Կրթությունից՝ արտադրություն․ Ամբերդի աշակերտների սոցիալական ձեռնարկատիրական նախագիծը

Էջմիածնից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Արագածի լանջին գտնվող Ամբերդ գյուղի միակ դպրոցում արդեն տարիներ շարունակ գործում է յուրահատուկ մոդել, որը հազվադեպ կարելի է հանդիպել Հայաստանի այլ կրթական հաստատություններում։ Դպրոցում հանրակրթական առարկաների ուսուցմանը զուգահեռ աշակերտները ներգրավվում են նաև իրական գյուղատնտեսական աշխատանքներում։
Այս փորձի հիման վրա դպրոցի ավագ դասարանների աշակերտները որոշեցին իրենց կարողությունները փորձել նաև այլ ուղղությամբ՝ ձևավորելով աշակերտական սոցիալական ձեռնարկատիրական նախաձեռնություն և դիմել Եվրոպական միության EU4Youth ծրագրի շրջանակում իրականացվող՝ «Երիտասարդների կողմից սոցիալական ձեռնարկատիրության և կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում՝ նորարարական աշակերտական սոցիալական ձեռնարկությունների մոտեցման միջոցով» ծրագրին, որն իրականացվում է CODE Social Entrepreneurship HUB հասարակական կազմակերպության կողմից, որը (www.codesehub.com) ակտիվորեն նպաստում է Հայաստանում և դրա սահմաններից դուրս սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգի զարգացմանը։
Աշակերտական նախաձեռնությունը կոչվում է «Հանի բերդ»։ Անվանումը ձևավորվել է երկու բառի համադրությամբ՝ «Հանի» (honey՝ մեղր) և իրենց գյուղի՝ Ամբերդ անվանումից։ «Հանի բերդ» նախաձեռնության հիմքում ընկած է բնական, առողջարար և սննդարար քաղցրավենիքի արտադրությունը, որը ստեղծվում է Ամբերդի դպրոցի աշակերտների ձեռքով։
Ծրագրին դիմելուց և որպես մասնակից ընտրվելուց հետո 7-8 հոգուց բաղկացած աշակերտական խումբը մասնակցել է տարբեր դասընթացների՝ ուսումնասիրելով բիզնեսի ստեղծման հիմնական նախադրյալներն ու ուղղությունները։ Այդ ընթացքում աշակերտները ձեռք են բերել մի շարք կարևոր հմտություններ՝ մարքեթինգի, հաշվապահության, ֆինանսների կառավարան ոլորտներում, ինչպես նաև ընդհանուր բիզնես մտածելակերպի ձևավորում։
Դասընթացների մասնակցությունից հետո «Հանի բերդ» նախագծի գաղափարը ստացավ 1000 եվրո ենթադրամաշնորհ, ինչը թիմի համար դարձավ հիմք՝ զրոյից սեփական արտադրանքը պատրաստելու համար: Աշակերտները ձեռք բերեցին չիր չորացնելու հատուկ սարքեր և փաթեթավորման պարագաներ։


Այս ներդրումների շնորհիվ աշակերտները հնարավորություն ստացան տեսական գիտելիքները կիրառել գործնականում և դպրոցում ձևավորել փոքր արտադրական միջավայր։ Դրամաշնորհը նրանց թույլ տվեց ինքնուրույն կազմակերպել արտադրական գործընթացը՝ սկսած մրգի ձեռք բերումից, վերամշակումից մինչև վերջնական փաթեթավորում և վաճառք։
«Այս ամենի շնորհիվ սՍովորեցինք աշխատել որպես թիմ, բաժանել պարտականությունները, պատասխանատվություն վերցնել և հասկանալ, թե ինչպես է գաղափարը վերածվում իրական արդյունքի», — նշում է նախագծի մասնակիցներիից Լիանա Հարությունյանը։
«Հանի բերդ» սոցիալական ձեռնարկատիրության հաջողության պատմությունն ու դրա ձևավորման ընթացքը անհնար է պատկերացնել առանց նպատակասլաց աշակերտների թիմի, որոնց անձնական հետաքրքրություններն ու ապագայի մասնագիտական կողմնորոշումները միավորվել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ձևավորելով իրական սոցիալական նախաձեռնություն։ Այս գործում յուրաքանչյուր աշակերտ իր գործն ունի՝ մեկը զբաղվում է մարքեթինգով և վաճառքով, մյուսը կազմակերպում է արտադրական գործընթացեը, ոմանք էլ զբաղվում են լոգիստիկայով։
