Թիմ Եվրոպան Սյունիքում․ ներդրումները՝ նոր հնարավորությունների հիմք

Սյունիքում երկօրյա այցի ընթացքում Թիմ Եվրոպան ներկայացրեց, թե ինչպես են ենթակառուցվածքներում, բիզնեսում, կրթության, սոցիալական ծառայությունների, մշակույթի և շրջակա միջավայրի կայունության ոլորտներում իրականացվող ներդրումները միավորվում՝ տարածաշրջանում նոր հնարավորություններ ստեղծելու և կյանքի որակը բարելավելու ընդհանուր նպատակի շուրջ։
Սեպտեմբերի 22-ին «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» գործընկերներն այցելեցին Եվրոպական միության, Ֆրանսիայի և Նիդերլանդների աջակցությամբ իրականացվող ծրագրեր, այդ թվում՝ Սպանդարյանի ջրանցք, պատմական Տաթևի Մեծ Անապատ և Արծվանիկի «Արծվաբույն» տարեցների տուն։ Այցը հնարավորություն տվեց ծանոթանալու ոռոգման համակարգերի բարելավման, մշակութային ժառանգության պահպանման և համայնքային սոցիալական խնամքի ոլորտներում ներդրումների ազդեցությանը։ ԹՈՒՄՈ Կապանում գործընկերները հանդիպեցին նաև երիտասարդների հետ և ծանոթացան Գրինոպոլի ինտերակտիվ խաղին, որը նպաստում է բնապահպանական իրազեկվածության բարձրացմանը և կլիմայական գործողություններին։

Հաջորդ օրը գործընկերները հանդիպեցին մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ ամփոփելու «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում գրանցված առաջընթացը և քննարկելու հետագա համագործակցության առաջնահերթությունները։ Կապանում տեղական կաթնամթերք արտադրող ընկերություն, Լեհվազում խմելու ջրի ապահովման ծրագիր և «Մեղրի Ֆրութս» ընկերություն կատարած այցերը ցույց տվեցին, թե ինչպես է աջակցությունը նպաստում տեղական բիզնեսների զարգացմանը, հիմնական ծառայությունների հասանելիության բարելավմանը, աշխատատեղերի ստեղծմանը և արտահանման նոր հնարավորությունների բացմանը։
«Դիմակայուն Սյունիք» նախաձեռնության շրջանակում մոբիլիզացված 258 միլիոն եվրոյի շնորհիվ Թիմ Եվրոպան աջակցում է տարածաշրջանին՝ ներդրումներ իրականացնելով ենթակառուցվածքների, բիզնեսի և հմտությունների զարգացման, կրթության, սոցիալական ծառայությունների և բնական ռեսուրսների պատասխանատու կառավարման ուղղություններով։
Այս բոլոր ոլորտներում հիմնական ուղերձը հստակ է․ համատեղ աշխատանքի և Սյունիքի բնակիչների, համայնքների ու տնտեսության մեջ ներդրումների միջոցով Թիմ Եվրոպան նպաստում է տարածաշրջանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացմանն ու դիմակայունության ամրապնդմանը։
Իմանալ ավելին
#ResilientSyunik #TeamEurope #GlobalGateway




