ՎԶԵԲ-ը եւ Ինեկոբանկը միավորում են ջանքերը՝ աջակցելու Հայաստանում «կանաչ» բնակելի համալիրի կառուցմանը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն կաջակցեն Երեւանում «կանաչ» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցմանը՝ Ռիսկերի բաշխման գործիքի (RSF) շրջանակում տրամադրվող մինչեւ 30 միլիոն ԱՄՆ դոլար (26 միլիոն եվրո) ընդհանուր արժեքով վարկով։
ՎԶԵԲ-ի կողմից ս.թ. ապրիլի 29-ին տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ վարկը կտրամադրվի «Նուովո Վելոդրոմո» (Nuovo Velodromo) ՍՊԸ-ին, որը պատկանում է իտալական առաջատար «Ռենկո» (Renco Group S.P.A.) շինարարական ընկերությանը եւ հայաստանյան Ադամիում ընկերությունների խմբին։
Միջոցները կուղղվեն մոտավորապես 47,000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման ֆինանսավորմանը: Այս օբյեկտը կլինի Հայաստանում միակ բազմաֆունկցիոնալ բնակելի անշարժ գույքը, որը հավակնում է ստանալ միջազգային «կանաչ» հավաստագիր եւ առանձնանում է բարձր շինարարական որակով եւ էներգաարդյունավետության բարձր ցուցանիշներով:
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 92 միլիոն ԱՄՆ դոլար (79 միլիոն եվրո)։ Ֆինանսավորման մնացած մասը նախատեսվում է ստանալ հովանավորների բաժնետիրական ներդրումներից եւ բնակարանների նախնական վաճառքից ստացված եկամտից։
Գործարքը համապատասխանում է ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի համար ազգային ռազմավարությանը, մասնավորապես՝ մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու նրա առաջնահերթությանը՝ կարողությունների զարգացման, կորպորատիվ թափանցիկության ամրապնդման եւ ավելի բարենպաստ բիզնես միջավայրի միջոցով։
Իմացիր ավելին
ՎԶԵԲ-ը եւ Ինեկոբանկը միավորում են ջանքերը՝ աջակցելու Հայաստանում «կանաչ» բնակելի համալիրի կառուցմանը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։



