա շարժիչ ուժ։ Եթե դրանով չես ապրում, այն պարզապես մնում է գաղափարի մակարդակում։ Ես ինքս այդ գաղափարով երկար ժամանակ եմ ապրել, անընդհատ փնտրել եմ հնարավորություններ, տարբերակներ, գործընկերներ, որպեսզի այն իրականություն դառնա»,- նշում է Քրիստինեն։

«ՍՔԱՅ ՆԵԹ՝ Հմտություններ և գիտելիքներ երիտասարդների զորեղացման համար» ծրագիրը, որին մասնակցել է Քրիստինե Աղաբեկյանը, իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրիս բիզնես ինկուբատոր»-ի, «Վորլդ Վիժն Վրաստան»-ի և «Միլենիում ուսուցման և զարգացման ինստիտուտ»-ի հետ համագործակցությամբ։

Սոցիալական ձեռներեցություն Սյունիքում․ ինչպես Քրիստինե Աղաբեկյանը Գորիսում ստեղծեց արտ-թերապևտիկ կենտրոնը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։