«Maestro» հավելվածի հեղինակներ Լյուսին և Արուսը ցանկանում են դասական երաժշտական կրթությունը Հայաստանում և աշխարհում դարձնել առավել հասանելի
Մասնագիտությամբ երաժիշտներ Լյուսի Բիչախչյանն ու Արուս Նազարյանը վեց տարի է ինչ համագործակցում են իրար հետ: Այս կանայք վերջերս ստեղծել են «Maestro» հավելվածը՝ համատեղելով երաժշտության և տեխնոլոգիայի հանդեպ ընդհանուր ձգտումը։ Լյուսի Բիչախչյանի խոսքով՝ նմանատիպ գեղեցիկ բիզնեսի շուրջ միայն Արուսի հետ կարող էր համագործակցել։ «Արուսն իսկապես հավելվածի գաղափարակիրն է և հավատում է անվճար, ոչ ավանդական կրթական մեթոդների կիրառմանը։ Քանի, որ բազմիցս միասին հաջողել ենք իրականացնել տարբեր ծրագրեր, այս մեկը շատ բնական տրվեց։ Երկուսս էլ ցանկանում ենք աշխարհում դրական հետք թողնել և երաժշտության միջոցով դա անելը, կարծես թե, մեզ համար ամենաբնական տարբերակն էր»,- նշեց Լյուսին:
Լյուսի և Արուս, կասեք ինչպե՞ս է ծնվել «Maestro» հավելված ստեղծելու գաղափարը:
«Maestro» հավելվածը ստեղծելու հիմքում դրված է դասական երաժշտական կրթությունն ավելի գրավիչ և հաճելի դարձնելու գաղափարը: Երաժշտական կրթության ավանդական մեթոդները երբեմն կարող են չոր և ոչ գրավիչ թվալ։ Այս մեթոդները հուսահատեցնում են երիտասարդներին և նրանք ժամանակի ընթացքում կորցնում են հետաքրքրությունը երաժշտության նկատմամբ։ Այդ պատճառով, «Maestro» հավելվածը մշակելիս, ձգտել ենք ստեղծել խաղ, որի միջոցով մարդիկ հեշտորեն կհաղորդացվեն դասական երաժշտության պատմության և հիմունքների հետ։ Մեր արժեհամակարգը կառուցված է մեկ գաղափարի շուրջ՝ դրականորեն ազդել աշխարհի վրա գրեթե կախվածություն առաջացնող կրթական բովանդակության միջոցով։ «Կախվածություն» բառը շատ մարդկանց մոտ զարմանք է առաջացնում, բայց մենք վստահ ենք, որ այն բիզնեսները, որոնք մարդուն ստեղծագործելու հնարավորություն են տալիս, ավելի քան երբևէ կբարգավաճեն: Այդ պատճառով փորձել ենք ստեղծել հավելված, որն իր բարձրորակ կրթական բովանդակությամբ «կախվածություն» կառաջացնի ինչպես դասական երաժշտություն սիրող, այնպես էլ առհասարակ երաժշտությամբ հետաքրքրված մարդկանց մոտ:
Ինչո՞ւ էր Ձեզ համար կարևոր հենց Հայաստանում ստեղծել նման հավելված: Ձեր կարծիքով դրա պակասը կա՞ր:
Հայաստանում «Maestro» հավելվածի ստեղծումը մեզ համար կարևոր էր, քանի որ մենք ցանկանում ենք նպաստել երկրի նորարարական բիզնեսների և ստեղծագործական ոլորտի զարգացմանը։ Բացի այդ, հայկական տեխնոլոգիական շուկայում պակասում են կին հիմանդիրներ։ Մենք, անշուշտ, պատրաստվում ենք օգտվել մեր հարուստ հայկական երաժշտական ժառանգությունից, ուստի կանենք ամեն ինչ, որպեսզի այն լավագույնս ներկայացնենք մեր բջջային հավելվածում: Մեր առաքելությունը աշխարհի համար հասանելի բարձրորակ անվճար բջջային կրթություն ստեղծելն է։ Մեծ հպարտությամբ ենք անում այդ հենց Հայաստանից։
Ի՞նչ է առաջարկում «Maestro» հավելվածն օգտատերերին, տարիքային ո՞ր խմբի համար է այն նախատեսված և արդյո՞ք տեսա–լսողական խնդիրներ ունեցող մարդիկ կարող են օգտվել հավելվածից:
