Skip to main content

“SMART Caffes” ձեռներեցության կենտրոնը զարգացնում է ուսանողների ձեռնարկատիրական հմտությունները Եվրոպական միության աջակցության շնորհիվ

Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր ։

Վերջին երեք տարիներին «Համալսարան-ձեռնարկություններ համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական կարողությունների խրախուսումը Սմարթ սրճարանների միջոցով» (“Fostering University-Enterprise Cooperation and Entrepreneurship of Students Via Smart Caffes”) ծրագրի շնորհիվ համալսարանում բացվել է Սմարթ սրճարան։

Ծրագրի համակարգողը՝ Հունաստանի Հելենիկի միջազգային համալասարանն է (International Hellenic University), Հայաստանում գործընկեր համալսարաններն են` ԵՊԼՀ-ն և Գավառի պետական համալսարանը։ Սմարթ սրճարանի գաղափարն իրագործում է ԵՊԼՀ կարիերայի կենտրոնը, որը համակարգում է երիտասարդների կարիերայի կողմնորոշման ու պլանավորման ծրագրերը։

Կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը նշում է, որ ծրագրի շնորհիվ, իրենց ուսանողը կամ շրջանավարտը կարողանալու է զարգացանել և առաջ տանել իր ձեռնարկատիրական հմտությունները, համալսարան էլ իր հերթին աջակցելու է տարբեր միջոցներով այդ գաղափարների ներկայացմանը և զարգացմանը։

«Համալսարանում ստեղծել ենք Սմարթ ձեռնարկատիրական կենտրոն, ի դեպ շատ հետաքրքիր կոմբինացիա է տեղի ունեցել։ Եվրոպական Միությունից ստացել ենք գումար տեխնիկայի համար, գնվել են համակարգիչներ, ժամանակակից պրոյեկտորներ, տեսախցիկներ։ Մեր շրջանավարտների միավորման կողմից ներդրում է կատարվել` տարածք է հատկացվել ու վերանորոգվել, համալսարանն էլ իր հերթին հաստիք է իջեցրել, որպեսզի կարողանա ապահովել ու պահպանել կենտրոնի զարգացումը, կայունությունը»,- նշում է Լևոն Բաբամյանը։

2021-ին կազմակերպված Սմարթ դպրոցի ընթացքում ուսանողներին, շրջանավարտներին ու երիտասարդներին ներկայացվել են ձեռնարկատիրական հմտությունները, բիզնես սկսելու և գաղափար գեներացնելու, ներդրումներ ներգրավելու հմտությունները։

«Որպեսզի ուսանողների գաղափարները հետագայում ընթացք ստանան, Սմարթ կենտրոնը տրամադրում է մենթորներ, այսինքն տարբեր մեր գործընկերներ իրենք մենթորություն են անում օգնելով երիտասարդներին գեներացնել իրենց գաղափարները, զարգացնել, բյուջե կազմել», – ասում է Կարիերայի կենտրոնի ղեկավարը։

«Այդ ամենը լիարժեք ունենալուց հետո դիմում ենք [ԱՄՆ-ում բնակվող] մեր շրջանավարտների միավորման կողմից հայտարարված սմարթ ստարտափերին, որը մինչև տաս հազար դոլլար ֆինանսական աջակցություն է տրամադրում երիտասարդներին սեփական գործն ու բիզնեսը հիմնելու համար», – ավելացնում է նա։

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Էրամզուս+» ծրագրով Կարիերայի կենտրոնը համակարգում է ևս մեկ ծրագիր, որը կոչվում է «CONNECT», այն հանդիսանում է Smart Caffes ծրագրի շարունակությունը։ CONNECT-ը մեկնարկել է փետրվարին, ծրագրի համակարգողն է Մոլդովայի համալսարանը, Հայաստանից ներառված են ԵՊԼՀ-ն և Վանաձորի պետական համալսարանը։

«Այն օնլայն հարթակում է։ Ունենալու ենք տարբեր դասընթացներ, որոնք կօգնեն երիտասարդներին զարգացնել իրենց հմտությունները»,- հավելում է Լևոն Բաբամյանը։