Skip to main content

Քովիդ-19 համավարակի սոցիալական հետևանքները 25-ամյա Լենան հաղթահարում է էկո պայուսակներ արտադրելով

Շիրակի մարզի Գյումրի քաղաքից Լենա Հովհաննիսյանը 2021 թվականից զբաղվում է էկո պայուսակների արտադրությամբ, որն ինքն անվանում է «ընտանեկան փոքր բիզնես»։ «Վինտաժ» բրենդը 25-ամյա Լենան ստեղծել է «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ներքո Արևելյան գործընկերության երկրների համար Քովիդ-19 համերաշխության ծրագրին մասնակցելուց հետո: Ծրագրի նպատակն էր օգնել կանանց հաղթահարել Քովիդ-19 համավարակի սոցիալական հետևանքները: Լենայի մայրը, ով և կարում է էկո պայուսակները, համավարակով պայմանավորված լոքդաունի ժամանակ, կորցրել էր հաշվապահի իր աշխատանքը: Լենան՝ մոր ինքնազբաղվածությունն ապահովելու համար, ձեռնարկել է բիզնեսը նրան ապահովելով կայուն եկամուտ:  

«Միշտ ցանկացել էի բիզնես հիմնել և ինքս ինձ անհընդհատ հարցնում էի, արդյոք կարող եմ բիզնեսով զբավել: Ծրագրին մասնակցելուս նպատակը այդ հարցի պատասխանը գտնելն էր, ոչ ֆորմալ կրթության միջոցով կրթվելը»,- մանրամասնում է Լենան:

Լենայի էկո-պայուսակներ ստեղծելու բիզնեսի հիմքում շրջակա միջավայրի պահպանության մասին գաղափարն է: Ջինիշյան հիշատակի հիմնադրամում իր համագործակցության շրջանակներում բնապահպանության, այդ թվում  պոլիէթիլենային տոպարկների վնասակարության մասին շատ քննարկումների է մասնակցել: Քննարկումների ընթացքում Լենան գիտակցել է Հայաստանում  բնապահպանական խնդիրների մասշտաբայնության մասին, ինչպես նաև տեղեկացել  Հայաստանում օրենսդրական փոփոխություններին, որոնք վերաբերում էին պոլիէթիլենային տոպրակների օգտագործման նվազեցմանը:

Նրա խոսքով՝ երկու հիմնական պատճառ ուներ իր բիզնեսը սկսելու համար:

«Ծրագրի ավարտին մասնակիցները կարող էին իրենց բիզնես գաղափարները ներկայացնել և դրամաշնորհ ստանալ` կյանքի կոչելով իրենց բիզնես պլանները: Ես որոշեցի դիմել էկո-պայուսակներ ստեղծելու գաղափարով, քանի որ բնապահպանական թեման ինձ համար շատ կարևոր է: Մյուս կողմից, քանի որ մայրս այդ պահին գործազուրկ էր և կարելու հոբբի ուներ, որոշեցի որ իմ այս բիզնեսը կարող է օգնել նրան իր սեփական եկամուտն ապահովել: Երկու կարի մեքենա և հումք գնեցինք ու սկսեցինք մեր ընտանեկան բիզնեսը»,- ասում է նա:

Լենան լինելով հաղորդակցության մասնագետ, որոշել է, որ իր բիզնեսի հետ կապված ամբողջ մարքեթինգն ինքն է վարելու, քրոջը, ով մասնագիտությամբ վեբ-դիզայներ է ներգրավել է պայուսակների դիզայնի ստեղծման գործում: Կանանց կողմից ստեղծված «Վինտաժ» բրենդը, սակայն, ստեղծման օրվանից հետո որոշակի դժվարությունների է բախվել: Լենայի կողմից ի սկզբանե ծրագրված բիզնես քայլերը հանդիպել են մի շարք խոչընդոտների: Բայց ինչպես նա է ինքն իրեն հիշեցնում, «բիզնեսում առաջին երեք տարիները լի են խոչընդոտներով»: Գյումրիում շատ խանութներ հրաժարվել են համագործակցել և պոլիէթիլենային տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման էկո պայուսակներով:

«Մենք ուզում էինք փոխել մարդկանց մտածելակերպը: Պայուսակների համար հատուկ դիզայն էինք մշակել․ մի քանի գրպաններ ունեն, որոնք շատ հարմար են խանութից գնումներ կատարելու համար: Բավականին բարդ էր, որովհետև շատ քիչ խանութներ և շատ քիչ մարդիկ են օգտագործում կտորից տոպրակներ»,- ասում է Լենան և ընդգծում, որ բիզնեսի հետագա բրենդինգի շեշտադրումն ուղղել են մարդկանց մտածելակերպը փոխելուն: Նա հույս ունի, որ ապագայում մարդիկ ավելի մեծ պաասխանատվությամբ կվերաբերվեն շրջակա միջավայրին և նախապատվություն կտան թեև մի փոքր ավելի թանկ, բայց քիչ վնասակար բազմակի օգտագործման պայուսակներին:   

Մասնավոր բիզնեսի հետ համագործակցության խոչընդոտները, սակայն, Լենային չեն ընկճել: Նա տարբեր կազմակերպությունների, կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորություններ է ձեռք բերել և մինչ օրս մայրիկի հետ միասին զբաղվում է էկո պայուսակների արտադրությամբ:

Լենան ասում է, որ թեև Հայաստանում ձեռագործ աշխատանքներով և մասնավորապես պայուսակների արտադրանքով զբաղվում են հիմնականում կանայք, մեքենայացման դարաշրջանում կարևոր է, որ ձեռագործ աշխատանքը մոռացության չի մատնվել:

«Ինձ համար չափազանց կարևոր է տեսնել, որ Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագրերի հայտարարած դրամաշնորհներում շեշտադրվում են ձեռագործ աշխատանք, բնապահպանություն, կանայք բիզնեսում գաղափարները: Ես ուզում էի սկսել իմ բիզնեսը և մտադրված եմ այն ավելի ընդլայնել, քանի որ բոլոր այդ գաղափարներին ես հավատում եմ»,- ասում է Լենան: