Skip to main content

Պատմվածքների մշակույթի վերածնունդը Հայաստանում. Թումանյանի անվան պատմասության միջազգային փառատոն

Թումանյանի անվան պատմասության միջազգային փառատոնը ստեղծվել է հայկական պատմասության հարուստ ժառանգությունը վերակենդանացնելու և վերաիմաստավորելու նպատակով: Փառատոնը յուրօրինակ եռօրյա ամառային միջոցառում է, որը տեղի է ունենում Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռու մարզի գեղատեսիլ Թումանյան քաղաքում: Փառատոնը հնարավոր է դարձել իրականացնել Հայաստանում «EU4Business» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի շրջանակում՝ Creative Armenia-ի «Artbox» դրամաշնորհի միջոցով: 

Փառատոնը շփման, համագործակցության և ստեղծարար գաղափարների զարգացման տարածք է, որը նպաստում է Հայաստանի միջազգայնացմանը: Թումանյանի անվան պատմասության միջազգային փառատոնի համահիմնադիր Անուշ Թադևոսյանի խոսքով՝ փառատոնի նպատակներից մեկը մշակութային տուրիզմի և տնտեսական զարգացման խթանումն է՝ միջազգային և ներքին զբոսաշրջիկներին բերելով դեպի Թումանյան քաղաք, որը հարմարավետորեն գտնվում է Երևանի և Թբիլիսիի միջև ընկած ճանապարհի մեջտեղում:

Birthright Armenia-ի միջոցով Հայաստանում կամավորական գործունեության ընթացքում ձեռք բերած կապերը հուշեցին Անուշին ու նրա գործընկերներին համագործակցել մի նախագծի շուրջ, որը հնարավորություն կտար վերադառնալ իրենց սիրելի երկիր: Այս շարժառիթը նրանց ստիպեց ստեղծել պատմասության փառատոն Թումանյան քաղաքում, որը, նրանց կարծիքով, կատարյալ վայր էր: Ընտրված ժամանակահատվածը նրանց խոսքով հարմար էր, քանի որ բանավոր պատմասությունը վերածնունդ էր ապրում Հայստանում, իսկ Թումանյանի ժառանգությունը ոգեշնչման հարուստ աղբյուր դարձավ արվեստի այս ձևի համար: 

«Թումանյան քաղաքն ընտրվել է որպես փառատոնի անցկացման իդեալական վայր՝ տնտեսական և մշակութային աշխուժացման առկա նշանների պատճառով: Հոսթելի և Լուցկու տուփերի պիտակների թանգարանի առկայությունը վկայում էր այդ տարածքի զարգացման խոստումնալից սկզբի մասին: Պատմասության փառատոնի անցկացման համար հենց այս վայրի ընտրության ևս մեկ պատճառ կար, որն անկասկած Հովհաննես Թումանյանի ժառանգությունն էր, քանի որ նրա ստեղծագործությունները ոգեշնչել են շատերին տարածաշրջանում: Բացի այդ, փառատոնի անցկացման վայրը՝ Լոռու մարզի Դեբեդ կիրճում, որտեղ տեղի են ունեցել Թումանյանի բազմաթիվ պատմությունների գործողությունները, ավելի է ընդգծում կապը նրա ժառանգության հետ», – հավելեց Անուշը:

Նախագիծը ինկուբացվել է «Artbox»-ում 2022 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում։ ԵՄ աջակցությունը հնարավորություն տվեց կազմակերպիչներին անցկացնել իրենց առաջին փառատոնը: Չնայած նրանք նախատեսում էին փոքր փառատոն անցկացնել 2022 թվականի ամռանը, աջակցության շնորհիվ շատ ավելի մեծ և տպավորիչ միջոցառում անցկացվեց, որին մասնակցում էին միջազգային տաղանդները: 

Բազմաթիվ միջոցառումների և ներկայացումների շնորհիվ փառատոնը դարձել է պատմողական մշակույթի վառ տոն և տաղանդավոր արտիստների ցուցադրություն: Առաջին փառատոնի ժամանակ այցելուներին ներկայացվել են 40 ականավոր արտիստների, այդ թվում՝ աշխարհահռչակ երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանի և Սեբու Սիմոնյանի 12 կատարումներից բաղկացած տպավորիչ կատարումների շարք: Ելույթներից բացի, փառատոնում անցկացվել է 5-ժամյա անհատական պատմությունների վարպետության դաս, որին մասնակցել են 16 այցելուներ: Այս սեմինարը եզակի հնարավորություն է՝ փորձառու պատմասանի հետ մտերմիկ և ինտերակտիվ ուսուցում ձեռք բերելու համար:

Փառատոնը ներառում էր նաև բաց խոսափողի միջոցառում, որտեղ 8 կատարողներ ցուցադրել են իրենց բացառիկ տաղանդները: Ծրագիրը ներառել է նաև այցելություն Քոբայրի վանք, Դսեղ գյուղի՝ Թումանյանի տուն-թանգարան և ՔՈԱՖ այցելուների կենտրոն, որը բացառիկ հնարավորություն էր ընձեռում ծանոթանալու տեղի մշակույթին և պատմությանը: Ընդամենը երկու ամսվա պլանավորման արդյունքում փառատոնը հավաքել է շուրջ 200 մասնակից: 

Կազմակերպիչներն իրականացրել են հետփառատոնային հարցում՝ ազդեցությունը գնահատելու համար: «Հարցման արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների գրեթե 95 տոկոսը, ամենայն հավանականությամբ, կրկին կայցելի փառատոն և խորհուրդ կտա այն ընկերներին: Այս տվյալներն ու արձագանքները, որոնք մենք ստացել ենք ընդհանուր առմամբ, վկայում են Հայաստանում պատմությունը վերակենդանացնելու մեծ հետաքրքրության մասին», – շարունակեց Անուշը։  

Անուշի խոսքով՝ փառատոնը հետաքրքիր և ոգեշնչող հնարավորություն է ընձեռում շփվելու ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի ստեղծագործ մտքի հետ: «Փառատոնը օգուտ բերեց ոչ միայն մասնակիցներին, այլև հենց քաղաքին։ Սա հնարավորություն տվեց ծանոթանալ կատարողներին, կապեր հաստատել օտարերկրյա և տեղական արտիստների, ինչպես նաև մշակույթի պրոդյուսերների հետ, ինչը կարող է ոգեշնչել երիտասարդ սերնդին: Ավելին, այն նորանոր հնարավորություններ է բացում զբոսաշրջության և ներդրումների միջոցով տնտեսական զարգացման համար, քանի որ ավելի շատ մարդիկ են գալիս այստեղ՝ ծանոթանալու քաղաքի և հարակից տարածաշրջանի գեղեցկությանն ու հետաքրքիր անցյալին»,- ասաց Անուշը: 

2022 թ. բացման հաջող միջոցառումից հետո Թումանյանի անվան պատմասության միջազգային փառատոնն այս տարի կրկին կանցկացվի՝ օգոստոսի 25-27-ը: Ելույթներով, վարպետության դասերրվ և տեղական մշակութային վայրեր այցելություններով լի ծրագրի շնորհիվ փառատոնը խոստանում է լինել անմոռանալի: