Skip to main content

Մուլտֆիլմեր, կրթություն և նոր միջավայր․ ինչպես Զարինեն իր գաղափարը վերածեց համայնքային նախաձեռնության

17/08/2026

«Քույրս պատրաստվում էր երեխա ունենալ և ապրում էր արտերկրում։ Մի օր խոսակցության ընթացքում ասաց, որ անհանգստանում է՝ իր ապագա երեխան գուցե հայերեն չսովորի, քանի որ համացանցում, հատկապես «Յութուբ»-ում, սահմանափակ թվով հայերեն մանկական բովանդակություն կա։ Այդ խոսքը ստիպեց ինձ մտածել՝ ինչ կարող ենք անել, որ հայ երեխաները, անկախ նրանից՝ որտեղ են ապրում, դիտեն հայերեն որակյալ ու հետաքրքիր բովանդակություն»,- այսպես է ներկայացնում SKYE NET ծրագրի դրամաշնորհառու Զարինե Կիրակոսյանը։

Զարինեի համար այս ընտանեկան խոսակցությունը դարձավ նոր գաղափարի սկիզբ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքից երիտասարդ մասնագետն այդ շրջանում արդեն ուսումնասիրում էր տարբեր դրամաշնորհային ծրագրեր, որոնք հնարավորություն կտային միաժամանակ զարգացնել իր մասնագիտական գործունեությունը և ստեղծել համայնքի համար իրական արժեք ունեցող նախաձեռնություն։

SKYE NET ծրագրի հայտարարությունը տեսնելուն պես Զարինեն որոշեց բաց չթողնել հնարավորությունը և ներկայացրեց Ճամբարակում ստուդիա-սրճարան ստեղծելու իր գաղափարը՝ մի նախաձեռնություն, որը համատեղելու է բիզնեսն ու սոցիալական ազդեցությունը։ 

Գաղափարի հիմքը՝ ստուդիա-սրճարան

Զարինեի նախագծի առանցքում սահմանամերձ Ճամբարակում գործող ստուդիա-սրճարանի ստեղծումն է՝ ինքնաբավ մոդելով, որը համատեղում է կրթական, ստեղծարար և ձեռնարկատիրական բաղադրիչները։ Որպես անիմատոր՝ նա որոշել է իր մասնագիտական գիտելիքներն ուղղել համայնքի երեխաների զարգացմանն ու հայալեզու մանկական բովանդակության ստեղծմանը։

Նախագծի շրջանակում կստեղծվեն 2-3 րոպեանոց անիմացիոն ֆիլմեր, որոնք կհրապարակվեն թվային հարթակներում։ Դրանց գլխավոր հերոսը կլինի հայկական «Անահիտ» հեքիաթի ժամանակակից կերպարը, որը կարճ պատմությունների միջոցով երեխաներին կփոխանցի արժեքներ, նոր գիտելիքներ և դրական վարքագծի օրինակներ։

Նախագծի կարևոր առանձնահատկությունն այն է, որ երեխաները լինելու են ոչ միայն հանդիսատես, այլև համահեղինակներ։ Նրանք անմիջականորեն մասնակցելու են մուլտֆիլմերի ստեղծմանը՝ ներգրավվելով կերպարների մշակման, տեսանյութերի պատրաստման և ձայնային կրկնօրինակման աշխատանքներում։ Այսպիսով, անիմացիաները կստեղծվեն հենց համայնքի երեխաների մասնակցությամբ և կհնչյունավորվեն նրանց ձայներով։

Երեխաների մասնակցությունը ստեղծագործական գործընթացին կլինի կամավոր և տարիքին համապատասխան։ Նրանց ներգրավումը կիրականացվի անվտանգ և հոգատար միջավայրում՝ ծնողների համաձայնությամբ և երեխաների բարեկեցությունն ու անվտանգությունը հաշվի առնելով։ 

Դասընթացը և հնարավորությունը

SKYE NET ծրագրի շնորհիվ Զարինեն ոչ միայն ստացել է ֆինանսական աջակցություն, այլև ձեռք է բերել կարևոր հմտություններ բիզնեսի կառավարման, ֆինանսական պլանավորման, ռիսկերի գնահատման և մարքեթինգի ոլորտներում։

«Ծրագրից առաջ ես իմ նախագծի մասին մտածում էի հիմնականում որպես անիմատոր՝ կենտրոնացած էի վերջնական ստեղծագործական արդյունքի վրա, բայց ամբողջությամբ չէի գնահատում՝ ինչպես է այն գործելու որպես բիզնես։ Ծրագրի ընթացքում սովորեցի ավելի լայն նայել գաղափարին, հասկանալ՝ որն է իմ թիրախային լսարանը, ինչպես հասնել նրան, ինչպես հաշվարկել հնարավոր ռիսկերը և ինչ լուծումներ գտնել տարբեր իրավիճակներում», — նշում է նա։

