Skip to main content

Ծնողավարման մեջ կանանց ու տղամարդկանց դերերի ընկալման փոփոխությունը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնների միջոցով

Հայաստանում, ըստ հետազոտությունների, վերջին տարիներին հայրիկներն ավելի շատ են ներգրավված երեխաների խնամքում և կրթության մեջ, սակայն նրանց զգալի տոկոսն ընդունում է, որ իրենց դերն, այդուհանդերձ, երկրորդական է՝ կանայք են կատարում երեխաների խնամքի համար անհրաժեշտ աշխատանքի մեծ մասը։
Կանանց և տղամարդկանց հավասարությունը ոչ միայն Եվրոպական միության և ՄԱԿ-ի հիմնարար արժեքներից է, այլև պետության համար տնտեսական հիմնավոր նշանակություն ունի։ Գենդերային կարծրատիպերի վերացումն այս տեսանկյունից շատ կարևոր է։ Այդ նպատակով, Եվրոպական միության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և «ՄԱԿ-Կանայք»-ի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ստեղծվել են «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնները։ Դրանք մարզի երիտասարդ կանանց ու տղամարդկանց համար հանդիպումների, դասընթացների և միջոցառումների կազմակերպման հարթակ են ծառայում՝ ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարության մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը։

Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում։ Հայաստանում ծրագիրն իրականացնում է ՄԱԲՀ-ն՝ Եվրոպական միության թիրախ երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։ 
Երեք մարզերում գործող «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոններում պարբերաբար անցկացվել են թեմատիկ դասընթացներ, աշխատարաններ, մրցույթներ ու քննարկումներ։ Արդյունքում ներկա և ապագա ծնողները ծանոթացել են ներդաշնակ հարաբերություններ ունենալու, ամուսինների միջև դերերի ճիշտ բաշխման, երեխաների համատեղ խնամքն իրականացնելու և ընտանեկան բռնությունը կանխարգելելու սկզբունքներին։

«Մեր առաքելությունն է մեր երկրում ստեղծել այնպիսի միջավայր, որ յուրաքանչյուր անհատ լիովին կարողանա իրացնել իր ներուժը, ինչից կշահեն թե՛ ընտանիքը, թե՛ համայնքն ու պետությունը։ Մենք աշխատում ենք թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հետ՝ փորձելով մի կողմից հզորացնել կանանց, մյուս կողմից՝ տղամարդկանց ավելի շատ ներգրավել ընտանիքի և երեխայի խնամքի գործերում»,- ասում է ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը:

Ծրագրի իրականացման ընթացքում մոտ 560 հայաստանցի երիտասարդներ խորացրել են ընտանիքում տղամարդկանց ներգրավվածության, դրական ծնողավարման և գենդերային հավասարության վերաբերյալ իրենց գիտելիքները:

«Հոգատար ամուսին լինելու համար միայն ընտանիքի ֆինանսական կարիքները հոգալը բավարար չէ: Հոգատարությունն, առաջին հերթին, տան գործերի և երեխայի խնամքի պատասխանատվությունը հավասարապես կիսելն է։ Սա ամենակարևոր համոզմունքն է, որ իմ մեջ ամրապնդվել է «Հայրիկների դպրոցի» արդյունքում»,- շեշտում է դասընթացի մասնակից 29-ամյա Կարենը։  

«Ընտանիքի անկյուններում» իրականացված դասընթացների մասնակիցներն ուսումնասիրել են երեխայի խնամքի մեջ հոր ներգրավվածությունն ավելացնելու լավագույն ուղիները և բարելավել կանանց ու տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ իրենց պատկերացումները՝ մասնակցելով «Հայրիկների դպրոցներին» եւ «Հոգատարություն հանուն հավասարության» ծնողավարման դասընթացներին, որոնք իրականացվել են ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ։  

«Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում «Հայրիկների դպրոց»-ի մոդելի ներդրման և ծնողավարման երկամսյա դասընթացների իրականացման արդյունքում այժմ ունենք պատասխանատու հայրության և դրական ծնողավարման մասին հարուստ գիտելիքներով ընտանիքներ, ինչպես նաև գենդերային իրավահավասարությունն արժևորող երիտասարդներ: Մենք հավատում ենք, որ առողջ և երջանիկ հասարակությունը հիմնված է այն ընտանիքների վրա, որտեղ կան հոգատար տղամարդիկ, ներգրավված հայրեր և փոխըմբռնող ամուսիններ»,- ասում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

Իր տեսակի մեջ առաջին այս ծրագրի նախագծման համար հիմք են ծառայել իրավիճակի խորքային վերլուծությունը և վեց երկրների հետ միջկառավարական խորհրդակցությունները։ Ծրագիրը նախագծված է այնպես, որ ընդգրկի կառավարական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անհատների մեծ շրջանակ։

Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում Եվրոպական միությանն ու վեց մասնակից երկրներին՝ ազդելու գենդերային հավասարության հետ կապված սոցիալական դիսկուրսի, ընկալումների և գործելակարգերի վրա՝ գենդերային հավասարության ու համապատասխան ԿԶՆ-ներին հասնելու վերջնական նպատակով։