Skip to main content

Թիմ Եվրոպան վերահաստատում է իր երկարաժամկետ գործընկերությունը և խոստանում շարունակական աջակցություն Հայաստանին

25/11/2026

Թիմ Եվրոպան վերահաստատում է իր երկարաժամկետ գործընկերությունը և խոստանում շարունակական աջակցություն Հայաստանին

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններն վերջերս ամփոփել են իրենց ամենամյա արտագնա աշխատանքային հանդիպումը, որին նախորդել էին բարձրաստիճան հանդիպումներ Հայաստանի կառավարության, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Քննարկումների առանցքում ԵՄ-Հայաստան գործընկերության լայն օրակարգի առաջմղումն ու փոխադարձ համագործակցության ամրապնդումն էին։

Բանակցությունների կենտրոնական թեմաներից էր տնտեսական համագործակցությունը, մասնավորապես՝ առևտրի դիվերսիֆիկացումը և Հայաստանի ու ԵՄ անդամ պետությունների միջև առևտրային կապերի ամրապնդումը։ Պաշտոնյաներն անդրադարձել են արտահանման դրական դինամիկային, առաջիկա տնտեսական նախաձեռնություններին և հայկական ապրանքների համար ԵՄ-ի կողմից տրամադրված ժամանակավոր ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը։

Անվտանգության և կառավարման ոլորտներում մասնակիցներն անդրադարձել են Հայաստանում ԵՄ երկու առաքելությունների ընթացիկ գործունեությանը և քննարկել Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Առաջնորդները կարևորել են նաև ժողովրդավարական դիմակայունության ամրապնդումը, հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կարողությունների զարգացումը և ԵՄ «Դիմակայունություն և աճ» ծրագրի հետևողական իրականացումը։ Բացի այդ, կողմերը արձանագրել են վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսության դինամիկ առաջընթացը։

Ողջ հանդիպման ընթացքում հիմնական ուղերձն այն էր, որ Թիմ Եվրոպան հանդես է գալիս որպես հուսալի, երկարաժամկետ գործընկեր՝ հանձնառու աջակցելու Հայաստանի բարեփոխումներին և շոշափելի արդյունքներ ապահովելու երկրի քաղաքացիների համար։ Ամփոփելով հանդիպումները՝ դեսպան Մարագոսը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Շատ շնորհակալ եմ մեր հայ գործընկերներին բաց զրույցների համար, ինչպես նաև անդամ պետությունների իմ գործընկերներին։ Լավ հիմք է առաջիկա տարվա համար»։

Իմացիր ավելին

Վասիլիս Մարագոսի գրառումը X-ում