Skip to main content

Աշխատանքային իրավունքի վերականգնումը ԵՄ «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում

Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումները, անկախ զբաղվածության բնագավառից, կրում են շարունակական և համակարգային բնույթ: Աշխատանքային իրավունքների պաշտպանվածության խնդիրն էական ազդեցություն է ունենում մարդու հիմնարար իրավունքների վրա, քանի որ, սովորաբար տուժողները հաճախ հրաժարվում են իրենց հիմնարար իրավունքի պաշտպանությունից աշխատանքից զրկվելու իրական վտանգի պատճառով:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ֆինանսավորմամբ 2021 թվականից իրականացվում է «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրը, որի նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ ու պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում։ «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի  Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ:

Ծրագրի ընթացքում իրականացվել է աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ ամենից հաճախ հանդիպող խախտումը աշխատավարձի չվճարումն է։

Ծրագրի շրջանակում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում վերականգնվել է 94 անձանց արդար վարձատրության իրավունքը։ Վճարվել են նաև դեռևս 2014 թվականից սկսած չվճարված աշխատավարձեր, վերադարձված  գումարի ընդհանուր չափը կազմում է 19 731 643 ՀՀ դրամ։
 «Դատական գործերը երկար են տևում, պահանջում են ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, իսկ այս պարագայում, շնորհիվ Տեսչական մարմինին վերապահված աշխատավարձի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման լիազորության, խնդիրները կարգավորվել են ընդամենը մի քանի ամսվա ընթացքում։ Սա քաղաքացի-տեսչություն կապի արդյունավետության օրինակներից է»,- ասում է ծրագրի փաստաբան Տիրուհի Վարդանյանը։

 Ծրագրի հաջորդ կարևորագույն ձեռքբերումը դատական նախադեպերն են մասնավորապես խտրականության դրսևորման արդյունքում աշխատանքային իրավունքի խախտման  դեպքերը։ «Այս պահին յոթ գործ ունենք ընթացքի մեջ, որոնք նախաձեռնվել են ՏԻՄ ընտրությունների ժամանակ քաղաքական հայացքների հիմքով խտրականության դրսևորման արդյունքում մարդկանց աշխատանքից հեռացնելու դեպքերով, իսկ 1 գործ՝ տարիքի հիմքով խտրականության դրսևորման արդյունքում աշխատանքից հեռացնելու դեպքով։ Ու թեև օրենսդրությամբ մարդը լիովին պաշտպանված է, բայց այս տեսակ գործերը գրեթե երբեք չեն հասնում դատարան»,- ասում է փաստաբան Տիրուհի Վարդանյանը։
 «Դատարաններ կան, որտեղ երբևիցե չի քննվել խտրականության հիմքով որևէ գործ։ Դատական նման նախադեպերը շատ կարևոր են ոչ միայն այն տեսանկյունից, որ մարդիկ տեսնեն դրանց արդյունավետությունը, այլև այն առումով, որ հենց այսպես է դատարանը նոր գիտելիք ու փորձառություն ձեռք բերում, այսպես է դատական համակարգը զարգանում»,-ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Ծրագրի շրջանակում նախաձեռնվել է14 դատական գործ, որոնցից 5-ն ավարտվել են հաջողությամբ՝ աշխատողների խախտված աշխատանքային իրավունքները վերականգնվել են,   9-ը դեռևս գտնվում են քննության փուլում: Հաջողությամբ ավարտված կարևորագույն գործերից մեկը Նանե Ասատրյանի գործն է։

2021 թ.-ի  հուլիսին, հղիության 7-րդ ամսում  Նանե Ասատրյանն ազատվել էր աշխատանքից։  «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում ՀՔԱՎ-ը ստանձնել է նրա իրավունքների պաշտպանությունը և դիմել ՀՀ վարչական դատարան, քանի որ խախտվել էին միջազգային պայմանագրերով, ՀՀ ներպետական օրենսդրությամբ երաշխավորված աշխատող կանանց մայրության պաշտպանվածության և աշխատանքի իրավունքները: Վերաքննիչ վարչական դատարանը որոշում է կայացրել Նանե Ասատրյանին աշխատանքի վերականգնելու և չաշխատած ժամանակահատվածի համար վճարման ենթակա աշխատավարձը վճարելու մասին՝ հաստատելով այն դիրքորոշումը, որ հանրային ծառայողը, որպես աշխատող, ևս գտնվում է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 24-րդ հոդվածով սահմանված պաշտպանվածության տիրույթում և յուրաքանչյուր դեպքում պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձին աշխատանքից (պաշտոնից) ազատելիս անհատական իրավական ակտը պետք է ունենա փաստական և իրավական հիմնավորվածություն:

Տարվել են նաև օրենսդրական աշխատանքներ։ ԵՄ կողմից ֆինանսավորվող այս ծրագրի հաջողություններից մեկն էլ Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներն են։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ ծրագիրն իրականացնող բոլոր կողմերը մասնակցել են օրենքի բոլոր քննարկումներին և ընդհանուր առմամբ նրանց բոլոր դիտարկումները տեղ են գտել օրենքի մեջ։

Այսքանով ծրագրի արդյունքները չեն ավարտվում։ Այս տարվա ընթացքում տրամադրվել է 191 իրավական աջակցություն՝ խորհրդատվության, դատական գործերի նախաձեռնության, վարչական վարույթների հարուցման նախաձեռնության եղանակներով։

Պակաս կարևոր չեն նաև կրթական ու իրազեկման միջոցառումները։ Ծրագրի շրջանակում մշտապես կազմակերպվում են մարզային քննարկումներ ու հանդիպումներ։ Բացի այդ, վերոնշյալ բոլոր հաջողությունները մշտապես լուսաբանվել են զանգվածային լրատվության միջոցներով։ Ծրագրի իրականացնողները վսստահեցնում են, որ լուսաբանման միջոցով քաղաքացիներն ավելի են իրազեկվում իրենց իրավունքների մասին և տեղեկանում իրավունքի վերականգնման արդյունավետ մեխանիզմների մասին։ Վերջինիս շրջանակներում Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից պատրաստվել և հրապարկվել են հոդվածներ, ռեպորտաժներ, հարցազրույներ, անիմացիաներ, ընդհանուր քանակը՝ 34:

«Պետության կողմից աշխատանքային իրավունքներին ուղղված ջանքերը բավարար չեն այս պահին, ուստի մտադիր ենք շարունակել նմանատիպ ծրագրերը։ Այս ծրագրի շնորհիվ ստեղծվել են նախադեպեր, որոնց հիման վրա մտադիր ենք դեռ երկարատև աշխատանք կատարել այս բնագավառում»,-ամփոփում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։