Skip to main content

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն աջակցում են ՄՓՄՁ-ներին Հայաստանում   

  • ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն Ակբա Բանկի հետ ստորագրել են EFSD+ Ֆինանսական ներառման երաշխիքային ծրագրի շրջանակներում վարկային առաջին պայմանագիրը։
  • Թիրախում փոքր ձեռներեցության աջկացությունն է գյուղական վայրերում։
  • Ֆինանսավորումը կնպաստի տեղական արժույթով երկարաժամկետ վարկերի տրամադրմանը։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունը  (ԵՄ) օգնում են բարելավել հայաստանյան միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունը ԱԿԲԱ բանկի միջոցով: Այս համագործակցության շրջանակում ՎԶԵԲ-ը տրամադրում է 15 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վարկ՝ Ակբա բանկի միջոցով ավելի շատ բիզնեսների աջակցելու նպատակով, հատկապես գյուղական վայրերում գործողներին։  Ֆինանսավորումը կհասցեագրի նաև տեղական արժույթով ավելի երկարաժամկետ ֆինանսավորման աճող պահանջարկի խնդիրը։

ԵՄ աջակցությամբ ծրագիրը գործում է Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) երաշխիքային ծրագրի շրջանակում: Այս նախաձեռնությունը ներկայացնում է առաջնային կորստի ռիսկի հասցեագրման նորարարական մոտեցում, որը ներկայումս հասանելի է հարավային և արևելյան Միջերկրական տարածաշրջանում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Կովկասում։ EFSD+ ֆինանսական ներառման ծրագիրը մշակված է հզորացնելու ՄՓՄՁ-ներին՝ խթանելով նրանց մրցունակությունն ու աճը: Առաջարկելով արդյունավետ ֆինանսական գործիքներ և փորձագիտություն՝ ծրագրի նպատակն է խթանել զարգացումը և ստեղծել աշխատատեղեր:

Վարկային պայմանագրի հանդիսավոր ստորագրումը տեղի ունեցավ Երևանում Ակբա բանկի գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի և ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի մասնակցությամբ՝ պաշտոնականացնելով այս հանձնառությունը։

«Մենք ուրախ ենք ավելի շատ աջակցություն տրամադրել Հայաստանում գործող ՄՓՄՁ-ներին մեր ֆինանսական և ինստիտուցիոնալ գործընկերների հետ միասին: Ուժեղ մասնավոր հատվածը ՎԶԵԲ-ի առաջնահերթություններից է երկրում, և այս ֆինանսավորումը կաջակցի գյուղական վայրերում գործող ավելի շատ մասնավոր բիզնեսների։  Դրամով հասանելի ֆինանսավորումը կպաշտպանի վարկառուներին արտարժույթի հետ կապված ռիսկերից», -նշել է ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը։

Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը նշեց․ «Մենք ողջունում ենք ԵՄ աջակցությամբ ՎԶԵԲ-ի և Ակբա բանկի միջև   այս վարկային համաձայնագրի կնքումը, որը նոր հնարավորություններ կստեղծի ՄՓՄՁ-ների համար ամբողջ երկրում, հատկապես գյուղական վայրերում: ԵՄ-ի կողմից Հայաստանում կայուն, նորարար և մրցունակ տնտեսությանն ուղղված աջակցությունը  ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի հինգ առաջատար նախաձեռնություններից է երկրում։ Լուծելով տեղական արժույթով տրամադրվող ֆինանսավորման հրատապ անհրաժեշտությունը՝ մենք ճանապարհ ենք հարթում Հայաստանի բիզնես էկոհամակարգի ավելի դիմակայուն և նորարար ապագայի համար»:

Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն ընդգծել է. «Ակբա բանկը և ՎԶԵԲ-ն ունեն համագործակցության հարուստ պատմություն 2003 թ․-ից ի վեր։  Մեր համագործակցությունը տարիների ընթացքում շարունակաբար ընդլայնվել է Հայաստանի տնտեսությանն աջակցությանն ուղղված տարբեր ծրագրերի միջոցով, հատկապես տնտեսական ցնցումների կամ անկումների ժամանակ։ ՎԶԵԲ-ը միշտ նորարարական ծրագրերով է հանդես եկել։ Մենք ուրախ ենք ևս մեկ անգամ միավորելու մեր ուժերը մեր գործընկերների՝ ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի հետ՝ շարունակելու աջակցել տեղական ՄՓՄՁ-ներին՝ ընթացիկ իրացվելիության կարիքների և երկարաժամկետ ներդրումների առումով, հատկապես Հայաստանի գյուղական վայրերում»:

Այս ծրագիրը նպաստում է նաև Արևելյան գործընկերության երկրներում ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագրի (EIP) իրականացմանը: Հայաստանի համար EIP-ի հիմնական առաջնահերթություններից մեկը կայուն, նորարար և մրցունակ տնտեսության խթանումն է` ուղղակի աջակցություն ցուցաբերելով մինչև 30,000 փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) երկրում:

Ակբա բանկը ՎԶԵԲ-ի վաղեմի գործընկերն է, համագործակցությունը մեկնարկել է 2003թ.-ին։ Ակբան Հայաստանի առաջատար բանկերից է, երկրի գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը, երկրում առաջատար է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների  վարկավորման ոլորտում։ Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 64 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:

ՎԶԵԲ-ն առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է Հայաստանում: Բանկը մինչ օրս մոտ 2 մլրդ․ եվրո է ներդրել երկրում 206 նախագծերի շրջանակներում՝ ուղղված մասնավոր հատվածի զարգացմանը և կայուն ու կանաչ տնտեսության անցմանը: