Skip to main content

ԵՄ աջակցությամբ իրականացվում է Երևանի մետրոյի վերակառուցման ծրագիրը․մանրամասնում է 3-րդ կարգի մեքենավար Հարություն Երանոսյանը

40-ամյա Հարություն Երանոսյանն արդեն երեք տարի է Երևանի մետրոպոլիտենի Էլ հավաքակայանի «ԴԵՊՈ» 3-րդ կարգի մեքենավար է։ Աշխատանքը սիրով է անում, քանի որ դեռ մանկուց կապված է եղել Երևանի մետրոպոլիտենին։ Հայրը նույնպես մեքենավար է աշխատել, այժմ՝ թոշակառու է։ Հարությունը, չնայած մասնագիտությամբ ռադիոտեխնիկ է և նախկինում աշխատել է Մետրոպոլիտենի կապի մասնաճյուղում, ամեն անգամ մեքենավարի խցիկ մտնելիս ասում է, թե չի փոշմանել, որ սկսել է աշխատել որպես մեքենավար։ «Աշխատանքն ինձ շատ դուր է գալիս։ Ճիշտ է չափազանց պատասխանատու, շատ բարդ աշխատանք է, բայց, այդ ամենին զուգահեռ նաև հետաքրքիր»,- ասում է Հարությունը։ 

Հարություն Երանոսյանն իր առօրյան Երևանի մետրոպոլիտենում նկարագրելիս նշում է, որ աշխատանքի հետ կապված ամեն մի մանրուք առանձնահատուկ է։ Աշխատում է երկու հերթափոխով, ամեն օր, նախքան խցիկը մտնելը անցնում է բժշկական զննում:

Մեքենավարի խոսքով՝ Երևանի մետրոպոլիտենում կատարվող բարեփոխումները տեսնելիս, ոգևորվում է։ Ասում է, թե միջազգային դոնորների և մասնավորապես Եվրոպական միության աջակցությունն այս հարցում կարևոր է։

2010 թվականից ի վեր, ԵՄ աջակցությամբ իրականացվում է Երևանի մետրոյի վերակառուցման ծրագիրը: Առաջին փուլն արդեն ավարտվել է, որի արդյունքում չափազանց կարևոր փոփոխություններ են արվել Երևանի մետրոյի անհապաղ կարիքները հոգալու՝ նրա ենթակառուցվածքները վթարային տեխնիկական իրավիճակից հանելու համար։ Երևանի մետրոյի վերակառուցման ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորման համաձայնագիրը ՎԶԵԲ-ի, Եվրոպական Ներդրումային բանկի հետ ստորագրվել է 2013 թվականին, իսկ 2014-ին՝ ԵՄ ՀՆԳ-ի հետ։ 

Նախագծի երկրորդ փուլով ապահովվում է Երևանի մետրոպոլիտենի համակարգի հիմնանորոգում։ Այն բարելավվելու է հանրային առողջությանը և անվտանգությանը վերաբերող խնդիրները, որոնք նույնականցվել են առաջին փուլի տեխնիկական աուդիտի ժամանակ, ներառյալ ջրի ներթափանցումը մետրոյի թունելներ, հակահրդեհային սարքավորումները և աշխատանքի անվտանգությունը (վագոնների լվացման սարքավորումներ և մեքենավարների վարժասարք): Ծրագրով նախատեսված բարեփոխումների արդյունքում կբարելավվի Երևանի բնակիչների առօրյա կյանքը՝ ավելի լավ ենթակառուցվածքների ապահովման միջոցով:

Մեքենավարի կարծիքով, հատկապես կարևոր էր ծրագրի միջոցով մեքենավարների վարժասարքի ձեռքբերումը, որը հնարավորություն է տալիս հնարավոր տարբեր արտակարգ իրավիճակներում կողմնորոշվել և ապահովել ուղևորների անվտանգությունը:

«Յուրաքանչյուր հերթափոխից հետո գալիս ենք, գրանցվում ու պարապում: Այստեղ ամեն տեսակի անսարքությունների ենք հանդիպում և դիսպետչերի հետ կապի միջոցով իրավիճակը վերահսկում ենք, ասում, թե ինչ գործողություններ է անհրաժեշտ ձեռնարկել: Նախկինում, երբ վարժասարքը չկար, մեքենավարներիս ասում, նկարագրում էին խոսքով, թե այս կամ այն իրավիճակին ինչպես արձագանքել, բայց վարժասարքի ձեռքբերմամբ աշխատանքային պրոցեսը փոխվեց, ավելի վստահ ենք մետրոյի ղեկին նստում և կատարում մեր աշխատանքը»,- մանրամասնում է Հարությունը:

Մեքենավարն ասում է, թե Մետրոպոլիտենում վերջին տարիներին կատարվող փոփոխությունները հնարավոր չէ չնկատել: Ժամանակակից սարքավորումների ներդրումը փոխել է Երևանի մետրոպոլիտենի դիմագիծը: 

Զգալի չափով վերականգնվել են հակահրդեհային սարքավորումները և շարժակազմերը՝ ընդլայնելով մետրոյի վագոնների շահագործման ժամկետները: Վագոններն այժմ պարբերաբար լվացվում են  կայանում, որն ունի ջրի կոմպակտ վերամշակման սարք, որը ջուրը մաքրում է նախքան քաղաքային կոյուղի բաց թողնելը։ Այս ամենը նպաստում է մետրոպոլիտենի ենթակառուցվածքների շահագործման ժամկետի ավելացմանն ու ուղևորափոխադրումների ավելի ապահով և հարմարավետ սպասարկմանը:

Հարություն Երանոսյանի կարծիքով, այս փոփոխությունները նպաստել են երիտասարդների շրջանում մեքենավար աշխատելու ցանկության մեծացմանը:«Երիտասարդներն այժմ շատ են հետաքրքրված: Օգնականներ ունենք, որ մեքենավար դառնալու մեծ ցանկություն ունեն: Այն շատ յուրահատուկ մասնագիտություն է: Մեկ անգամ, որ մետրո վարես, էլ չես ցանկանա այլ գործով զբաղվել: Ուրիշ տեղ էլ չես կարող աշխատել այս մասնագիտությամբ: Մեքենավար լինելը միակ ու անկրկնելի մասնագիտություն է»,- ասում է նա։