«Maestro» հավելվածն առաջարկում է մի շարք հնարավորություններ երաժշտական մտահորիզոնն ընդլայնելու համար։ Այդ թվում՝ զրույցներ հայտնի երաժիշտների հետ, ինտերակտիվ խաղեր, երաժշտության տեսության դասեր, լսողության մարզման վարժություններ։ Հավելվածը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են երաժշտություն և ցանկանում են ավելին իմանալ դրա մասին՝ սկսնակներից մինչև փորձառու երաժիշտներ: Այն հասանելի կլինի շուտով նաև տեսողության և լսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար՝ տեքստից խոսքի և փակ ենթագրերի տարբերակներով:
Ինչպիսի՞ բովանդակություն ունի հավելվածը և ո՞րն է նրա յուրահատկությունը:Բովանդակության առումով «Maestro» հավելվածն առաջարկում է երաժշտական կրթության յուրահատուկ մոտեցում՝ օգտագործելով չաթի ֆորմատը խաղային զգացում մթնոլորտ ստեղծելու և ինտերակտիվ դարձնելու համար։ Չաթը տեղի է ունենում օգտատերերի և դասական երաժիշտների միջև։ Դրանց շարքում են մեծանուն Բախը, Բեթհովենը և, իհարկե, հայկական երաժշտության ներկայացուցիչներ՝ Կոմիտասը, Արամ Խաչատրյանը և այլոք։ Կարևոր է հաշվի առնել, որ խաղը սկսում է Բարոկկո դարաշրջանից և շարունակվում մինչ մեր օրեր։ Ընդ որում, բովանդակությունը օրեցօր թարմացվում է։ Հավելվածի բովանդակությունն անգլերեն լեզվով է՝ հաշվի առնելով միջազգային շուկայում գործելու հնարավորությունները, սակայն, նպատակադրված ենք ապահովել նաև հայերեն և այլ լեզուներով բովանդակություն:
Ի՞նչ հնարավորություններ Ձեր թիմին տվեց «Artbox»-ում մասնակցելը:
«Artbox»-ը յուրահատուկ է, քանզի նպաստում է հենց ստեղծարար բիզնեսների զարգացմանը։ Մենք մինչ այս էլի էինք փորձել մասնակցել տարբեր ինկուբատորների, բայց «Artbox»-ն այն էր, ինչ մեզ պետք էր։ Այն ուղղված էր հենց մեր նման բիզնեսների խնդիրների լուծմանը։ «Artbox»-ը մեզ օգնեց ամբողջովին պատկերացնել մեր գաղափարը և դարձնել վերածել այն բիզնեսի այն բիզնես, հասկանալ դրա թերությունները և գտնել հնարավոր լավագույն լուծումները։ Այս ծրագրին մասնակցելը մեր թիմին նաև ընձեռեց նաև արժեքավոր նեթվորքինգի հնարավորություններ և ծանոթություն պոտենցիալ ներդրողների և գործընկերների հետ: Այն նաև օգնեց մեզ կատարելագործել մեր բիզնես պլանը և զարգացնել մարքեթինգային ռազմավարությունը:
Առաջիկայում ի՞նչ պլաններ կան հավելվածի հետ կապված:
Այս տարի պլանավորում ենք թողարկել հավելվածը և հավաքել մեր առաջին հազար օգտատերերին։ Հավաքելն ամենահեշտն է։ Ավելի բարդ է նրանց պահելը։ Հավելվածի ապագա ծրագրերը ներառում են բովանդակության և հնարավորություններիզարգացում, ինչպես նաև՝ օգտատերերի բազայի ընդլայնում այլ երկրներում: Նախատեսվում է նաև շարունակել բարելավել հավելվածի հասանելիությունը և ավելացնել սոցիալական գործառույթներ՝ սովորել ընկերների հետ, կիսվել գիտելիքներով և այլն:
«Maestro»-ն պարզապես բջջային հավելված չէ, այն այլևս կազմակերպություն է։ Այս տարի ցանկանում ենք սկսել մեր հաջորդ ծրագիրը «Women in Harmony», որը երաժշտական կրթություն ապահովող պլատֆորմ է հայ կանանց համար, ովքեր ցանկանում են որոշակի հմտություններ ձեռք բերել երաժշտության բիզնեսի մեջ, այսինքն դառնալ պրոդյուսեր, ռեժիսոր, բեմավար, երգահան և այլն։ Նպատակը հայ կանանց երաժշտական բիզնեսում կարևորագուն դերերում ավելի շատ տեսնելն է։
«Artbox» ծրագիրը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում: