Skip to main content

Բարձր տեխնոլոգիաների նորարար ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիր

Եվրոպական միությունը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ 2019թ.  հայտարարեցին «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» հիմնադրման մեկնարկի մասին։ Համալիրը, որպես առաջադեմ STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) էկոհամակարգ, լինելու է կրթական և համագործակցության հարթակ Հայաստանի երիտասարդների համար։ Համալիրի տնօրեն Էրեբունի Թորոսյանը նշում է, որ այն թույլ կտա ստեղծել նոր կենսունակ մի միջավայր բարձր տեխնոլոգիական նորարարություններն ու առաջադեմ կրթությունն ամբողջ երկրում խթանելու համար։ Նրա հետ զրույցը ներկայացնում է կենտրոնի վերաբերյալ բազմաթիվ մանրամասներ։

– Տիկին Թորոսյան, խնդրում ենք մեզ օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչ է «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագիծը։

– Համալիրը լինելու է բազմաֆունկցիոնալ կամպուս, որը կմիավորի ակադեմիան և արդյունաբերությունը, կամուրջ կդառնա տեղացի ուսանողների, հետազոտողների և տեխնոլոգների միջև։ Այստեղ ուսանողները և երիտասարդ մասնագետները ձեռք կբերեն առաջատար կրթություն ինժեներական և կիրառական գիտությունների ոլորտներում, ինչը նպատակաուղղված է աշխատաշուկային նրանց նախապատրատելուն և գլոբալ մակարդակում մրցակցային դարձնելուն: Համալիրը հետագայում կգործի որպես հարթակ գոյություն ունեցող նախաձեռնությունների համար՝ ներառյալ ստարտափերը,  ինկուբատորները, աքսելերատորները, բուհերն ու արդյունաբերությունը: Համալիրը կներառի Թումո լաբորատորիաները, «42 Երևան» ծրագրավորման դպրոցը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, համատեղ աշխատանքի տարածք, համաֆինանսավորվող միավորներ, կոնֆերանս կենտրոն և կոմերցիոն տարածք։ Այս բաղադրիչները, գտնվելով մեկ տեղում, կստեղծեն արդյունավետ կապեր, կբարձրացնեն հնարավորությունները և կխթանեն ռեսուրսների համատեղ օգտագործումն ու համագործակցությունը: «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը» կդառնա ինքնաբավ  էկոհամակարգ։

– Ու՞մ համար է նախատեսված այս համալիրը և որքա՞ն են վարձավճարները։

– Թումո լաբորատորիաների նախագծերը նախատեսված են ուսանողների, հետազոտողների և երիտասարդ մասնագետների համար, մինչդեռ «42 Երևան» ծրագրավորման դպրոցում կարող են ուսանել 18  տարին լրացած անձինք, որոնք չունեն ոլորտային գիտելիքներ։ Թե՛ Թումոյի լաբորատորիաների նախագծերը, և թե՛ «42 Երևան» ծրագրավորման դպրոցը լիովին անվճար են լինելու մասնակիցների համար։

– Ի՞նչ փուլում են գտնվում շինարարության և ծրագրի նախապատրաստական աշխատանքները։

– Ծրագրի ուսումնական բաղադրիչները բուռն ընթացքի մեջ են: Մենք հիանալի համագործակցություններ ստեղծեցինք տեղական համալսարանների հետ և սկսեցինք Թումո լաբորատորիաների մեր առաջին նախագիծը 2019թ. դեկտեմբերին. դրանից հետո մենք կանգ չենք առել: Մինչ այժմ ունեցել ենք ավելի քան 50 երիտասարդ մասնագետներ, որոնք մասնակցել են նախագծերին, նրանցից շատերը մեր տեղական համալսարաններից էին՝ ներառյալ պետական և մասնավոր ուսումնական հաստատությունները: Կորպորացիաների հետ անմիջական համագործակցությամբ իրականացվող նախագծերի շրջանակում ուսումնասիրվել են թվային առողջապահության, արհեստական բանականության, Argri-Tech, IoT բնագավառների տեխնոլոգիաներ և թեմաներ։ Մենք նաև հաջողությամբ մեկնարկեցինք «42 Երևանի» գրանցման փուլը: Ունեցանք ավելի քան 3000 դիմորդ, հարյուրավոր մարդիկ անցան ամբողջական գրանցումը՝ պատրաստվելով սեպտեմբերին նախատեսվող հաջորդ՝ «Piscine» փուլին, որին անհամբերությամբ սպասում ենք։

