Skip to main content

Եվրոպական միությունը Հայաստանին է տրամադրում ականազերծման երկրորդ մեքենան և աջակցում ականազերծողների մասնագիտական վերապատրաստմանը

20/11/2026

Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությանը պաշտոնապես տրամադրել է ականազերծման երկրորդ սարքավորումը՝ MV-4 մոդելի ժամանակակից հեռակառավարվող մեքենան: Միաժամանակ ավարտվել է այն շահագործող ականազերծողների մասնագիտական վերապատրաստումը, որն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ։

2026 թվականի նոյեմբերի 13-ին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը Հայաստանի MV4 մոդելի ականազերծման մեքենան փոխանցել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին (ՀԱՓԿ)՝ ի դեմս տնօրեն Էդուարդ Պետրոսյանի: Այս փոխանցումը հաջորդում է սույն թվականի հուլիսին ականազերծման առաջին՝ ավելի մեծ MV10 մոդելի մեքենայի նվիրաբերմանը և գործնական քայլ է Հայաստանի մարդասիրական ականազերծման կարողությունների զգալի հզորացմանն ուղղված՝ Եվրոպական միության հանձնառության իրականացման ճանապարհին։

«Սա Հայաստանի նկատմամբ Եվրոպական միության համերաշխության դրսևորում է, որը վերահաստատում է տուժած բնակչության անվտանգության ապահովման, ինչպես նաև խաղաղության և կարգավորման գործընթացին աջակցելու ԵՄ հանձնառությունը», – նշել է դեսպան Մարագոսը նոյեմբերի 13-ին կայացած փոխանցման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում:

Այսօր դեսպան Մարագոսը ներկա է գտնվել նոր ականազերծման մեքենաների շահագործման նպատակով ԵՄ ֆինանսավորմամբ կազմակերպված վերապատրաստումը հաջողությամբ ավարտած ականազերծողներին նվիրված արարողությանը, որի ընթացքում հնարավորություն է ունեցել անձամբ հանդիպելու այն մասնագետներին, որոնք մեծ նվիրումով աշխատում են տեղական համայնքներում վտանգավոր, չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման ուղղությամբ։

Նոր MV4 մոդելի մեքենան զգալիորեն բարձրացնում է ականազերծման աշխատանքների անվտանգությունը։ Այն նախագծված է հզոր պայթյուններին դիմակայելու համար և շահագործվում է բացառապես հեռակառավարման միջոցով։ Եվրոպական միության անդամ Խորվաթիայում արտադրված այս նոր սերնդի ականազերծման մեքենան հնարավորություն է տալիս մասնագետներին հայտնաբերել և վնասազերծել մահացու վտանգ ներկայացնող պայթուցիկ սարքերը՝ գտնվելով անվտանգ հեռավորության վրա։

Անդրադառնալով նոր սարքավորումներին և վերապատրաստմանը՝ ՀԱՓԿ կենտրոնի տնօրեն Էդուարդ Պետրոսյանը նշել է. «Մեր ականազերծման մասնագետներն իրականացնում են ամենավտանգավոր աշխատանքներից մեկը։ Այս մեքենաների և արդեն ավարտված վերապատրաստման շնորհիվ նրանք կարող են ավելի անվտանգ և արդյունավետ կերպով մաքրել ականապատ վտանգավոր տարածքները։ Մենք երախտապարտ ենք Եվրոպական միությանը ցուցաբերած աջակցության համար»։

Նոր մեքենայի տրամադրումն ուղեկցվում է մասնագիտական վերապատրաստմամբ և ընթացիկ գործառնական ծախսերի ժամանակավոր ֆինանսավորմամբ՝ սարքավորումների կայուն և արդյունավետ շահագործումն ապահովելու նպատակով։ Բացի այդ, 2027 թվականի գարնանը ԵՄ-ն Հայաստանի ականազերծման մասնագետներին կտրամադրի նաև երկու շտապօգնության մեքենա՝ ականազերծման աշխատանքների անվտանգության ապահովման միջազգային լավագույն փորձին համապատասխան։

Մեքենաների տրամադրումն ու մասնագիտական վերապատրաստումը ԵՄ աջակցության ավելի լայն փաթեթի կարևոր բաղադրիչներն են, որի նպատակն է նպաստել խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև ամրապնդել տարածաշրջանի երկարաժամկետ դիմակայունությունը։

Ականազերծման աշխատանքները կարող են էականորեն բարելավել տեղական համայնքների բնակիչների առօրյա կյանքը։ Անվտանգության անմիջական ապահովումից զատ, ականազերծման մեքենաների կիրառումը կարևոր նշանակություն ունի սահմանամերձ շրջանների սոցիալ-տնտեսական վերականգնման համար։ Դրանք հնարավորություն կտան ֆերմերներին անվտանգ և անխոչընդոտ մուտք գործել իրենց գյուղատնտեսական հողատարածքներ, մշակել դրանք և վերականգնել իրենց կենսապահովման միջոցները։

Ականազերծման աշխատանքները կարևոր նախապայման են նաև տարածաշրջանային կայունության ամրապնդման, սահմանազատման գործընթացի առաջմղման, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում ապագա ենթակառուցվածքային և հաղորդակցային ծրագրերի անվտանգ իրականացման համար։

Եվրոպական միությունը կշարունակի իր աջակցությունը Հայաստանում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։

Կոնտակտային տվյալներ

Լրատվամիջոցների հարցումների համար Անահիտ Ազատյան Մամուլի և տեղեկատվության պատասխանատու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Anahit.AZATYAN@eeas.europa.eu(374 10) 54 64 94 (ներքին՝ 803)

Նոյեմբերի 13-ին մեքենայի հանձնման և այսօր կայացած արարողության լուսանկարները տրամադրվում են ըստ հարցման։