Skip to main content

ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը աջակցում են Հայաստանում փախստականներին և երիտասարդներին

08/06/2026
  • ՎԶԵԲ-ը տրամադրում է 20 միլիոն ԱՄՆ դոլար (€17.1  միլիոն եվրո)՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի համար ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու նպատակով
  • Գումարը համալրվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհներով, ռիսկերի ապահովագրությամբ և տեխնիկական աջակցությամբ
  • Այս փաթեթը ՎԶԵԲ-ի՝ ներառական աճին նպաստելու հանձնառության լայն շրջանակի մի մասն է

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական Միության (ԵՄ) հետ գործակցությամբ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին տրամադրում է 20 միլիոն ԱՄՆ դոլար (€17.1  միլիոն եվրո) գումարի չափով վարկային փաթեթ՝ հայ փախստականների և երիտասարդների սեփականությամբ կամ նրանց ղեկավարած միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու նպատակով:

Փաթեթը, որը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ, ստորագրվել է ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի կառավարման խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի կողմից Ռիգայում անցկացվող՝ ՎԶԵԲ-ի 2026 թվականի տարեկան ժողովի և բիզնես ֆորումի շրջանակում։

10 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկերից մեկը տրամադրվում է EU4Business-EBRD Credit Line (ԵՄ-ն բիզնեսի համար – ՎԶԵԲ վարկային գիծ) ծրագրի միջոցով և միտված է աջակցելու փախստականների սեփականությամբ և նրանց ղեկավարած ընկերություններին, ինչպես նաև այն բիզնեսներին, որոնք  իրենց աշխատուժում ակտիվորեն ներառում են տեղահանված անձանց: Պահանջներին համապատասխանող վարկառուները կարող են օգտվել ԵՄ-ի ներդրումային դրամաշնորհներից՝ իրենց վարկի մինչև 35 տոկոսի չափով, ինչպես նաև ստանալ անհատականացված խորհրդատվական աջակցություն՝ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և մարդկային ռեսուրսների ներառական կառավարման գործելակերպը զարգացնելու նպատակով:

Ֆինանսավորման շնորհիվ այս բիզնեսները կարդիականացնեն իրենց տեխնոլոգիաներն ու ծառայությունները` համապատասխանեցնելով դրանք ԵՄ չափանիշներին, բարձրացնելով աշխատավայրում անվտանգության մակարդակը և ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը: Ընդ որում, միջոցների առնվազն 70 տոկոսը կուղղվի կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը: ՎԶԵԲ-ԵՄ Տեղական արժույթի ծրագրի ներքո տրամադրվող վարկային գործիքը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ին հնարավորություն կտա ֆինանսավորում տրամադրել նաև այն ստարտափներին, որոնք գուցե չունեն բավարար կապիտալ, գրավ կամ վարկային պատմություն:

Եվս 10 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի «Երիտասարդությունը բիզնեսում» ծրագրի շրջանակում, ինչը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ին հնարավորություն կընձեռի գործարկել հատուկ ծրագիր երիտասարդ ձեռնարկատերերի համար, որոնք դժվարանում են ֆինանսավորում ստանալ վաղ փուլում գտնվող բիզնեսի և սահմանափակ ֆինանսական պատմություն ունենալու պատճառով։

Վարկերի տրամադրմանը զուգընթաց՝ ծրագրի շրջանակում երիտասարդ ձեռնարկատերերը կստանան փորձագիտական խորհրդատվություն, մենթորական աջակցություն և մասնագիտական ցանցերի ձևավորման հնարավորություններ, ինչպես նաև ոչ ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ նրանց օգնելու հաղթահարել առկա մարտահրավերները, ստեղծել նոր աշխատատեղեր և հաջողությամբ զարգացնել իրենց բիզնեսը։

Հատուկ մշակված՝ կարողությունների զարգացման ծրագիրը կօգնի «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ին հարմարեցնել վարկերի տրամադրման իր գործելակերպը՝ երիտասարդ ձեռնարկատերերին առավել արդյունավետ սպասարկելու նպատակով։ Ծրագրին լրացուցիչ աջակցություն կտրամադրեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող խրախուսական միջոցները, որոնք կապակցված են երիտասարդների համար նախատեսված վարկային առաջարկի հաջող ներդրման հետ։

Վարկը նաև ապահովված է ԵՄ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) ֆինանսական ներառման առաջին վնասի երաշխիքով, որը նախատեսված է աջակցելու գործընկեր բանկերին՝ ընդլայնելու վարկավորման ծավալները՝ միաժամանակ կառավարելով ռիսկերը և առավել արդյունավետ օգտագործելով կապիտալը: Սա ՎԶԵԲ-ի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի միջև «Երիտասարդները բիզնեսում» ծրագրի շրջանակում իրականացվող առաջին գործարքն է:

ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժը նշել է. «Այս համաձայնագրերը ՎԶԵԲ-ի, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի և ԵՄ-ի միջև ամուր գործընկերության արդյունք են և արտացոլում են մեր համատեղ հանձնառությունը. տնտեսական աճի օգուտները հասանելի դարձնել նրանց համար, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն՝ Հայաստանում ստեղծելով նոր հնարավորություններ փախստականների և հաջորդ սերնդի ձեռներեցների համար»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն ասել է. «Մենք ողջունում ենք ԵՄ-ի կողմից աջակցվող՝ ՎԶԵԲ-ի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի միջև վարկային համաձայնագիրը, որը կնպաստի Հայաստանում ֆինանսավորման սահմանափակ հասանելիություն ունեցող բիզնեսների համար տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը: Ռիսկերի բաշխման և համակցված գործիքների միջոցով ԵՄ-ն համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ՝ վերացնելու ֆինանսավորման բացերը, որոնք հաճախ խոչընդոտում են ֆինանսավորման սահմանափակ հասանելիություն ունեցող բիզնեսների աճին, նորարարություններին և ԵՄ շուկաներ մուտք գործելուն: Ֆինանսավորման հասանելիության բարելավման միջոցով մենք աջակցում ենք ձեռնարկատերերի հաջորդ սերնդին, ազատ առևտրին, աշխատատեղերի ստեղծմանը և ԵՄ-ի՝ Հայաստանի համար նախատեսված «Դիմակայունություն և աճ» ծրագրի նպատակներին»:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի կառավարման խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը նշել է. «Ուրախ ենք այս համաձայնագրերի միջոցով ամրապնդել ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա համագործակցությունը: Համաձայնագրերը մեզ հնարավորություն կտան ավելի արդյունավետ սպասարկել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, այդ թվում՝ երիտասարդ ձեռնարկատերերին և տեղահանված բնակչություն ունեցող համայնքներին աջակցողներին, ինչպես նաև ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը այնտեղ, որտեղ այն առավել անհրաժեշտ է»։

2010 թվականից ի վեր «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը հանդիսանում է ՎԶԵԲ-ի գործընկեր։ Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում իրականացրել է ավելի քան 3 միլիարդ եվրոյի ներդրումներ՝ ավելի քան 245 ծրագրերում, որոնց 86 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։