Skip to main content

Անիվների վրա թատրոն ստեղծելու երազանքի իրագործումը ԵՄ կողմից ֆինանսավորվող Արտբոքս ծրագրի միջոցով

Ստեղծել շրջիկ թատրոն և այն հասցնել Հայաստանի բոլոր անկյուններում ապրող 3-ից 10 տարեկան երեխաներին․ սա Բեբուկ թատրոնի հիմնադիրներ Անի Երեմյանի և Ռուզաննա Պետրոսյանի երազանքն էր։ Սակայն, ստեղծարար բիզնես ստեղծելու համար միայն երազանքը բավարար չէր։ Անհրաժեշտ էր ճիշտ կազմակերպել աշխատանքային պրոցեսը, ձեռք բերել մարքեթինգի և մենեջմենտի պրակտիկ գիտելիք և ստանալ ֆինանսավորում ավտոբուս ձեռք բերելու և երազանքն իրագործելու համար։ Այս ամենը հնարավոր էր ստանալ միայն ԵՄ կողմից ֆինանասավորվող Artbox Incubator ծրագրի միջոցով։ Մասնակցելով ծրագրին՝ «Բեբուկի» հիմնադիրները միանգամից ձեռք են բերել իրենց անհրաժեշտ գիտելիքը, հմտություններն ու ֆինանսավորումը։  

Մշակութային ոլորտի զարգացումը և ստեղծագործ անհատների հզորացումը Եվրոպական միության հիմնական առաջնահերթություններից են Հայաստանում:  ԵՄ-ն նպատակ ունի տարբեր նախաձեռնությունների միջոցով խթան հաղորդել ստեղծագործական գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը և արվեստի ոլորտում նորարարական նախագծերին։ Արտբոքս ծրագիրը նմանատիպ նախաձեռնություններից մեկն է։
Artbox-ը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում։
Artbox-ը ստեղծագործական ինկուբատոր և աքսելերատոր ծրագիր է, որն ընդլայնում է Հայաստանի ստեղծարար տնտեսության սահմանները՝ տրամադրելով գործնական, ռազմավարական և երկարաժամկետ աջակցություն արվեստի տարբեր ճյուղերի արվեստագետներին և ստեղծագործողներին։ Այն հատկապես ուղղված է ստեղծագործողների շրջանում բիզնես մտածելակերպի և հմտությունների զարգացմանը և կայուն նախագծեր ու ապրանքներ ստեղծելուն: Artbox Incubator, Artbox Accelerator, Artbox Hub, Artbox Enterpreneur. այս 4 ծրագրերից յուրաքանչյուրը նպատակ ունի զինելու ստեղծագործողներին այն հմտություններով, որոնք անհրաժեշտ են հաջողակ բիզնես ստեղծելու համար:

«Artbox ծրագրի դրամաշնորհին դիմելը հեշտ էր, որովհետև 12 շաբաթների ընթացքում ծրագրի մենթորները մեզ այնքան էին օգնել ու պատրաստել, որ մեզ պարզապես մնում էր ամբողջացնել մեր նախագիծը ու ներկայանալ»,-պատմում է Բեբուկ թատրոնի հիմնադիր Անի Երեմյանը։

Այս ծրագրի շրջանակում Բեբուկ թատրոնի գրանցած հաջողությունը շատ ոգևորիչ է։ Ստացած դրամաշնորհի շնորհիվ նրանք ձեռք են բերել ավտոբուս և արդեն 2023 թվականի հունիսի մեկին կարողացել են իրենց առաջին շրջիկ ներկայացումն ունենալ Կենդանաբանական այգում։

«Նախորդ տարին շատ հաջողակ էր մեզ համար։ Բացի ավտոբուսից մենք արդեն ինքնուրույն կարողացանք ձեռք բերել նաև հավելյալ դեկորացիաներ, տեխնիկա և անհրաժեշտ պարագաներ։ Այս ամենը նույնպես ծրագրի արդյունքն է։ Մեր ձեռք բերած գիտելիքի շնորհիվ մենք այսօր կարողանում ենք ինքնուրույն ֆինանսավորում հայթայթել ու կազմակերպել մեր աշխատանքը»,- ասում է Անի Երեմյանը։ 

Բեբուկը ArtBox-ի հաջողության պատմություններից միայն մեկն է։ Իր գործունեության ընթացքում ԵՄ կողմից ֆինանսավորվող Արտբոքս ծրագրին մասնակցել է ավելի քան 190 անհատ ստեղծագործող, ավելի քան 130 նախագիծ և տրամադրվել է ավելի քան 500,000 եվրոյի դրամաշնորհ։

«Սովորաբար սկսնակ ձեռներեցներին չեն վստահում և դա հասկանալի է, իսկ Artbox-ը մեզնից շատ էր հավատում մեր ուժերին և այդ մեծ վստահության շնորհիվ ենք մենք այսօր արդեն հանգիստ շարունակում աշխատել ու արարել»,-կիսվում է Անի Երեմյանը։

Այսօր Բեբուկը պատրաստվում է ներկայացումներ կազմակերպել Հայաստանի գյուղաբնակ վայրերում և Հայաստանի բոլոր երեխաներին հասանելի դարձնել թատրոնն ու մշակույթը։ Բացի այդ, իր խաղացանկին շուտով ավելացնելու է երկու նոր ներկայացում։

Իսկ Artbox-ի նպատակն է դառնալ գեղարվեստորեն հզոր և առևտրային առումով կենսունակ ստեղծագործական արտադրանքի, նախագծերի և բիզնեսների առաջատար ու ամփոփ կառույց Հայաստանում և աշխարհում: