ԵՄ աջակցության շնորհիվ հայկական «Դարման» թեյերը գրավել են Եվրոպական շուկան

2014 թվականին Տավուշի մարզի Տավուշ գյուղում Գնել Նազարյանն ու Ռուզաննա Քարտաշյանը հիմնել են իրենց ընտանեկան ընկերությունը՝ սպառողին առաջարկելով հայկական վայրի խոտաբույսերից պատրաստված «Դարման» թեյերը: Նրանց սոցիալական ձեռնարկությունն աջակցություն է ստացել Եվրոպական միության կողմից, արդյունքում՝ «Դարման» թեյերը հայտնի են ոչ միայն հայկական սպառողին, այլև՝ ներկայացված են Եվրոպական շուկայում: Ընկերության հիմնադրումից 6 տարի հետո Գնելն ու Ռուզաննան պատասխանել են EU4Armenia.am-ի հարցերին:

Ինչպե՞ս ստեղծվեց ձեր ընտանեկան ձեռնարկությունը:

Ճակատագրի բերումով ինքներս ենք զգացել բնության կենարար ուժն ու կազդուրիչ հատկությունները։ Առողջական որոշ խնդիրներն ավանդական բժշկության օգնությամբ հաղթահարելուց հետո՝ օրգանիզմի մաքրման, դիմադրողականության բարձրացման նպատակով «դիմեցինք» բույսերի օգնությանը և հասանք աննկարագրելի արդյունքների։ Սեփական հաջողությամբ ոգեշնչված՝ որոշեցինք կիսվել մեր փորձով և բուսական միջոցները հասանելի դարձնել նաև հանրությանը՝ ներկայանալով հայկական խոտաբույսերի յուրահատուկ համային հատկանիշներով ու օգտակար հատկություններով օժտված «Դարման» թեյերով։ Սկզբում ինքներս հավաքում ու չորացնում էինք խոտաբույսերը, իհարկե, զուգահեռ ուսումնասիրելով համապատասխան գրականությունը, հետո հյուրասիրությունների միջոցով կարծիքներ էինք ստանում, որոնք էլ ոգեշնչեցին մեզ սկսել այս գործը: Մյուս կողմից, մեր առջև խնդիր էինք դրել ստանալ այնպիսի արտադրանք, որը կլրացնի Հայաստանից արտահանվող բրենդների շարքը: Հետևաբար ունենելով որակյալ հումք՝ (վայրի խոտաբույսերի ամբողջական տերևներ և ծաղիկներ) 2014 թվականին հիմնադրեցինք մեր ընկերությունը, իսկ հաջորդ քայլը թեյերի ներկայանալի տեսքն ապահովելն էր: Տուփերի համար ներկայանալի դիզայնի ապահովումը մեկ տարի տևեց, և առաջին արտադրանքը սկսեցինք վաճառել Զվարթնոց օդանավակայանում: Վաճառքի մեկնարկը մեզ ոգևորեց, քանի որ փաստեց մեր արտադրանքի յուրահատուկ և չկրկնվող լինելը:

Ինչպիսի՞ն են «Դարման» բուսական թեյերը:

Ասում են՝ խոտաբույսերի միջոցով արևի էներգիան փոխանցվում է մարդկանց: Ծննդով լինելով Տավուշից՝ որոշեցինք հումքի հիմնական մասի հավաքն իրականացնել Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի տարածաշրջանից, ինչը պայմանավորված է ոչ միայն խոտաբույսերի բարձր համային հատկանիշներով, այլև այն փաստով, որ Տավուշը համարվում է Հայաստանի էկոլոգիապես ամենամաքուր շրջանը, որտեղ բացակայում են գործարանները, և նույնիսկ անտառներն են կուսական՝ մարդու գործունեությունից հեռու: Յուրատեսակ բնական միջավայրը, հայկական արևի, հողի և ջրի նուրբ համն ապահովում է ծովի մակարդակից 1300-2700մ բարձրության վրա աճող խոտաբույսերի բարձր որակը, որոնց համի մասին կարելի է դատել՝ համտեսելով «Դարման» թեյերը։ Կարևոր է նշել, որ մեր թեյերի նուրբ բույրն ու առողջարար հատկություններն ապահովելու համար բացառում ենք կոֆեինը, որն առկա է այլ թեյերի մեջ: 2018-ից անցում ենք կատարել օրգանական արտադրության՝ կազմակերպելով ամբողջական շղթան. հավաք, վերամշակում, համադրում, փաթեթավորում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:

