Skip to main content

ԵՄ-ի աջակցությամբ հիմնադրված «Արեւաձոր» արևային կայան

Մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս Ալեքսան Ավագյանի համոզմամբ՝ Հայաստանը արևային էներգիայի առումով աշխարհում լավագույն դիրք ունեցող երկրներից մեկն է։ Ավագյանն ասում է՝ արևային էներգիան կարող է այլընտրանք դառնալ ջերմաէլեկտրակայաններին, ապահովելով երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 30 տոկոսը։

«Եվրոպական երկրներում 1 մեգավատից ստացվում է 1միլիոն 200 հազար կիլովատտ/ժամ  էլեկտրաէներգիա, Հայաստանում 1 միլիոն 700 հազար կիլովատտ/ժամ։ Մեր արևն այդքան հզոր է։ Ու պատահական չէ, որ հենց Վայոց ձորի Գլաձոր համայնքում էլ կառուցեցինք  «Արևաձոր» արևային կայանը։ Հայաստանի լավագույն տեղանքն է արևային էներգիայի պաշար հավաքելու համար։ Արեգակնային օրերի թիվը և արեգակի պայծառությունը շատ բարձր է, 4000 պանելները կլանում են արևի լույսը»,- բացատրում է «Արևաձոր» արևային էլեկտրակայանի գործադիր տնօրեն Ալեքսան Ավագյանը։

Մեկ տարի գործող «Արևաձոր» արևային էլեկտրակայանը կառուցվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության բարձրացում, կայուն, նորարարական տեխնոլոգիաների խթանում և լայն կիրառում» ծրագրի շրջանակներում։ 1400 մետր բարձրության վրա կառուցված արևային էլեկտրակայանը արտադարում է հինգ հարյուր ընտանիքիների կարիքները հոգալու համար բավարար էներգիա։ Տեղադրված արևային մոդուլները դիմացկուն են եղանակային տարբեր պայմաններում և կարող են օգտագործվել գրեթե 25 տարի։

«2016 թվականին Եվրոպական միությունը ծրագրի մրցույթ էր հայտարարել, որի նպատակն էր աջակցել Հայաստանի տարբեր մարզերի տնտեսությանը հիմնականում աղքատությունը հաղթահարելու համար։ Մեր «Տուրիզմի տարածաշրջանային կենտրոն» ՀԿ֊ն նույնպես հայտ ներկայացրեց, արդյունքում շահեցինք դրամաշնորհ։ Եվրոպական միությունն օգնում է, որպեսզի մեր մարզը տնտեսապես ավելի մրցունակ դառնա»,-ասում է Ավագյանը։

Ծրագրի մյուս բաղադրիչով էլ նախատեսվել է նոր աշխատատեղեր ստեղծել մարզի գյուղացիների միջոցով, ովքեր իրենց կահավորված առանձնատները, փոքր վերանորոգումից հետո կարողացել են վերածել հյուրատների։

Եվրոպական միության կողմից աջակցություն ստացած նախագիծը նպաստում է Վայոց ձորում էկոտուրիզմի զարգացմանը։ Արևային էլեկտրակայանը ի կատար է ածում այս նպատակը՝ արդեն հասանելի ծառայությունները դարձնելով ավելի կայուն։ Ավելի քան 200 տեղի բնակիչ, ՓՄՁ, հավանական գործատուներ և աշխատանք փնտրողներ սովորել են էկոտուրիզմի բնագավառում աշխատելու և էներգախնայողության տեխնոլոգիաների մասին` ձեռք բերած  գիտելիքները կիրառելով իրենց զբոսաշրջային բիզնեսներում։

«Ծրագրով 17 ընտանիք ստացավ դրամաշնորհ՝ իրենց տներն ավելի էկոլոգիապես մաքուր դարձնելու և իրենց առաջին հյուրերին դիմավորելու համար։ Ծրագրի  շարունակականությունն էլ ապահովում է ֆոտովոլտային էլեկտրակայանը», – ասում է Ավագյանը։

Մեկ մեգավատ հզորությամբ «Արևաձոր» արևային էլեկտրակայանը տարեկան  արտադրում է 1 միլիոն 700 հազար կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, այն վերածվում է  հաստատուն էլեկտրական հոսանքի, հետո փոփոխականի, այնուհետև միանում հանրապետական էլեկտրական ցանցին։ ՀԷՑ-ին վաճառվող էլեկտրաէներգիայից ստացված եկամուտները ուղղվում են մարզում զբոսաշրջության զարգացմանը` նոր աշխատատեղեր, նոր զբոսաշրջային երթուղիներ, տեղեկատվական կետեր ստեղծելով:

«Հոսանքի վաճառքից ստացված եկամուտներնապահովում են  ծրագրի հետագա շարունակականությունը։ Հյուրատները և արևային կայանը ծրագրի տարբեր բաղադրիչներն են, բայց նպատակը նույնն է` հաղթահարել աղքատությունը Վայոց ձորի մարզում՝ հիմնականում էկոտուրիզմի ոլորտում նոր աշխատատեղեր ստեղծելու միջոցով։  Նաև կգործի տուրիզմի տեղեկատվական կենտրոնը, որը նպատակ կունենա աջակցելու մարզի հեռավոր գյուղերում նոր ստեղծվող հյուրատներին տեխնիկական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև շարունակել այն ծրագիրը, որն արվել է ԵՄ աջակցությամբ»,- նշում է Ավագյանը։