Skip to main content

Կենսաբանության ուսուցչուհին ԵՄ աջակցության շնորհիվ իրականացրել է իր երազանքը՝ հիմնելով օրգանական տնտեսություն

Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելու նպատակով 2015 թ.-ից մեկնարկած ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն /ՕԳԱՆ/ դրամաշնորհային ծրագրի շնորհիվ տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքների համար ստեղծվել են արտադրանքն իրացնելու բարենպաստ պայմաններ։

Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Գոհար Մովսիսյանի «Բարի ֆարմ» անվանումով արտադրանքը՝ օրգանական մրգերն ու բանջարեղենը, այս ծրագրի շնորհիվ շուկայում նոր դիրքեր է զբաղեցրել:

Գոհարը խոստովանում է, որ թեպետ «Բարի ֆարմը» ընտանեկան բիզնես է, և ընտանիքի յուրաքանչյուր անդամն իր գարծառույթն ունի, սակայն, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու գաղափարը բացառապես իրենն է, որին, ի դեպ, ի սկզբանե շատերը թերհավատորեն են մոտեցել:

«Շատերը չէին հավատում, որ հնարավոր է ստեղծել օրգանական տնտեսություն, հնարավոր է նաև իրացում ունենալ, բայց ապացուցեցինք, որ հնարավոր է: Ինչ-որ տեղ ես ինձ հաղթանակած եմ զգում»,- ասում է նա:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը կապեր է ստեղծել հայ ֆերմերների և վերամշակողների և հայ գնորդների ու շահագրգիռ եվրոպական ու այլ միջազգային ընկերությունների միջև: Հայ օրգանական մթերք արտադրողները հնարավորություն են ստացել մասնակցելու միջազգային օրգանական տոնավաճառներին: Գոհար Մովսիսյանը մասնակցել է Գերմանիայում օրգանական սննդամթերքի հայտնի «Բիոֆախ» ցուցահանդեսին, որից վերադարձել է նոր գաղափարներով:

«Ամենակարևոր գաղափարն այն է, որ սալորի այգում ցանկանում եմ ստեղծել փոքրիկ արտադրություն, որպեսզի զբաղվեմ սալորի վերամշակմամբ»,- մանրամասնում է նա:

«Բարի Ֆարմն» արդեն ունի օրգանական հավաստագրման սերտիֆիկացում, ինչը, Գոհար Մովսիսյանի խոսքով՝ իր երկար տարիների երազանքի իրականացման վկայությունն է․

«Եվրոպական միության աջակցությունը միայն տեխնիկական չէր, այլև բարոյական մեծ աջակցություն էր: Այն խթան էր, որ իմ գրեթե 10 տարվա երազանքն իրականանա: Ես ուղղակի փայփայում էի օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու միտքը, և ի վերջո, Եվրամիության շնորհիվ, այն դարձավ իրական»: