Skip to main content

Եվրոպական միությունը շուրջ 1.7 միլիոն եվրոյով ավելացնում է Ղարաբաղի տեղահանված հայերի համար նախատեսվող մարդասիրական օգնությունը

Հանձնաժողովն ավելացրել է մարդասիրական օգնությունը Հայաստանին՝ գրեթե 1,7 մլն եվրո հավելյալ ֆինանսավորմամբ արձագանքելով Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային հոսքին։

Ֆինանսավորման նոր փաթեթն ուղղվելու է տեղահանված անձանց համար գործող ԵՄ մարդասիրական արձագանքի ամրապնդմանը՝ տրամադրելով դրամական օգնություն, ապաստան, պարենային անվտանգություն և ապրուստի միջոցներ, ապահովելով պաշտպանություն և հոգալով առողջապահական կարիքներ:

Այս ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն Հանձնաժողովի կողմից ճգնաժամին ի պատասխան արդեն իսկ հայտարարված 10,45 միլիոն եվրո աջակցության փաթեթին՝  2023 թվականի ընթացքում տրամադրված մարդասիրական ընդհանուր ֆինանսավորումը հասցնելով ավելի քան 12 միլիոն եվրոյի:

Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը նշել է.

«Ղարաբաղի հայերը մոռացության չեն մատնվի. ձմռան շեմին Հայաստանում ապաստանած տեղահանվածները կբախվեն լրացուցիչ մարտահրավերների։ ԵՄ-ն ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը ձմռանը նախապատրաստվելու համար: Մենք շարունակում ենք տեղում աշխատել մեր հումանիտար գործընկերների հետ՝ ամենախոցելի խավերին օգնություն տրամադրելու համար»։

Քանի որ ավելի քան 100,000 մարդ լքել է իր տունը՝  հիմնականում վերցնելով նվազագույն իրեր, հաստատվելով Հայաստանում՝ նրանք այժմ ունեն սննդի, ապաստանի և այլ անհրաժեշտ ծառայությունների կարիք:

Ակնկալվում է, որ մոտալուտ ձմռան լույսի ներքո կարիքները կավելանան, քանի որ կարիքի մեջ գտնվող մարդկանց համար կպահանջվեն ձմեռային ապաստան և տաք հագուստ: