Skip to main content

ԵՄ աջակցությամբ Աշտարակ համայնքում ներդրվելու է հասարակական տրանսպորտի նոր համակարգ

ԵՄ աջակցությամբ իրականացվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում Աշտարակ համայնքում ներդրվելու է հասարակական տրանսպորտի նոր համակարգ:  

«Աշտարակ համայնքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի նպատակը բնակիչների պահանջներին համապատասխան նոր տրանսպորտային համակարգ ստեղծելն է: Նախատեսվում է գծել առավելագույնս օպտիմալ և տնտեսական առումով մեզ համար հասանելի նոր ցանց»,- ասում է Աշտարակի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի պետ Իշխան Բարսեղյանը` հավելելով, որ Աշտարակ համայնքի բնակավայրերի 80%-ում տարիներ շարունակ առհասարակ չի գործել հասարակական տրանսպորտ: 

Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ միասին մեկնարկած «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը գործելու է մինչև 2024 թվականը և Արևելյան գործընկերության երկրներում տեղական կառավարման մարմիններին կխրախուսի զարգացման նորարարական մեթոդներ կիրառել, որոնք արդար մոտեցում կապահովեն բոլորի նկատմամբ, միևնույն ժամանակ բարենպաստ ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա: Աշտարակ համայնքը ծրագրին միացել է 2019 թվականին:

Ծրագրի շնորհիվ Աշտարակ համայնքի հասարակական տրանսպորտի բարեփոխումները կապահովվեն բնակիչների հարմարավետ տեղաշարժը համայնքում ընդգրկված բոլոր բնակավայրերում: Նախատեսվում է ձեռք բերել 11 միկրոավտոբուս և կառուցել առնվազն մեկ կանգառ յուրաքանչյուր բնակավայրում` ընդհանուր ունենալով 35 ավտոբուսային կանգառ:

Իշխան Բարսեղյանի խոսքով` ըստ կանխատեսումների, Աշտարակ համայնքում շուրջ` 530 ուղևոր յուրաքանչյուր օր օգտվում է հասարակական տրանսպորտից:

Աշտարակ միավորված համայնքում կա 1 քաղաքային և 34 գյուղական բնակավայր, որտեղ ապրում է 75750 բնակիչ: Հասարակական տրանսպորտի նոր համակարգը համայնքում կապահովի շուրջ` 4815 աշակերտի և թվով` 497 ուսանողների ապահով և անվտանգ տեղաշարժը: 

Համայնքում հասարակական տրանսպորտի նոր համակարգն ունենալու է նորարարության տարրեր, ինչպիսին է խելացի կանգառը: 

«Աշտարակ համայնքն ունի խելացի կանգառներ տեղադրելու հնարավորություն: Այս կանգառներն ամռանն ապահովվելու են ցածր ջերմաստիճան, իսկ ձմռանը՝ ջեռուցվելու են: Կանգառի ներսում գործելու է Wi-Fi և GPS համակարգ, որը հնարավորություն կտա տեսնել երթուղայինի գտնվելու վայրը, գրաֆիկը և սպասելու ժամանակը: Կանգառը ներառական է և հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց: Կանգառում հնարավոր կլինի օգտվել նաև էլեկտրականությունից»- մանրամասնում է Բարսեղյանը:  

Աշտարակ համայնքի տրասնպորտային համակարգի զարգացման ռազմավարության ձևավորմանը նպաստել են հարցումներն ու հանդիպում-քննարկումները համայնքի բնակիչների հետ: 

Իշխան Բարսեղյանը մանրամասնում է, որ զանգվածային հարցումների արդյունքները փաստել են, որ հատկապես այն գյուղական համայնքներում, որտեղ չի գործել հանրային տրանսպորտ, հանրային տրանսպորտի բացակայությունն ընկալվել է որպես առաջնահերթ խնդիր` այդպիսով սահմանափակելով այդ բնակավայրերի բնակիչների աշխատանքի, կրթության, բժշկական ծառայությունից օգտվելու, ինչպես նաև առևտրի հնարավորությունները։

«Բնակիչների հետ անց է կացվել 35 հանդիպում-հարցազրույց, իսկ հանրային տրանսպորտի  ոլորտի պատասխանատուների հետ 5 հանդիպում- քննարկում: Հանրագումարում շուրջ 425 մարդ է մասնակցել հանրային քննարկումներին և արդյունքում համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությանը համապատասխան ծրագիր է ստեղծվել»,- ասում է Բարսեղյանը:

Աշտարակ համայնքի այս ներդրումային ծրագիրն ընդգրկվել է Աշտարակ համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023-2024 թվականների ՀՀ պետական բյուջեից սուբվենցիայի ստացման ծրագրային հայտերի ցանկում: Սուբվենցիայի ստացման ծրագրային հայտերը ներկայացվել են Աշտարակ համայնքի ավագանու հաստատմանը: Մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչները ևս մասնակցություն ունեն ներդրումային ծրագրի իրականացման և գնահատման աշխատանքներում:

Ընդհանուր առմամբ, հասարակական տրանսպորտի նոր համակարգի ներդրումն օգնելու է հատկապես համայնքում բնակվող խոցելի ընտանիքներին, ովքեր տրասնպորտից օգտվելու հնարավորություն կունենան: Ստեղծված տրանսպորտային ծառայությունը ծառայելու է համայնքի բոլոր բնակավայրերին և հատուկ սակագներ են կիրառվելու կանոնավոր երթևեկող խոցելի խմբերի համար: