ԵՄ«Թվային արտադրանքի անձնագրերի ռեգիստրը» գործարկվել է

Հուլիսի 20-ին Եվրոպական հանձնաժողովը գործարկեց «Թվային արտադրանքի անձնագրերի ռեգիստրը» (Digital Product Passport Registry)՝ փորձարկման միջավայրի հետ մեկտեղ։ Սա կարևոր քայլ է ԵՄ շուկայում ապրանքներ տեղադրող ընկերությունների համար Թվային արտադրանքի անձնագիրը (DPP) գործնական իրականություն դարձնելու ճանապարհին:
Ստեղծվելով «Կայուն արտադրանքի էկոնախագծման մասին» (EU) 2024/1781 կանոնակարգի համաձայն՝ Թվային արտադրանքի անձնագիրը թվային ինքնության քարտ է ապրանքների, բաղադրիչների և նյութերի համար, որը կպահպանի համապատասխան տեղեկատվություն՝ աջակցելու ապրանքների դիմացկությանը և խթանելու դրանց կրկնակի օգտագործումը: Այն նախագծված է մատակարարման շղթայի թափանցիկությունն ամրապնդելու, սպառողների առավել իրազեկ ընտրությանը նպաստելու և Միասնական շուկայում համապատասխանությունն ապահովելու համար: Մինչ արտադրանքի տվյալները պահվում են ապակենտրոնացված եղանակով, տնտեսվարողները պետք է գրանցեն յուրաքանչյուր Թվային արտադրանքի անձնագիր Ռեգիստրում, որն ապահովում է անհրաժեշտ ապահով ենթակառուցվածք՝ արտադրանքի եզակի նույնացուցիչները և դրանց հետ կապված մետատվյալները գրանցելու համար:
Ռեգիստրը սպասարկելու է «Կայուն արտադրանքի էկոնախագծման մասին» կանոնակարգով նախատեսված ապրանքները, այդ թվում՝ տեքստիլ, պողպատ և ալյումին, դողեր, կահույք, ՏՀՏ (ICT) ապրանքներ և էներգիայի հետ կապված արտադրանք: Այն նաև սպասարկելու է ԵՄ այլ օրենսդրությամբ ընդգրկված ապրանքային խմբերը, որոնք պահանջում են Թվային արտադրանքի անձնագրի գրանցում, ներառյալ՝ որոշակի խոշոր մարտկոցներ, շինարարական ապրանքներ, խաղալիքներ, լվացող միջոցներ և վերջնական սպառման մակերևութային ակտիվ նյութեր:
Թվային արտադրանքի անձնագիրը (DPP) պարտադիր է ԵՄ շուկա Ներմուծվող բոլոր ապրանքների համար, եթե Էկոնախագծման կանոնակարգի ներքո համապատասխան ապրանքին վերաբերող պատվիրակված ակտը պահանջում է դրա առկայությունը: ԵՄ շուկայում այդ ապրանքները տեղադրելու համար պատասխանատու տնտեսվարողը պետք է ապահովի DPP-ի առկայությունը:
Առցանց հարթակները (marketplace) ստիպված կլինեն ապահովել DPP-ների հասանելիությունը, եթե դրանք վաճառում են իրենց ապրանքները ԵՄ-ում: Շուկայի վերահսկողության մարմինները կմշտադիտարկեն առցանց հարթակները՝ առցանց վաճառվող ոչ համապատասխան ապրանքները հայտնաբերելու համար: DPP-ի պահանջները չկատարելը կարող է հանգեցնել տուգանքների կամ ոչ համապատասխան ապրանքների հեռացմանը ԵՄ շուկայից:
Ընթացիկ փորձարկման փուլը կօգնի ապահովել սահուն մեկնարկը՝ նախքան 2027 թ-ի փետրվարի 18-ին որոշակի տեսակի խոշոր մարտկոցների համար նախատեսված իրականացման առաջին վերջնաժամկետը:
Տնտեսվարողներն այժմ կարող են մուտք գործել փորձարկման միջավայր, տեխնիկական փաստաթղթեր, իրականացման ուղեցույցներ, վեբինարներ և թարմացված տեղեկատվություն DPP-ի նոր վեբկայքի միջոցով: Գործում է նաև հատուկ աջակցման ծառայություն՝ գրանցման ողջ ընթացքում ընկերություններին աջակցելու համար:
Իմանալ ավելին
Թվային արտադրանքի անձնագրերի ռեգիստրը
EU’s Digital Product Passport Registry goes live նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։



