Հայաստանն առաջընթաց է գրանցում ԵՄ-ի հետ քաղաքացիների առանց վիզայի ճանապարհորդության ուղղությամբ

Մայիսի 20-ին, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության փոխտնօրեն Յոհաննես Լուխները բարձրաստիճան պաշտոնյաների երկրորդ հանդիպման շրջանակում հանդիպել է ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի հետ՝ քննարկելու մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցի առաջարկությունները՝ չորս հիմնական ուղղություններով՝
1) ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգություն,
2) սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում,
3) հասարակական կարգի և անվտանգության հարցեր,
4) ազատ տեղաշարժի հետ կապված հիմնարար իրավունքներ, նաև երկրորդ փուլի հաջորդ քայլերը, որոնք կենտրոնանալու են իրականացվող բարեփոխումների գործնական կիրառման վրա։
ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի կարևոր հանգրվաններից էր մայիսի 5-ին Կառավարությանը հանձնված մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) իրականացման առաջընթացի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցը։ Զեկույցը գնահատել է առաջին փուլի չափանիշների իրականացումը՝ ուսումնասիրելով VLAP-ով ընդգրկված բոլոր ոլորտների օրենսդրական և քաղաքական շրջանակները։ Այն ցույց է տալիս, որ Հայաստանն արդյունավետ քայլեր է ձեռնարկում ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության, միգրացիայի և սահմանների կառավարման համակարգերի ամրապնդման ուղղությամբ։ Սրանք վիզաների ազատականացման երկխոսության կարևոր պահանջներից են։
Հայաստանը նաև խորացնում է համագործակցությունը Frontex-ի հետ։ ԵՄ սահմանային և առափնյա պահպանության եվրոպական գործակալությունը և ՀՀ ներքին գործերի նախարարըհամաձայնեցրել են սահմանների և միգրացիայի կառավարման վերաբերյալ աշխատանքային նոր ձևաչափ, որը սահմանում է, թե ինչպես են կողմերն աշխատելու վերապատրաստումների, փորձի փոխանակման և ռիսկերի վերլուծության ուղղությամբ։ Ամբողջական մանրամասները հասանելի են հրապարակված մամուլի հաղորդագրությունում։
ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են համատեղ աշխատանքը՝ քաղաքացիներին միմյանց ավելի մոտեցնելու և կրթության, մասնագիտական փոխանակումների ու Եվրոպայի հետ շփումների նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։
Իմանալ ավելին



