Հայաստանը գործարկում է ԵՄ աջակցությամբ ստեղծված ռեգիստրը՝ կլիմայական գործողություններն արագացնելու համար

Հայաստանը զգալիորեն ամրապնդում է կլիմայական գործողությունների իր շրջանակը՝ պաշտոնապես գործարկելով Ջերմոցային գազերի արտանետումների նոր ռեգիստրը և Չափման, հաշվետվայնության ու հավաստագրման (ՉՀՀ/MRV) հարթակը։ Շրջակա միջավայրի նախարարության առաջնորդությամբ մայիսի 14-ին մեկնարկած այս թվային նախաձեռնությունը նպատակ ունի կտրուկ բարելավել արտանետումների հետագծումը՝ ապահովելով երկրի ընթացքը Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։
ՉՀՀ նոր հարթակը մշակվել է #EU4ClimateResilience (ProGress) ծրագրի շրջանակում։ Տվյալահեն և փաստարկված հետագծման շնորհիվ հարթակը ծառայում է որպես հիմնարար գործիք Հայաստանի հավակնոտ նպատակի համար, այն է՝ մինչև 2035 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները 44%-ով՝ որպես Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՄՍԳ 3.0/NDC 3.0) շրջանակի մաս։
Գործարկումից հետո նախարարությունը կլոր սեղան-քննարկում հյուրընկալեց միջազգային զարգացման հիմնական գործընկերների, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԱՄՍԳ գործընկերության (NDC Partnership), ՄԱԶԾ-ի (UNDP) և GIZ-ի մասնակցությամբ։ Հանդիպումը կենտրոնացած էր Հայաստանի հրատապ տեխնիկական և ֆինանսական կարիքների հստակեցման վրա՝ ապահովելով միջազգային բոլոր ջանքերի սերտ համակարգումը երկրի կլիմայական նպատակների իրագործումն արագացնելու համար։
Ստեղծելով ստուգելի տվյալների հիմք՝ Հայաստանը կլիմայական խոստումներից անցում է կատարում չափելի ու հաշվետու կլիմայական գործողությունների՝ ճանապարհ հարթելով դեպի առավել դիմակայուն և կայուն տնտեսություն։
Ծրագրի մասին․ «ԵՄ-ն հանուն կլիմայի դիմակայունության» ծրագիրը բազմադոնոր գործողություն է, որն աջակցում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների կանաչ անցմանը, նպաստում դեկարբոնիզացման, էներգետիկ անվտանգության և կլիմայի փոփոխության հանդեպ դիմակայունության բարձրացման միջոցառումներին:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության, միջուկային անվտանգության և սպառողների պաշտպանության դաշնային նախարարության (BMUV) կողմից, և համատեղ իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) կողմից։
Իմացիր ավելին