Ծրագրի մասնակից աշակերտները նշում են, որ այս փորձը փոխել է ոչ միայն իրենց պատկերացումները սեփական կարողությունների մասին, այլև օգնել է ավելի վստահ շփվել մարդկանց հետ, ներկայացնել սեփական գաղափարները և ավելի հստակ պատկերացնել իրենց ապագա մասնագիտական ճանապարհը։ Նրանց խոսքով՝ նախաձեռնությունը հնարավորություն է տվել արդեն դպրոցական տարիներին փորձ ձեռք բերել իրական աշխատանքային միջավայրում և հասկանալ, թե ինչպես կարող է գաղափարը վերածվել արդյունքի։
«Այս ծրագիրը մեզ օգնեց հասկանալ, որ կարող ենք ունենալ սեփական բիզնես։ Այն մեզ վստահություն տվեց, որ ապագայում իսկապես կարող ենք դա իրականացնել»,- նշում է ծրագրի մասնակիցներից Մարիամը։
Մասնակիցները նաև ընդգծում են, որ ծրագրի ընթացքում զարգացրել են հաղորդակցման և ներկայացման հմտությունները․ «Սկզբում մի քիչ դժվար էր մարդկանց ներկայացնել մեր արտադրանքը, բայց հետո հասկացանք, որ եթե ինքներս հավատում ենք մեր գաղափարին, կարող ենք դա փոխանցել նաև ուրիշներին։ Այսօր արդեն կարողանում ենք առանց ամաչելու պատմել մեր աշխատանքի մասին, բացատրել՝ ինչու է մեր արտադրանքը առանձնահատուկ և ինչու մարդիկ կարող են ընտրել այն», — նշում է ծրագրի մասնակից Լիանա Հարությունյանը։
Դպրոցի դերը և մոդելը
Դպրոցի տնօրեն Զոհրաբ Մաղաքյանի խոսքով՝ արտադրությունը կրթության շարունակությունն է և չեն առանձնանցում ուսուցումը գործնական աշխատանքից, ինչի շնորհիվ բարձրացնում է երեխայի դերը և նրա ինքնագնահատականը։ «Աշակերտը իր աշխատանքի միջոցով կարողանում է նաև սոցիալական օգտակարություն տալ, դառնում է կարող ուժ՝ օգնելու մարդկանց, ավելի մարդակենտրոն մտածողությամբ։ Մենք մարտահրավեր ենք նետում բոլորին, և ուզում ենք, որ այս սկզբունքը շարունակվի նաև մեր գործունեությունից հետո», — նշում է դպրոցի տնօրենը։։
Դպրոցն ունի զարգացած գյուղատնտեսական բազա՝ դեղձի, ծիրանի, սալորի այգիներ, ջերմատուն և մեղվափեթակներ։ Աշխատանքներում ներգրավված են աշակերտները, ուսուցիչները և դպրոցի մյուս աշխատակիցները։
Արտադրանքի առանձնահատկությունները
«Հանի բերդ» արտադրանքի հումքը բնական չրերն ու մեղրն են։ Որպես հումք օգտագործվում են դպրոցի այգիներում աճեցված, ինչպես նաև գյուղացիներից գնված էկոլոգիապես մաքուր դեղձը, սալորն ու ծիրանը։
Չրերը մանրացվում են և ավելացվում է մեղր, իսկ ստացված զանգվածից աշակերտները ձևավորում են կոնֆետներ։ Արտադրանքը վաճառվում է գյուղում՝ ծանոթների միջոցով, ինչպես նաև օնլայն՝ սոցիալական հարթակներով։
«Հանի բերդ» կոնֆետները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են բնական սնունդ։ Արտադրանքի մեջ չկան արհեստական գունանյութեր, համի ուժեղացուցիչներ կամ կոնսերվանտներ։
«Հանի բերդ»-ի պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ փոքր գյուղական դպրոցում կարող են ծնվել գաղափարներ, որոնք աշակերտներին տալիս են ինքնավստահություն, փորձ և սեփական ապագան կառուցելու հավատ։
Կրթությունից՝ արտադրություն․ Ամբերդի աշակերտների սոցիալական ձեռնարկատիրական նախագիծը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։


