ԵՄ նորարարական հարթակ

Այս շաբաթ Բրյուսելում կայացած Եվրոպական նորարարական գագաթնաժողովում գործարկվել է ԵՄ նոր հարթակ, որը նախատեսված է ողջ Եվրոպայում նորարարներին և ստարտափներին աջակցելու համար:
Մշակված լինելով Եվրոպական հանձնաժողովի Հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինության կողմից՝ «ԵՄ նորարարական հարթակը» կծառայի որպես կենտրոնական մուտք այն նորարարների համար, ովքեր աջակցություն են փնտրում իրենց գաղափարները կոմերցիոն դարձնելու համար:
Հարթակը մշակվել է «ԵՄ ստարտափների և մասշտաբավորման ռազմավարության» համատեքստում, որի նպատակն է արդիականացնել ու պարզեցնել ԵՄ նորարարության աջակցության գոյություն ունեցող ծառայություններն ու թվային գործիքները։ Այն նաև նպաստում է ավելի փոխկապակցված եվրոպական նորարարական էկոհամակարգ ստեղծելու ավելի մասշտաբային նպատակին: Հարթակը նպատակ ունի մեկտեղել ռեսուրսները մեկ վայրում՝ դյուրին և պարզ մոտեցմամբ:
«ԵՄ նորարարական հարթակի» հիմնական առանձնահատկությունը խելացի խորհրդատվական համակարգն է, որը հիմնված է ԵՄ նորարարների պահանջների, ոլորտի, աշխարհագրական դիրքի և զարգացվածության մակարդակի վրա: Այն գրանցված օգտատերերին կապում է համապատասխան հասանելի ծառայությունների, նորությունների, միջոցառումների կամ ֆինանսավորման հայտերի հետ:
Առայժմ «ԵՄ նորարարական հարթակը» թիրախավորում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այն նորարարներին, ովքեր արդեն օգտվել են ԵՄ ֆինանսական աջակցությունից: Առաջիկա ամիսներին հարթակը բաց կլինի նաև ԵՄ նորարարների, բիզնես խորհրդատվական ծառայությունների, ներդրողների, կորպորացիաների և այլոց համար:
Նոր հարթակն արդեն իսկ հայտարարել է լավագույն փորձի առաջին հայտը՝ ուղղված «Հետազոտությունների և տեխնոլոգիական ենթակառուցվածքների եվրոպական ռազմավարության» (RTIs) ու «Ստարտափների և մասշտաբավորման ռազմավարության» արդյունաբերական օգտատերերի հասանելիության պայմաններին: Նպատակն է բացահայտել լավագույն փորձի օրինակներ, որոնք կարող են օգնել ամրապնդել Եվրոպայի նորարարական կարողությունները, արդյունաբերական մրցունակությունը և տեխնոլոգիաների ներդրումը: Հայտը բաց է Եվրոպական միության կամ ԵՄ հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին ասոցացված երկրների — այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի — Հետազոտական և տեխնոլոգիական ենթակառուցվածքների տնօրինողների կամ օպերատորների համար:
Իմացեք ավելին
ԵՄ նորարարական հարթակ նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։




