Skip to main content

ՎԶԵԲ-ի «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» զեկույց, հունիս 2026թ․ Հայաստանը շարունակում է արձանագրել զգալի տնտեսական աճ

03/06/2026

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» զեկույցը ներառում է տարածաշրջանային տնտեսական զարգացումների ու հեռանկարների ամփոփագիրը, ինչպես նաև ՎԶԵԲ-ի կողմից իր ներդրումային երկրների տնտեսական աճի կանխատեսումները:

Ըստ զեկույցի՝ Արևելյան Եվրոպայում և Կովկասում տնտեսական ցուցանիշները 2025 թ-ին և 2026 թ-ի սկզբին շարունակել են անհամաչափ մնալ:

Հայաստանը և Վրաստանը շարունակել են բարձր աճ արձանագրել. Հայաստանում արագընթաց տեմպերով ընդլայնվել են շինարարությունը, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները (ՏՀՏ) ու ֆինանսական ծառայությունները, իսկ Վրաստանում բուռն վերելք է ապրել ծառայությունների ոլորտը: Երկու տնտեսություններում էլ վերստին ի հայտ են եկել գնաճային ճնշումներ, ընդ որում՝ գների աճը գերազանցել է կենտրոնական բանկերի թիրախային ցուցանիշները:

Պատերազմական պայմաններում Ուկրաինան պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, ինչին նպաստել է միջազգային զգալի ֆինանսավորումը, սակայն աճը սահմանափակվել է էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի հարձակումների, աշխատուժի պակասի և Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետ կապված գնաճային ռիսկերի պատճառով:

Մոլդովայի տնտեսությունը չափավոր կերպով ընդլայնվում է, սակայն այժմ բախվում է էներգետիկ ցնցումներից բխող գնաճի և աճի նորացված ռիսկերին, թեև դրանց ազդեցությունը մասամբ կմեղմվի ԵՄ աջակցության շնորհիվ:

Ուկրաինայում և Մոլդովայում հեռանկարներն անորոշ են՝ կապված պատերազմի տևողության, արտաքին ֆինանսավորման, էներգետիկ անվտանգության և վերականգնողական կարիքների հետ: Կովկասում հեռանկարները հիմնականում կախված են տարածաշրջանային անվտանգության պայմաններից, էներգակիրների գների զարգացումներից, ինչպես նաև խաղաղության հաստատման և տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովման առաջընթացից:

Ադրբեջանի տնտեսությունը նախորդ տարվա ընթացքում կորցրել է թափը, իսկ ածխաջրածինների արդյունահանման անկումը 2026 թ-ի սկզբին տնտեսությունը մղել է անկման փուլ:

Զեկույցը հրապարակվում է տարեկան երկու անգամ:

Իմանալ ավելին

Հրապարակում

ՎԶԵԲ-ի «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» զեկույց, հունիս 2026թ․ նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։