ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է ուղեղային կենտրոնների առանցքային դերը Հայաստանի ապագայի ձևավորման գործում

Հայաստանում ԵՎրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հոկտեմբերի 1-2-ին մասնակցել է «Նոր հնարավորություն Հայաստանի համար․ արտաքին քաղաքականություն, բարեփոխումներ և դիմակայունություն» երկօրյա աշխատաժողովին և հանդես եկել որպես բանախոս՝ «2026–2030 թթ. արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» պանելային քննարկմանը:
Խոսելով հետազոտությունների և կառավարման միջև կապի կարևորության մասին՝ դեսպանն ընդգծել է, որ արդյունավետ քաղաքականության մշակումն անհնար է առանց արտաքին փորձագիտական աջակցության:
«Ուղեղային կենտրոնները քաղաքականության մշակման գործընթացում կարևոր դեր ունեն․ որևէ վարչակազմ չի կարող միայնակ ապահովել քաղաքականության նպատակների իրագործումը։ Բովանդակալից փոխգործակցությունն ու երկխոսությունն առանցքային նշանակություն ունեն»,– ընդգծել է դեսպան Մարագոսը։
Միջոցառումը համախմբել է առաջատար ուղեղային կենտրոնների, քաղաքականություն մշակողների և փորձագետների՝ քննարկելու Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, դիվերսիֆիկացման և փոխկապակցվածության հնարավորությունները, մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը, մարդու իրավունքները, հանրային կառավարման բարեփոխումները, ինչպես նաև Օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին և միջամտություններին (FIMI) դիմակայելու քայլերը:
Աշխատաժողովը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կամրջելով գիտելիքն ու քաղաքականությունը. հայկական փորձագիտական կենտրոնների կարողությունների զորեղացում՝ ԵՄ-ի հետ համագործակցության և տարածաշրջանային փոխգործակցության խորացման համար» ծրագրի շրջանակում, որն ուղղված է անկախ հետազոտական կենտրոնների և պետական որոշում կայացնողների միջև համագործակցության խորացմանը:
Իմանալ ավելին