– Ե՞րբ է ակնկալվում համալրիր պաշտոնական բացումը։

– Մենք սերտորեն համագործակցում ենք նախագծի ճարտարապետական և դիզայներական ընկերության՝ «MVRDV» կազմակերպության հետ ոչ միայն ծրագրերին հարմար շինություն ստեղծելու, այլև շրջակա տարածքին այն գեղեցիկ համադրելու ուղղությամբ։  Քանի որ շինարարությունը սկսվելու է 2021թվականին, ակնկալում ենք, որ համալիրն իր դռները բոլորի առաջ կբացի 2023-ին։

– Ի՞նչ օգուտ կամ խոշոր փոփոխություններ կբերի համալիրը Հայաստանին և նրա ժողովրդին։

– Սա հնարավորություն կտա երիտասարդներին տեսնելու, թե ինչպես է ինժեներիայի և կիրառական գիտությունների ոլորտներում իրենց կարողությունների զարգացումը ապահովում իրենց համար ոչ միայն աշխատանք, այլև երկարաժամկետ կարիերա հայկական տեխնոլոգիական ոլորտում, որը, ինչպես գիտենք, կարող է դառնալ տնտեսության խթանման հիմնական ուղղություններից։ Սա հնարավորություն է ավելի լայնորեն կապելու արդյունաբերությունն ու կրթությունը և դրանց համապատասխան կարիքները։ Ուսանողներն ու երիտասարդ մասնագետները գործնական համագործակցության շնորհիվ ավելի վաղ են ծանոթանում արդյունաբերության ոլորտին։ Իր հերթին, արդյունաբերությունն անմիջականորեն հաղորդակցվում է այն հմտություններին ու թեմաներին, որոնց շուրջ աշխատում են ուսանողները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը աճող շուկայի կարիքներին։ Համատեղ կենտրոնը նաև համալիրի սիրտն է. մի վայր, որտեղ կփոխանակվեն գիտելիքներով, կգեներացվեն և կզարգանան մտքեր, ակադեմիան և արդյունաբերությունը կմիանան լուծելու արդյունաբերական խնդիրները, իսկ գիտահետազոտական (R&D) ուղղությունը կծաղկի։ Բացի այդ, համատեղ կենտրոնը նաև կստեղծի այս ամենը մեկ տեղում կենտրոնացնող ֆիզիկական միջավայր. դինամիկ միջավայր ոչ միայն ծրագրերի անդամների և նրանց ցանցի, այլև ավելի լայն հասարակության հնարավորությունների ընդլայնման համար։

– Հաշվի առնելով նախագծի շրջանակը, որքա՞ն կարևոր է Եվրոպական միության ներդրումը և ի՞նչ աջակցություն է կառույցը ցուցաբերել նախագծին։

– Եվրոպական միությունը ոչ միայն ամբողջությամբ ֆինանսավորեց նախագիծը, այլև ապահովում է դրա շարունակական ընդլայնումն ու փորձագիտական աջակցությունը, ինչը մեզ թույլ է տալիս առաջ ընթանալ։ Մենք հպարտ ենք «ԵՄ-ն Հայաստանի համար» նախագծերի մասնակից լինելու համար։

– Այս նախագիծը, թվում է, իրոք միջազգային է. դրան մասնակցում են մեծ թվով եվրոպացի գործընկերներ։ Խնդրում եմ պատմել ձեր բազմազան թիմի մասին։

– Մենք հաջողակ ենք, քանի որ ունենք այսպիսի պայծառ ու եռանդուն թիմ, որի յուրաքանչյուր անդամ ունի հսկայական փորձ և բազում աղբյուրներից ստացված հարուստ գիտելիքների պաշար։ Թիմում ընդգրկված են նախագծերի ավագ ղեկավարներ Էմին Սինանին Նիդերլանդներից, Բահարե Ֆատեմին Միացյալ Թագավորությունից, ծրագրի ղեկավար Էդիտա Ղազարյանն ու նախագծի ֆինանսական վերահսկող Եվգենյա Շամշյանը Երևանից, ինչպես նաև մեր պրակտիկանտներ հայրենադարձ Մարսելին Աղաջանյանն ու Ռուբեն Միրզոյանը Երևանից։ Սա մեզ տվել է իրապես համախմբվելու, մտքեր, տարբեր երկրների ու արդյունաբերությունների լավագույն փորձ փոխանակելու և միասին այս շատ հետաքրքիր նախագիծը կյանքի կոչելու հնարավորություն։