Skip to main content

Հասմիկը՝ Գյումրիի հայտնի դերձակը

59-ամյա Հասմիկ Խաչատրյանը 2015 թվականից Գյումրիում սկսել է իր բիզնեսը: Նա դերձակ է, որը Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ներքո «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում ընդլայնել է կարի իր արտադրամասը, ձեռք բերել կարի մեքենաներ և նոր աշխատատեղեր ստեղծել իր համաքաղաքացիների համար: Հասմիկը իր աշխատանքներում օգտագործում է Ամասիայի բրդի գործարանի բուրդը: Որպես դերձակ, Հասմիկը կարել է նաև հանրային օգտագործման համար նախատեսված քնապարկեր, գլխարկներ և այլ պարագաներ: «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում նա բրդյա վերմակներ է տրամադրել տեղահանված և Հայաստան եկած հազարավոր հայրենակիցների։

Հասմիկ, ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց:

Ես ինժեներ-տեխնոլոգ եմ՝ տրիկոտաժի մասնագիտությամբ: Մինչև ամուսնանալս աշխատել եմ, հետո ողջ ժամանակս տրամադրել ընտանիքիս: Երբ երեխաներս արդեն մեծ էին, իսկ ընտանեկան հոգսերը՝ շատ, որոշեցի իմ հոբբին վերածել աշխատանքի: Գրանցվել էի զբաղվածության կենտրոնում, որտեղ փոքր բիզնեսներին օգնելու համար ստեղծված տարբեր ծրագրերի մասին տեղեկացա: Դիմեցի կարի արտադրամաս ստեղծելու իմ բիզնես գաղափարով, ստացա նախնական հնարավորությունը, երկու փոքրիկ մեքենա գնեցի ու սկսեցի տարատեսակ կանացի և մանկական իրեր կարել: Երբ իմացա ԵՄ աջակցությամբ «Մարդը Կարիքի Մեջ» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի մասին, անմիջապես դիմեցի: Կազմակերպության ներկայացուցիչները եկան, ծանոթացան իմ արտադրամասին, տեսան պոտենցիալը և հնարավորություն տվեցին այն զարգացնել: Գնեցի երեք կարի մեքենա, որոնց կարիքը շատ ունեի: Իմ մեքենաները հին էին և սահմանափակ հնարավորություններ էին տալիս աշխատելու համար: Սկսեցի համագործակցել Ամասիայի բրդի գործարանի հետ: Սկզբում երեխաներիս համար էի կարում, նրանց շրջապատում մարդկանց մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ, և այդպես պատվերներ սկսեցի ընդունել:

Քովիդ-19 համավարակը փոքր և միջին շատ բիզնեսների վրա բացասական ազդեցությունն էր ունեցել: Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ համավարակը Ձեր աշխատանքի վրա:

Համավարակը չափազանց բացասական ազդեցություն ունեցավ։ Սկսվեցին տարատեսակ սահմանափակումները, գրեթե պատվերներ չունեինք:  Ես գիտեի, որ իմ մեջ մեծ ներուժ կա, և իմ գիտելիքներն օգնեցին, որպեսզի ողջ արտադրական պրոցեսն անխափան աշխատեր: Այս տարիքում ես հասկացա, որ եթե ես ինչ-որ մի բան ուզում եմ անել, ես կարող եմ անել դա ու անում եմ:

Ձեր ներուժը հենց այդ պայմաններում բացահայտեցի՞ք:

Ես շատ եմ սիրում շփվել մարդկանց հետ։ Բայց իմ ներուժի մասին միշտ եմ իմացել։ Նույնիսկ, որ ծրագրի շրջանակում իրականացվող բիզնես դասընթացներին էի մասնակցում, երբ մենթորները մեզ ներկայացնում էին բիզնես վարելու մանրամասները, ես զարմանում էի, գալիս տուն ու երեխաներիս ասում՝ ես էլ եմ հենց այդպես մտածում: Գյումրիում շատ արտելներ կան, որտեղ թե գնային առաջարկներն են լավը, թե նաև սպասարկումն ու որակը: Բայց մարդիկ գալիս են ինձ մոտ, մեծ ուրախությամբ շարունակում մնալ իմ հաճախորդը: Այդ ամենը տեսնելն ինձ համար մեծ երջանկություն է և ոչ մի վայրկյան չեմ փոշմանել, որ իմ հոբբին վերածել եմ սիրելի աշխատանքի: