Skip to main content

Հայաստանյան ընկերությունները նոր միջոցներ կստանան ՎԶԵԲ-ից և ԵՄ-ից

  • ՎԶԵԲ-ը 25 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով ֆինանսական փաթեթ է տրամադրում ԱԿԲԱ բանկին` հայաստանյան մասնավոր բիզնեսներին վարկեր տրամադրելու նպատակով։
  • Ֆինանսավորման նպատակը․ աջակցել ՄՓՄՁ-ներին և կանանց կողմից ղեկավարվող ընկերություններին։ Միջոցների մի մասը տրամադրում է ԵՄ-ն։
  • ՎԶԵԲ-ը 8,5 մլն ԱՄՆ դոլարով ավելացնում է առևտրի ֆինանսավորումը ներմուծողների և արտահանողների համար։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 25 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով ֆինանսական փաթեթ է տրամադրում ԱԿԲԱ բանկին՝ խթանելու միկրո, փոքր, միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ների) և կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների վարկավորումը Հայաստանի ողջ տարածքում:  

25 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով ֆինանսական փաթեթը ստորագրել են ԱԿԲԱ բանկի գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն վերջինիս՝ Հայաստան կատարած երկօրյա այցի ընթացքում։ Ստորագրման արարողությանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։

ԱԿԲԱ բանկը կստանա 7 միլիոն ԱՄՆ դոլար ԵՄ-ն Բիզնեսի համար – ՎԶԵԲ վարկային ծրագրի շրջանակներում՝ օգնելու տեղական ընկերություններին դառնալ ավելի մրցունակ՝ իրենց արտադրողականությունը բարելավելու, կանաչ տեխնոլոգիաներում ներդրումներ անելու և ապրանքների ու ծառայությունների որակը բարձրացնելու միջոցով: Վարկի առնվազն 70 տոկոսը կօգտագործվի կանաչ ներդրումների ֆինանսավորման համար ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (GET) մոտեցման և Եվրոպական միության (ԵՄ) Կանաչ գործարքի համաձայն: Եվրոպական միությունը (ԵՄ) համալրում է այս առաջարկը՝ տրամադրելով մինչև 15 տոկոս խրախուսական դրամաշնորհներ և անվճար տեխնիկական աջակցություն ԵՄ-ն Բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում։ Այս ներդրումային ծրագիրը նպաստում է Արևելյան գործընկերության երկրներում ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի (EIP) իրականացմանը: Հայաստանի համար Տնտեսական և ներդրումային պլանի հիմնական առաջնահերթություններից մեկը կայուն, նորարար և մրցունակ տնտեսության խթանումն է՝ ուղղակիորեն աջակցելով Հայաստանում մինչև 30,000 ՓՄՁ-ների:

Որպես ֆինանսական փաթեթի մի մաս, 4 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի Կանայք բիզնեսում (WiB) ծրագրի շրջանակներում, որը խթանում է բիզնեսում կանանց մասնակցությունը՝ նպաստելով ֆինանսավորման և գիտելիքների հասանելիությանը: Ծրագիրը համատեղում է հետևյալը․ ֆինանսավորում, տեխնիկական աջակցություն և ռիսկերի նվազեցում` տեղական ֆինանսական հաստատությունների առաջին կորուստները ծածկելու տեսքով, ԵՄ-ի կողմից աջակցությամբ: Սա այս ծրագրի շրջանակներում ԱԿԲԱ բանկի ստացած երկրորդ վարկն է։

Մնացած 14 միլիոն ԱՄՆ դոլարը կօգտագործվի տեղական ՄՓՄՁ-ների հետագա զարգացմանն աջակցելու նպատակով և կօգնի ԱԿԲԱ բանկին ընդլայնել իր վարկային պորտֆելը: Ֆինանսավորումը հասանելի կլինի թե՛ ԱՄՆ դոլարով, և թե՛ ՀՀ դրամով՝ պաշտպանելով վարկառուներին արտարժույթի հետ կապված ռիսկերից:

Ի լրումն այս ֆինանսական փաթեթին, ՎԶԵԲ-ը նաև ուժեղացնում է արտահանողներին և ներմուծողներին ցուցաբերվող աջակցությունը՝ 8,5 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացնելով ԱԿԲԱ բանկին տրամադրվող՝ առևտրի ֆինանսավորման սահմանաչափը և հասցնելով այն մինչև 12 միլիոն ԱՄՆ դոլար իր՝ Առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակներում: Սա հնարավորություն կընձեռի բավարարել շուկայի աճող պահանջարկը և առաջարկել առևտրի ֆինանսավորում և ռիսկերի նվազեցում առևտրային գործարքների համար:

ԱԿԲԱ բանկը Հայաստանի առաջատար բանկերից է, որը ֆիզիկական անձանց և ՓՄՁ-ներին առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: Այն ակտիվներով չորրորդ խոշորագույն բանկն է Հայաստանում և գերիշխող դիրք ունի գյուղատնտեսության և գյուղական վայրերում ՄՓՄՁ-ների վարկավորման ոլորտում: