«Արևելյան գործընկերության քաղաքացիական տեխնոլոգիաների հեքըթոն 2026»-ը հայտարարում է իր հաղթողներին

Ապրիլի 17-ից 19-ը Քիշնևում անցկացված «ԱԼԳ քաղաքացիական տեխնոլոգիաների հեքըթոնի» (EaP Civic Tech Hackathon) ընթացքում Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական ակտիվիստների, ծրագրավորողների և դիզայներների 16 թիմեր աշխատել են իրենց նորարարական գաղափարները տարածաշրջանի քաղաքացիական մարտահրավերների գործնական լուծումների վերածելու ուղղությամբ։ Կիրակի օրը լավագույն արդյունքներ գրանցած հինգ գաղափարներ ընտրվել են՝ մրցելու ԵՄ ֆինանսավորմամբ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար ։
Հեքըթոնը, որը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության աջակցության ծրագրի» (Eastern Partnership Civil Society Facility) կողմից, հիմնված էր եռաշաբաթյա առցանց ինկուբացիոն ծրագրի վրա։ Այդ ընթացքում ընտրված թիմերն աշխատել են մենթորների հետ՝ հղկելու իրենց գաղափարները, ամրապնդելու իրենց հայեցակարգերը և պատրաստվելու Քիշնևում կայանալիք օֆլայն միջոցառմանը։
Այս տարվա թիմերն աշխատել են քաղաքացիական տեխնոլոգիաների լայնածավալ գաղափարների շուրջ՝ սկսած արհեստական բանականությամբ աշխատող գործիքներից, որոնք հայտնաբերում են ապատեղեկատվությունը, քաղաքական մանիպուլյացիաները և ատելության քարոզարշավները, մինչև հարթակներ, որոնք ամրապնդում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիմակայունությունը, կիբերանվտանգությունն ու բարեկեցությունը: Մյուս թիմերը մշակել են լուծումներ՝ աջակցելու փախստականներին և ներքին տեղահանված անձանց, խթանելու մեդիագիտությունը և երկխոսությունը, օգնելու խոցելի իրավիճակներում գտնվող կանանց, ինչպես նաև քաղաքացիներին թույլ տալու ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց համայնքներում:
2026 թվականի «ԱԼԳ քաղաքացիական տեխնոլոգիաների մրցանակին» (EaP Civic Tech Award) առաջադրվել են հետևյալ լուծումները.
- Առցանց համակարգ ուկրաինական ՔՀԿ-ների համար, որոնք ծառայություններ են մատուցում պոտենցիալ գործընկերներ գտնելու՝ քաղաքացիների աջակցության հարցումները կատարելու և կատարված հարցումների վերաբերյալ հաշվետվություններ կազմելու նպատակով:
- Արհեստական բանականությամբ աշխատող համակարգ՝ քաղաքական գործիչների հրապարակային հայտարարությունների հետևողականությունն ու իսկությունը ստուգելու (fact-checking) համար:
- Արհեստական բանականությամբ աշխատող համակարգ ՔՀԿ-ների համար՝ սեփական կարողությունները ինքնագնահատելու և իրենց կազմակերպությունները զորացնելու վերաբերյալ հանձնարարականներ ստանալու համար:Արհեստական բանականությամբ աշխատող հարթակ՝ ռուսամետ թեզերի (նարատիվների) անդրսահմանային տարածումը մոնիտորինգի ենթարկելու համար:
- Առցանց հարթակ, որը գիտնականներին և հետազոտողներին թույլ է տալիս ստուգել հրապարակված ակադեմիական հոդվածների և հետազոտական աշխատանքների տեղեկատվության ու հղումների ճշգրտությունը, ինչպես նաև հայտնաբերել արհեստական բանականության միջոցով ստեղծված բովանդակությունը:
Առաջադրված թիմերն այժմ կհրավիրվեն մրցույթի հաջորդ փուլի համար մանրամասն հայտեր ներկայացնելու: 2026 թ-ի «ԱԼԳ քաղաքացիական տեխնոլոգիաների մրցանակի» մեկ կամ մի քանի հաղթողներ Եվրոպական միության կողմից կստանան ֆինանսական և փորձագիտական աջակցություն: Ակնկալվում է, որ հաղթողների անունները կհայտարարվեն 2026 թվականի հունիսին:
«Արևելյան գործընկերության քաղաքացիական տեխնոլոգիաների հեքըթոն 2026-ը հայտարարում է իր հաղթողներին» նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։



