ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հզորացնելով հայ երիտասարդներին․ «Երիտասարդները գործելիս» ծրագրի մեկնարկը
Հունիսի 12, 2023
Երիտասարդներին հզորացնելու նպատակով հունիսի 12-ին մեկնարկեց «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը։ 2 մլն եվրո բյուջե ունեցող ծրագիրը համաֆինանասվորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի կողմից։ Գալիք 3 տարիների ընթացքում տեղական գործընկերների՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը կենտրոնանալու է երիտասարդների առաջնորդության հմտությունների զարգացման, երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների ամրապնդման և երիտասարդների մեդիա գրագիտության մակարդակի բարձրացման վրա։
Տեղական նորարարության խթանում. ԻննոԻջևան կենտրոնի պաշտոնական բացումը
Հունիսի 30, 2023
Հունիսի 30-ին տեղական տնտեսական զարգացմանը և հանրային-մասնավոր համագործակցությանը նվիրված Իննոֆեստ միջոցառման շրջանակում տեղի ունեցավ Իննոիջևան` բիզնես և ուսումնական կենտրոնի պաշտոնական բացումը։ Այս կենտրոնը մարզում իր տեսակի մեջ առաջինն է։ Այստեղ մեկ տանիքի տակ են միավորված բիզնեսի և անհատների համար աշխատանքային տարածքներ, ինչպես նաև 4 աշխատարան-լաբորատորիաներ Իջևանի Իրական դպրոցի աշակերտների համար։
ԻննոԻջևան կենտրոնը ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» տարածաշրջանային ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում, որն իրականացվում է Իջևանի համայնքապետարանի կողմից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Քո-Ո կազմակերպության հետ գործընկերությամբ։ Ծրագրի նպատակն է Իջևանում զբոսաշրջության, գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում նորարարական ձեռներեցության զարգացման կայուն էկոհամակարգ ստեղծել՝ կարևորելով երիտասարդների կրթությունը և հմտությունների զարգացումը, ՓՄՁ-ների համար ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերը, ինչպես նաև հանրային-մասնավոր գործընկերությունը։
Մարդու իրավունքների պաշտպանություն. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածքային ստորաբաժանման բացումը
Հուլիսի 4, 2023
Հուլիսի 4-ին Վանաձորում տեղի ունեցավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մարզային ստորաբաժանման պաշտոնական բացումը: Միջոցառումը կազմակերպվել է ԵՄ աջակցությամբ «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԲՀ-ի և ԵԱՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Կարևոր է ընդունել, որ իրավապաշտպանները իշխանությունների կարևոր գործընկերներն են այն հսկայական խնդիրների լուծման գործում, որոնց մենք բախվում ենք ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ մակարդակներում: Այնուամենայնիվ, իրավապաշտպանները կարող են ունենալ այսպիսի վճռական նշանակություն միայն այն դեպքում, եթե նրանց տրվի անհրաժեշտ պաշտպանությունն ու այն իրականացնելու հնարավորությունները:
Կայուն ապագա. ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «CirculUP!» ծրագրի մեկնարկը
Հուլիսի 13, 2023
Հուլիսի 13-ին մեկնարկեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «CirculUP!» ծրագիրը: Այն իրականացվում է Impact Hub-ի կողմից և նվիրված է Հայաստանում շրջանաձև տնտեսության անցման խթանմանը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի տնտեսության և ընդհանրապես հասարակության մեջ համակարգային տեղաշարժ հրահրել դեպի շրջանաձևություն։ Շրջանաձև տնտեսությունը կատալիզատոր է հանդիսանում նոր աշխատատեղերի, արդյունաբերության և հնարավորությունների ստեղծման հարցում՝ խթանելով տնտեսական զարգացումը և նվազագույնի հասցնելով մեր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Համագործակցությունը պետք է լինի առաջընթացի հիմնաքարը, քանի որ մենք միասին աշխատում ենք տարբեր ոլորտներում և բնագավառներում՝ կայուն և վերածնվող ապագա կառուցելու համար։
Դեպի ներառականություն. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ամրապնդում
Հուլիսի 19, 2023
Հուլիսի 19-ին մեկնարկեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի ընդունումից երկու տարի անց» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր «Ագաթ» հասարակական կազմակերպության և Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում: Համաժողովի նպատակն էր նպաստել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի լիարժեք իրականացմանը: ԵՄ-ն կարևորում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած շարունակական մարտահրավերները և կոչ է անում շարունակել համերաշխությունը ներառականությունը խթանելու հարցում՝ ընդգծելով բազմազանությունն ընդունելու և աջակցություն ցուցաբերելու կարևորությունը։ ԵՄ-ն շարունակում է նվիրված մնալ այս գործին:
Թափանցիկության խթանում. դատաիրավական և իրավական բարեփոխումների էլեկտրոնային հարթակի գործարկում
Հուլիսի 21, 2023
Հուլիսի 21-ը նշանավորվեց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մշակված և ՄԱԶԾ-ի, ՄԱԲՀ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և գործողությունների ծրագրի էլեկտրոնային հարթակի գործարկմամբ: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում գործողությունների ծրագրի իրականացման արդյունավետ մշտադիտարկմանը:
Այս առիթով Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը գոհունակությունը հայտնեց էլեկտրոնային հարթակի բացման կապակցությամբ։ Նա ընդգծեց, որ այս նախաձեռնությունն ամրապնդում է ԵՄ հանձնառությունը՝ խթանելու արդարադատության համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը։