Skip to main content

Իջևանը շահել է EU4Culture ծրագրի դրամաշնորհը, և կստանա ԵՄ ֆինանսավորում իր կողմից մշակված Մշակութային զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար

Իջևան քաղաքը հաղթել է EU4Culture ծրագրի մրցույթում, և Եվրոպական միության կողմից կստանա մինչև 300,000 եվրո դրամաշնորհ՝ քաղաքի Մշակութային զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար: Պաշտոնական մրցանակի հանձնումը տեղի ունեցավ Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի աշխատասենյակում ս/թ սեպտեմբերի 22-ին: Միջոցառմանը ներկա էին EU4Culture ծրագրի ղեկավար Անատոլի Բայֆերթը, Ազգային համակարգողը և Իջևանի թիմի անդամներ:

Ծրագրի նախորդ փուլում Իջևան, Սևան և Չարենցավան քաղաքները ստացել են ԵՄ դրամաշնորհ 30,000 եվրոյի չափով՝ այդ քաղաքների մշակութային զարգացմանը նպաստելու և մշակութային զարգացման ռազմավարություններ պատրաստելու համար: Վերջնական փաստաթղթի գնահատումից հետո Իջևան քաղաքը կստանա 300,000 եվրո ֆինանսավորում՝ մշակված ռազմավարությունը իրականացնելու համար:

Իջևան քաղաքի մշակութային ռազմավարության կենտրոնական մոտեցումներն են մշակութային ապակենտրոնացված զարգացումը և կենտրոնացումը Իջևանի բնակավայրերի վրա, ինչպես նաև ստեղծագործ և նախաձեռնողական մտածողության զարգացումը համայնքի բնակիչների շրջանում:

Ծրագրի նպատակն է՝ մշակութային տնտեսության զարգացման և մշակութային ժառանգության պահպանման խթանման միջոցով Իջևանի ընդլայնված համայնքում կառուցել ուժեղ և համագործակցող մշակութային դաշտ:

Դրանից զատ, EU4Culture ծրագիրը կշարունակի համագործակցությունը վերոհիշյալ երեք քաղաքների հետ՝ աջակցելով կարողությունների զարգացման և վերապատրաստման ծրագրերով:

«Հաշվի առնելով տեղական առաջնահերթությունները և առկա ներուժը՝ քաղաքները կզարգացնեն կայուն էկոհամակարգ մշակութային և ստեղծագործական ոլորտների համար: EU4Culture-ի աջակցությամբ քաղաքները կսովորեն, թե ինչպես պետք է օգտագործել քաղաքի ողջ ներուժը գլոբալ տարածման և միջազգային մշակութային համագործակցությունների համար, ինչպես նաև ինչպես քաղաքը դարձնել մշակութային առաջնորդության և ստեղծագործական վերափոխման առաջատար», – նշում է դոկտոր Անատոլի Բեյֆերտը, EU4Culture նախագծի ղեկավարը:

EU4Culture-ը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից աջակցելու համար մշակույթին և ստեղծագործ հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքներին և բնակավայրերին: Ծրագիրն իրականացվում է Գյոթեի ինստիտուտի (ղեկավար), Չեխական կենտրոնների, Դանիայի մշակութային ինստիտուտի և Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից: