Միասնության տասնամյակ․ Եվրոպական երիտասարդ դեսպանները հավաքվել են Բրյուսելում՝ նշելու նախաձեռնության 10-ամյակը

Այսօր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած «ԵԵԴ 10-ամյակը» համաժողովը, որը Եվրոպական երիտասարդ դեսպաններ նախաձեռնության տասնամյակին նվիրված գլխավոր միջոցառումն է, մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 100 ԵԵԴ-ի՝ Արևելյան հարևանության երկրներից, ԵՄ անդամ պետություններից և Արևմտյան Բալկաններից, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ներկայացուցիչներին և բովանդակություն ստեղծողների՝ Հայաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից, Վրաստանից և Ուկրաինայից։
2026 թ-ի գարնանից EUNEIGHBOURS east ծրագիրն իրականացնում է բազմաալիք՝ 360° ձևաչափի YEA10 արշավը Արևելյան գործընկերության երկրներում և ԵՄ անդամ պետություններում։ Հոբելյանական միջոցառումների շարքն ամփոփվում է նոյեմբերի 13-16-ը Բրյուսելում անցկացվող գլխավոր տոնակատարությամբ, որը համընկնում է նոյեմբերի 15-ին և 16-ին Բրյուսելում կայացող ԵՄ ընդլայնման համաժողովի հետ։
Բրյուսելյան միջոցառումը նշանավորում է նախաձեռնության մեկ տասնամյակի ազդեցությունը, ներկայացնում դրա շրջանակում ձևավորված կայուն կապերը և ընդգծում այն հնարավորությունները, որոնք ԵՄ-ն շարունակում է ստեղծել տարածաշրջանների երիտասարդների համար։
Բացելով «ԵԵԴ 10-ամյակը» համաժողովը՝ Եվրոպական հանձնաժողովում բաժնի ղեկավար Նատալի Պաուելսը նշել է. «Դուք պարզապես հաղորդակցության մասնագետներ չեք։ Դուք ապացուցեցիք, որ երիտասարդները՝ Թբիլիսիից մինչև Թուրին, Կիևից մինչև Կրակով, Սկոպյեից մինչև Սարաևո, կիսում են նույն հույսերը և կարող են գործել որպես մեկ միասնական համայնք»։

Համաժողովի ընթացքում քննարկվել է ԵԵԴ ցանցի դերը ԵՄ անդամ պետությունների և գործընկեր երկրների միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև ԵՄ անդամ երկրներում ընդլայնման վերաբերյալ քննարկումների խթանման գործում։
«ԵԵԴ-ին միանալուց հետո ես իսկապես հասկացա, թե ինչ է նշանակում «Միասին ավելի ուժեղ ենք» կարգախոսը։ YEA10-ը հիանալի հնարավորություն է նշելու նախաձեռնության գրանցած ողջ ազդեցությունը և ԵՄ-ին Մոլդովայի ինտեգրման գործընթացում արձանագրված առաջընթացը», — նշել է մոլդովացի ԵԵԴ Նիկոլաե Չեռնոմազը։
Եվրոպական երիտասարդ դեսպանները մշակել են նաև առաջարկություններ՝ ԵԵԴ նախաձեռնության ապագայի, ԵՄ-ում ընդլայնման գործընթացի լուսաբանման գործում ԵԵԴ-ների դերի, ինչպես նաև Ընդլայման և հարևանության տարածաշրջաններում ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ։

Տոնակատարություններին Բրյուսելում միացել են նաև մեդիահեղինակներ Զուրաբ Բալանչիվաձեն՝ Վրաստանից, Կատերինա Սոլյարը՝ Ուկրաինայից, Ժալա Ալաքբարովան՝ Ադրբեջանից, Եվա Ղարիբյանը՝ Հայաստանից, և Ալեքսանդրու Գետանը՝ Մոլդովայից։
Եվրոպական երիտասարդ դեսպանների (ԵԵԴ) նախաձեռնությունը համախմբում է հասարակական ակտիվ երիտասարդների Արևելյան գործընկերության վեց երկրներից, Եվրոպական միությունից և Միացյալ Թագավորությունից՝ խթանելու երկխոսությունը և բարձրացնելու իրազեկվածությունը ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների հետ նրա համագործակցության վերաբերյալ։ Հիմնադրվելով 2016 թվականի հունիսին՝ EU NEIGHBOURS east ծրագրի շրջանակում, նախաձեռնությունն առ այսօր ներգրավել է ավելի քան 2500 երիտասարդի՝ ավելի քան 30 տարբեր երկրներից։
Decade of togetherness: Young European Ambassadors gather in Brussels to celebrate tenth anniversary նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։




