Հայաստանցի մենթորները EU4Culture II համաժողովում քննարկել են մարզային մշակութային էկոհամակարգերի զարգացումը

Հայաստանից հրավիրված մենթորներն իրենց փորձառությամբ և մասնագիտական ներուժով միացել են նոյեմբերի 16-ին Թբիլիսիում կայացած «Կապելով ստեղծարար էկոհամակարգերը» տարածաշրջանային համաժողովին։ Նրանք առանցքային ներդրում են ունենալու ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող EU4Culture II ծրագրի շրջանակում ընտրված նախաձեռնությունների և կազմակերպությունների հետագա զարգացման գործում՝ մասնավորապես աշխատելով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի «Living Labs»-ների, ինչպես նաև մշակութային միջնորդ կազմակերպությունների հետ։
Հայաստանում EU4Culture ծրագիրն առանձնահատուկ կարևորություն ունի մայրաքաղաքից դուրս մշակութային կյանքի աշխուժացման և տեղական համայնքների հզորացման տեսանկյունից։ Ներդրումներ կատարելով մշակույթի և ստեղծարարության ոլորտներում՝ Եվրոպական միությունը նպաստում է, որպեսզի դրանք Հայաստանում դառնան սոցիալական դիմակայունության, տնտեսական աճի և համայնքային զարգացման իրական շարժիչ ուժ՝ ստեղծելով համագործակցության նոր հարթակներ ու հնարավորություններ։
Համաժողովը, որը միավորել էր ոլորտի առաջատար մասնագետներին և փորձագետներին, նվիրված էր ստեղծարար ձեռներեցներին աջակցության մեխանիզմներին, միջսահմանային գործընկերությունների ընդլայնմանը և մարզերում մշակութային միջավայրի ամրապնդման ուղիներին։
Տեղեկանք. «EU4Culture II – Կայուն ստեղծարար էկոհամակարգեր» ծրագիրը Եվրոպական հանձնաժողովի #CultureCompassEurope նախաձեռնության առաջատար ծրագրերից է: Ֆինանսավորվելով Եվրոպական միության և իրականացվելով Գյոթե ինստիտուտի կողմից՝ այս նախաձեռնությունը զորեղացնում է մշակութային գործիչներին, ամրապնդում մարզային տնտեսական դիմակայունությունը և խթանում կենսունակ, փոխկապակցված ստեղծարար ոլորտ ամբողջ Հայաստանում:
Իմացիր ավելին