Ինկուբացիոն փուլի ավարտին Զարինեն ստացել է 1.5 միլիոն դրամի դրամաշնորհ, որի շնորհիվ ձեռք է բերել ստուդիայի համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ՝ միկրոֆոններ, ականջակալներ, ինչպես նաև սրճարանի կահույք։ Նախագծի իրականացման մեջ ներդրել է նաև սեփական միջոցներ՝ ցույց տալով իր հավատը գաղափարի և դրա երկարաժամկետ զարգացման նկատմամբ։

Ստուդիա-սրճարանի նորարար ձևաչափը և համայնքային ազդեցությունը

Ստուդիա-սրճարանի ամենամեծ առանձնահատկությունը դրա նորարար ձևաչափն է․ այն վայր է, որտեղ համադրվում են ժամանցը, կրթությունն ու ստեղծարարությունը։ Այցելուները կարող են ժամանակ անցկացնել հարմարավետ միջավայրում, ծանոթանալ անիմացիոն ֆիլմերի ստեղծման գործընթացին, տեսնել՝ ինչպես են ծնվում գաղափարները, ինչպես են աշխատում համայնքի երեխաները և ինչպես է ձևավորվում հայալեզու նոր բովանդակությունը։

Ստուդիայի և սրճարանի ստեղծման աշխատանքներն ավարտվել են, և 2026 թվականի հուլիսին այն արդեն բացել է իր դռները այցելուների համար։ Այսօր «Ստուդիո 1»-ը Ճամբարակում ստեղծում է նոր միջավայր, որտեղ երեխաները հնարավորություն ունեն սովորելու ստեղծել անիմացիա, մասնակցելու ստեղծագործական գործընթացներին։

Զարինեի խորհուրդը գաղափար ունեցող, բայց ֆինանսական միջոցներ չունեցողներին

Իր փորձից ելնելով՝ Զարինեն նշում է, որ բիզնես սկսելու կամ գաղափարը կյանքի կոչելու համար պետք չէ վախենալ դժվարություններից կամ կանգ առնել կես ճանապարհին։ Նա ընդգծում է նաև, որ երիտասարդների համար բացվող հնարավորություններից պետք է անպայման օգտվել՝ անկախ նրանից՝ կստացվի ֆինանսավորում ներգրավել, թե ոչ, քանի որ նույնքան կարևոր են ձեռք բերվող փորձն ու հմտությունները։

«Ամեն անգամ, երբ որևէ խնդրի ես բախվում, պետք է հիշես՝ դա առաջին դեպքը չէ, և դու առաջինը չես, ով դրա առաջ կանգնում է։ Այդ խնդիրների լուծումները հաճախ արդեն կան՝ պարզապես պետք է փնտրել՝ լինի դա աշխատանքային, ֆինանսական, թե կազմակերպչական հարթությունում։ Կարևորը չկանգնելն է և շարունակել տարբերակներ գտնել»։

Զարինեի համար «Ստուդիո 1-լ»-ը պարզապես բիզնես չէ․ դա ապացույց է, որ սահմանամերձ համայնքը կարող է լինել ստեղծարարության վայր, ոչ թե միայն վայր, որտեղից մարդիկ հեռանում են։ SKYE NET-ի և EU4Youth-ի աջակցությամբ նա Ճամբարակում կառուցում է մի բան, ինչ համայնքն առաջ երբեք չի ունեցել՝ տարածք, որտեղ երեխաները կարող են սովորել անիմացիա, հնչեցնել հայկական մուլտֆիլմեր սեփական ձայներով և հավատալ, որ իրենց ստեղծածը կարևոր է։

«SKYE NET՝ Հմտություններ և գիտելիքներ երիտասարդների զորեղացման համար» ծրագիրն իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ EU4Youth ծրագրի շրջանակում, «Իրիս բիզնես ինկուբատոր»-ի, «Վորլդ Վիժն Վրաստան»-ի և «Միլենիում ուսուցման և զարգացման ինստիտուտ»-ի հետ համագործակցությամբ։

EU4Youth Phase III՝ Երիտասարդների զբաղվածություն և ձեռնարկատիրություն ծրագիրը, համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Լիտվայի Արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում է Կենտրոնական նախագծերի կառավարման գործակալության (CPVA) կողմից Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցություն տրամադրել պետական և ոչ պետական կազմակերպություններին՝ երիտասարդների շրջանում գործազրկության հաղթահարման և զբաղվածության բարելավման ուղղությամբ։

Մուլտֆիլմեր, կրթություն և նոր միջավայր․ ինչպես Զարինեն իր գաղափարը վերածեց համայնքային նախաձեռնության նյութն առաջինը հրապարակվել է  EU NEIGHBOURS east կայքում։