Քանի՞ աշխատակից ունեք ու արդյոք այլ համայնքներից էլ ներգրավվա՞ծ են ընկերության աշխատանքներում:

Ծավալների աճով պայմանավորված 2017-ին կառուցեցինք վերամշակման արտադրամաս, և բացվեց 5  աշխատատեղ։ Ներկայում՝ արդեն ունենք 10-ը,  և ներգրավված են տեղի սահամանամերձ համայնքների բնակիչները: Կարևորելով աշխատանքի կայունությունը՝ արդեն տարիներ ի վեր ունենք հավաք և վերամշակում իրականացնողխումբ: Խմբի անդամները յուրաքանչյուր տարի անցնում են վերապատրաստման դասընթացներ՝ հավաքից մինչև փաթեթավորում: Հավաքի շրջանն ընդգրկում է մայիս ամսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը: Հավաքը կատարում է նույն խումբը՝ օրգանական սերտիֆիկացնող ընկերության կողմից հաստատված տարածքներից: Բացի Տավուշի մարզից ավանդական մշակման համար խմբեր ունենք նաև Լոռու, Գեղարքունիքի, Սյունքի և այլ մարզերում. ընդհանուր սեզոնային աշխատանքներում ընդգրկված անձանց թիվը գերազանցում է հարյուրը:

Որքանո՞վ էր առանցքային ձեր սոցիալական ընկերության զարգացման համար ԵՄ աջակցությունը:

Մեր բիզնեսի զարգացման համար ֆինանսական աջակցությունից ոչ պակաս կարևոր դեր են խաղում մասնագիտական խորհրդատվությունը, թրեյնինգներին մասնակցությունը, ծառայությունների մատուցման և միջազգային ցուցահանդեսների մասնակցելու հնարավորությունը: «ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում նոր թեյերի տեսակների, ինչպես նաև հետագա թողարկվելիք մեղրի և բնական օշարակների  բրենդինգային ծառայությունների աջակցման հնարավորություն ենք ստացել: «ԵՄ-ն բիզնեսի համար․ առևտրի համար պատրաստ» ծրագրի շնորհիվ միջազգային ցուցահանդեսներին մասնակցելը զգալի չափով օգնել է հասկանալ շուկայի պահանջներն ու առաջարկները: Ծրագրի աջակցությամբ իրականացված խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրով ստացել ենք նոր ապրանքատեսակների  դիզայն, արդյունքում մեր տեսականին գրեթե եռապատկվել է, ինչը հնարավորություն է տալիս մեծացնել ծավալները և բրենդն ավելի ճանաչելի դարձնել տարբեր տեսակի թեյասերների համար: Նաև գործարկել ենք Darmantea.com կայքը, որն էլ էականորեն նպաստում է մեր ընկերության ճանաչելիության մեծացմանն ու վաճառքի ծավալների աճին:

Առաջիկայում ի՞նչ նպատակներ եք սահմանել ձեր ընկերության համար:

Ընկերության «Դարման» (Darman) ապրանքանիշով տեսականին արտահանվում է Ֆրանսիա: Ներկայում աշխատանքներ են տարվում եվրոպական այլ երկրներում գործունեություն ծավալող ընկերությունների հետ, որպեսզի ներկայանանք նաև այլ շուկաներում: Հիմնական խնդիրները, որ մեր առջև դրել ենք, ապրանքատեսականու ընդլայնումն է, բրենդի զարգացումը, շուկայի ընդլայնումը և արտադրության կայուն զարգացումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով: ©Եվրոպական միություն, 2022