Սևանա լճի երիտասարդները COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացրել են 2050 -ի իրենց տեսլականը

Հոկտեմբերի 19-ին COP17-ի «Կանաչ գոտում» ուշադրության կենտրոնում են հայտնվել Սևանա լճի հարակից համայնքների երիտասարդները՝ ներկայացնելով հզոր հավաքական տեսլական այն մասին, թե ինչպիսին են ցանկանում տեսնել իրենց սիրելի լիճը 2050 -ին։
Ութ շաբաթների ընթացքում Սևանից, Գավառից, Մարտունուց, Վարդենիսից և Ճամբարակից 13-16 տարեկան 142 պատանիներ մասնակցել են բնապահպանական իրազեկման միջոցառումների և նկարչական մրցույթների։ Օգտագործելով կտավը, գույներն ու երևակայությունը՝ մասնակիցներն արտահայտել են, թե ինչ է նշանակում իրենց համար Սևանա լիճը և ինչպես են պատկերացնում նրա ապագան։

Ստեղծված բազմաթիվ աշխատանքներից ընտրվել են 50 լավագույնները և ներկայացվել COP17-ում։ Ցուցահանդեսը Սևանա լճի տարածաշրջանի երիտասարդներին ընձեռել է միջազգային ստեղծագործական հարթակ՝ իրենց գաղափարները, հույսերն ու բնապահպանական տեսակետները լայն լսարանի հետ կիսելու համար։
«Կանաչ գոտում» տեղի ունեցած հատուկ արարողության ընթացքում ընտրված 50 աշխատանքները ներկայացվել են COP17-ի այցելուներին։ Հուզիչ պահերից էր լավագույն երեք աշխատանքների հեղինակների ելույթը, ովքեր բեմից կիսվել են իրենց նկարների ստեղծման ոգեշնչմամբ և պատմություններով։
Երիտասարդ տեսանողներին պաշտոնապես ճանաչման վկայագրեր և մրցանակներ են հանձնել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին։ Երկու առաջնորդներն էլ միացել են երիտասարդ մասնակիցներին՝ նշելու նրանց ստեղծագործական տաղանդը, գեղարվեստական արտահայտչականությունը և նախաձեռնողական հանձնառությունը Սևանա լճի կայուն ապագայի հանդեպ։
Այս երիտասարդական նախաձեռնությունն իրականացվել է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ «ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման բարելավում» ծրագրի շրջանակներում։
Իմանալ ավելին




