Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու քո հնարավորությունը. դիմի՛ր հենց հիմա

Եթե դու 16-ից 26 տարեկան ես եւ հանդիսանում ես Արեւելյան գործընկերության վեց երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա), Եվրոպական միության անդամ երկրի կամ Միացյալ Թագավորության քաղաքացի, ապա կարող ես մինչեւ 2026 թվականի հոկտեմբերի 12-ը դիմել եւ միանալ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը։
Նոր ընդունելության մեկնարկը տրվել է «EU NEIGHBOURS east» ծրագրի կողմից: Այն ուղղված է աշխույժ եւ եռանդուն երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են ԵՄ հարցերով եւ ԵՄ-ի հետ իրենց երկրի գործընկերությամբ: Դիմելու համար անհրաժեշտ է անգլերենի լավ իմացություն, սեփական համայնքի եւ երկրի զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելու ցանկություն եւ քաղաքացիական ակտիվ գործունեության մաս կազմելու համար բավարար ժամանակ հատկացնելու պատրաստակամություն։
Հաջողակ թեկնածուները կներգրավվեն առցանց եւ երկխոսության վրա հիմնված գործունեության մեջ ու կներկայացնեն իրենց երկրների երիտասարդներին ինչպես տանը, այնպես էլ արտերկրում: Նրանք կփոխանակեն իրենց փորձը, կքննարկեն երիտասարդներին անմիջականորեն հուզող հարցեր, կկիսվեն լավագույն պրակտիկաներով եւ միասին կաշխատեն հանուն իրենց երկրների ավելի լավ ապագայի: Հայտերի ընդունման եւ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության մասին ավելին իմանալու համար այցելիր այս տարի իր տասնամյակը նշող նախաձեռնության հատուկ էջ:
Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար անհրաժեշտ է մինչեւ 2026 թվականի հոկտեմբերի 12-ը լրացնել դիմումի ձեւը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետի լրանալուց հետո ընտրված թեկնածուները նախ կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջողությամբ հաղթահարելու դեպքում նրանց հետ կտարվի հատուկ աշխատանք, որից հետո նրանց պրոֆիլները կուղարկվեն հետագա հաստատման (պաշտոնական շահագրգիռ կողմերին): Հայտերի ընդունման վերջնաժամկետից մինչեւ վերջնական արդյունքների ամփոփումը ներառող գործընթացը տեւում է մոտ 8 շաբաթ:
Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով ուկրաինացի դիմորդները կարող են դիմել կա՛մ Ուկրաինայից, կա՛մ ԵՄ-ի այն երկրներից, որտեղ նրանք այժմ բնակվում են։
Բելառուսում այլեւս չկան ակտիվ գործող երիտասարդ եվրոպական դեսպաններ, սակայն ԵՄ-ում բնակվող երիտասարդ բելառուսները կարող են ցանցին միանալ իրենց բնակության երկրից։
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում եւ բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջեւ։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր ԱլԳ երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը եւ միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը Եվրոպական միության կողմից հիմնադրվել է 10 տարի առաջ՝ 2016 թվականին, եւ մինչ օրս ներգրավել է շուրջ 3,000 երիտասարդ մասնակից: Ներկայումս ակտիվ գործունեություն ծավալող դեսպանների թիվը կազմում է շուրջ 500, որոնք ներկայացնում են ավելի քան 30 երկիր։
Իմացիր ավելին
Երիտասարդ եվրոպական դեսպանները եւ հաճախակի տրվող հարցեր
Ծանոթացեք ներկայիս երիտասարդ եվրոպական դեսպաններին
Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու քո հնարավորությունը. դիմի՛ր հենց հիմա նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։




